ՄԱՔՐԵՆՔ  ՔԱՂԱՔԻ ԴԵՄՔԸ  ԴԵՄՔԵՐԻՑ…

9

Քաղաքապետի թեկնածուներն ակտիվ խոսում են մայրաքաղաքն ավելի մաքուր դարձնելու մասին, ասում են՝ մաքուր քաղաքի օրինակ պիտի ծառայենք: Բայց  արի ու տես, որ մաքրությունը հենց իրենցից պիտի սկսի՝ բառի ամենաուղիղ իմաստով: Խոսքը ամբողջ քաղաքով ու քաղաքից դուրս փակցված  պաստառների մասին է՝ որոշներն արդեն պոկված, ճմրթված ու կիսատ: Սրանք թողել են նրանց «նախորդները»՝ ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ:

Քաղաքապետի թեկնածուների թիմակիցներն էլ հեշտ տարբերակ են գտել, հին պաստառներից ոչ թե ազատվում են, այլ վրայից փակցնում նոր  թեկնածուի «ղալամով քաշված պատկերը»: Ակամա հարց է ծագում. եթե փակցրած պաստառի շրջակայքն այդքան փնթի է, պոկված-պլոկված, եթե քաղաքի«նոր տերերը» չեն ցանկանում անգամ վերացնել հասարակ պաստառներից մնացած պատառիկները, արդյոք լավագույն թեկնածունե՞րն են քաղաքի համար: Թվում է՝ տարրական հարց է, բայց արի ու տես, որ շատ բան է բացահայտում: Ի՞նչ սպասել մարդկանցից, որոնք չեն ցանկանում անգամ արդեն խունացած «նախորդներին» մաքրել ու հետո նոր զարդարել շրջակայքն իրենց ժպտադեմ, հպարտ ու ինքնավստահ հայացքներով:

Փոփոխությունները սկսվում են հասարակ մանրուքներից: Եվ եթե աշխատում ենք թերություն կոծկելու մեխանիզմով,  ինչպե՞ս կարող ենք ունենալ ավելի բարեկարգ, ելակետ ունեցող կամ ծիրանագույն Երևան՝ որ թեկնածուն էլ տա այս խոստումները:

Բնական է, որ գարնանը քաղաքականացված քաղաք ունեցանք, սա անխուսափելի էր: Բողբոջած ծառերից, զբոսնող զույգերից ավելի հաճախ մեզ հանդիպում են թեկնածուների լոզունգները՝ ի ուրախություն, թե ի տխրություն՝ ձեր որոշելիքն է: Բայց գուցե չթողնե՞նք, որ խոստումները վերածվեն աղբի՝ էլի բառի ուղիղ իմաստով, չէ՞ որ դա էլ է արժեզրկում այդ խոստումները և քաղաքի նկատմամբ սերը:

Չպետք է մոռանալ, որ քաղաքը միայն փոքր ու մեծ կենտրոններինը չէ, այն թերի կլիներ առանց ծայրամասերի: Մաքրելով, օրինակ, Բաղրամյան փողոցը պաստառներից՝ հարցը չենք լուծում: Երևի բոլոր հարցերում ենք այսպես, դրա համար էլ հաջողության չենք հասնում: Խնդիրներն իրավիճակային ենք դիտարկում ու հաճախ մակերեսային՝ վերացնելով միայն ավելի տեսանելի հատվածը: Բայց եթե խնդիրը չի երևում, չի նշանակում, որ այն վերացել է:

Նույնն էլ պաստառներին է վերաբերում: Սիրելի  քաղաքական գործիչներ, ձեր՝ նախորդ ընտրություններից մնացած  դեմքերը դեռ փակցված են քաղաքի տարբեր հատվածներում, գուցե արժե նախ վերացնել հնի մնացորդները, քաղաքապետի թեկնածուին ընտրելուց հետո էլ պոկել այժմյա՞ն պաստառները: Ոչ միայն քաղաքի երևացող, այլև «անհայտ» հատվածներում»:

«Երևան, ես քեզ սիրում եմ»-ը կարելի է տարբեր ձևով արտաբերել: Դրանցից լսելին՝ քաղաքը մաքուր պահելու կոչերից գործի անցնելն է: Խնդրում ենք, ընտրեք սիրո խոստովանություն անելու նաև այս տարբերակը:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register