«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ» ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՄԲՈՂՋԱՑԱՎ

heno

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ավագ Ռոյ Քինը, քննադատելով իր նախկին թիմի ելույթներն ընթացիկ մրցաշրջանում, նկատել է. « Հաշվի առնելով թիմի կազմն ու ներդրած գումարները, խայտառակություն է, երբ «Յունայթեդը» «Չելսիից» 24 միավորով հետ է մնում»: Ակներև է, որ «Յունայթեդում», վերջին 30 տարում, ինչու չէ, նաև ակումբի ողջ պատմության ընթացքում ամենակարևոր մարդու՝ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո, հետընթաց է գրանցվել: Այս ընթացքում ակումբը չի կարողացել բարձրանալ 4-րդ հորիզոնականից վեր: 2013-14 թթ.՝ 7-րդ, 2014-15թթ. մրցաշրջանում՝ 4-րդ, 2015-16 թթ. մրցաշրջանում՝ 5-րդ հորիզոնական: Մինչդեռ Ֆերգյուսոնի օրոք «Յունայթեդը» 7 անգամ չեմպիոն է հռչակվել և երբեք երրորդ հորիզոնականից ներքև չի հայտնվել: «Յունայթեդի» պատմության ընթացքում այս մրցաշրջանը ամենատարօրինակներից էր: Թեև թիմը Անգլիայի առաջնությունում ցանկալի արդյունքի չհասավ, սակայն երկու կարևոր մրցանակ նվաճեց (փետրվարին «Յունայթեդը» նվաճել էր Անգլիայի լիգայի գավաթը):

Նախորդ տարի «Յունայթեդը» մեծ ձեռքբերումների գնաց: Նախ տրանսֆերային շուկայում չլսված աժիոտաժ առաջացրեց  Պոլ Պոգբայի 105 միլիոն եվրոյանոց  պայմանագիրը, դրանից բացի «ՊՍԺ»-ից լիովին անվճար, իր ազատ կամքով Մանչեսթեր տեղափոխվեց շվեդ հսկան՝ Զլատան Իբրահիմովիչը, «Վիլյառեալից» 30 միլիոն ֆունտով ձեռք բերվեց 23-ամյա կենտրոնական պաշտպան Էրիկ Բային: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես դարձավ Ժոզե Մոուրինյոյի թիմի անդամ, իսկ հայ ֆուտբոլասերների մեծ մասն էլ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու:

Եվրոպա լիգայի եզրափակիչում մայիսի 24-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Ստոկհոլմում հաղթեց Ամստերդամի «Այաքսին»: Օգտվելով իրեն ընձեռված ազատ տարածությունից 18-րդ րոպեին առաջին գոլը խփեց Պոլ Պոգբան, իսկ 48-րդ րոպեին՝ արագ կողմնորոշվելով տուգանային հրապարակում, Հենրիխ Մխիթարյանը գնդակն ուղարկեց Անդրե Օնանայի պաշտպանած դարպասը: Մխիթարյանի թիմի համար այս տիտղոսն անչափ կարևոր էր, քանի որ ապահովում էր այդքան պահանջված և եկամտաբեր Չեմպիոնների լիգային մասնակցության ուղեգիր: Ստոկհոլմում կայացած եզրափակիչում «Յունայթեդը» առաջին հերթին փորձի շնորհիվ առավելության հասավ անչափ երիտասարդ, նույնիսկ պատանեկան կազմ ունեցող «Այաքսի» նկատմամբ, որը 1996 թվականից ի վեր չէր մասնակցել եվրագավաթների եզրափակիչների: Այսպիսով «Յունայթեդը» տիրանալով  Եվրոպա լիգայի գավաթին,  նվաճեց ակումբային մակարդակում բոլոր հնարավոր տիտղոսները: Մոուրինյոն հերթական անգամ հաստատեց «եզրափակիչների մասնագետի» իր համբավը: Նրա ղեկավարած թիմերը 14 անգամ դուրս են եկել տարբեր մրցաշարերի եզրափակիչներ և 12 անգամ հաղթող ճանաչվել դրանցում: Եվրոպա լիգայում «Յունայթեդը» հաջողության հասավ թիմի  երկրորդ դարպասապահ Սերխիո Ռոմերոյի վստահ խաղի շնորհիվ: Արգենտինացին 12 խաղից 8-ում գոլ բաց չի թողել: Եզրափակիչում հրաշալի խաղ ցուցադրեցին նաև Քրիս Սմոլինգը, Անդեր Էրերեան և Մարուան Ֆելաինին: Գրավելով «Այաքսի» դարպասը` Մխիթարյանը դարձավ Եվրոպա լիգայի իր թիմի լավագույն ռմբարկուն(6 գոլ):

Ամռանը ֆուտբոլասերներին սպասվում է ևս  մեկ դիտարժան հանդիպում: Խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հայտնված «Ռեալ» – «Յուվենտուս» զույգի հաղթողի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև անցկացվելիք  Եվրոպայի սուպերգավաթին:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register