ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ ԱՄՆ-ԻՑ` ԱՐՑԱԽԻՆ

1

1998 թվականից սկսած ԱՄՆ-ը հատկացնում է մարդասիրական օգնություն Արցախին` հիմնականում առողջապահական ծրագրերի, անվտանգության (ականազերծում), գյուղատնտեսության և ենթակառուցվածքների զարգացման, խմելու ջրի ապահովման համար և այլն: Մինչ 2011 թվականը Արցախում իրագործվող ծրագրերի համար ԱՄՆ-ը տրամադրել է 35 միլիոն դոլար: Գումարը հատկացվել է ոչ թե հենց Արցախի կառավարությանը, այլ՝ կոնկրետ ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններին:

Առաջիկայում ԱՄՆ-ի Սենատը և Ներկայացուցիչների պալատը քննարկելու են «2019 թվականի Ֆինանսական տարվա» արտագնա օգնության բաժնում՝ Արցախում «մարդասիրական ծրագրերի» իրագործման համար հատկացվելիք գումարի հարցը: Սպասվում է  որ գումարի չափը կարող է կազմել մինչև 10 միլիոն դոլար, որից 6-ը՝ ականազերծման և վերականգնողական ծրագրերին, 4-ը՝ խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերի համար: Մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված, Ստեփանակերտում գործող «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի» նման այլ կենտրոնների, ինչպես նաև՝ 90-ականների պատերազմից բնակավայրերի մոտ գտնվող տարածքների, արոտավայրերի ականազերծմամբ զբաղվող «HALO Trust» և այլ կազմակերպությունների մասին է խոսքը:

2

ԱՄՆի կողմից օժանդակության և Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացման շուրջ «Ճամփորդը» զրուցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանի հետ:

 «Արցախի համար շատ կարևոր է այս օժանդակությունը: Որպես մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ՝ կարող եմ ասել, որ Արցախի համար այս փուլում առավել ևս շատ կարևոր է, որպեսզի մարդասիրական ծրագրեր իրագործվեն, որոնք ռեալ խաղաղասիրական նշանակություն ունեն: Խաղաղասիրությունը ենթադրում է նաև համապատասխան ենթակառուցվածքների, կարողությունների պատրաստում՝ բուն հակամարտության տարածքում, իսկ Արցախն հակամարտության առաջնային թիրախն է: Այդ պատճառով ԱՄՆ-ն և այլ պետությունները պետք է մեծ ուշադրություն դարձնեն Արցախում մարդասիրական ծրագրեր իրագործելու վրա, քանի որ անկախ մեր կարգավիճակից՝  այստեղ ևս ապրում են արժանապատիվ ու խաղաղ կյանքով ապրելու իրավունք ունեցող մարդիկ, ինչպես և աշխարհի ցանկացած անկյունում»,- նշեց Արտակ Բեգլարյանը:

Ավելացնենք, որ վերը նշված է նախնական գումարը, որն առաջարկվել է «Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի» («Հայ դատի» հանձնախմբի) կողմից: Այս պահին դժվար է ասել, թե որքան կկազմի վերջնական օժանդակությունը:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register