ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ

  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ
  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ
  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ
  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ
  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ
  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ
  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ
  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ
  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ
  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ
  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ
  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ
  • ՄԱՀՎԱՆԸ ԹԵւԱՆՑՈՒԿ

(Ուշագրավ զրույց՝ ԼՂՀ-ում աշխատող ավստալացի ականազերծողների հետ)

 «Ճամփորդի» թիմը Արցախի արտաքին գործերի նախարարությունում տեղեկացավ ԼՂՀ տարածքում աշխատող ավստրալացի ականզերծողների մասին: Ճշտելով որ ականազերծողների «ՀԱԼՈ»  կոչվող խումբն աշխատում է Արցախի ոչ սահմանային տարածքներում, առանց վայրկյան իսկ հապաղելու ճամփա ընկանք Մարտակերտի ուղղությամբ: Ինչպես և պայմանավորվել էինք, հասնելուն պես  մեծ խաչմերուկին տեսնում ենք բարձրահասակ, հոլիվուդյան մարտաֆիլմի հերոսի տեսքով տղամարդուն՝ Էշլի Բոդիին, հենց նա էլ մեզ ուղեկցում է իր թիմի աշխատավայր: Բլրակից  նայելիս՝ Մարտակերտն ափի մեջ է տեղավորվում: Առաջինն ում մենք հանդիպում ենք, Էշլիի օգնականներից՝ ստեփանակերտցի Արսենն է: Հենց ականադաշտի քարտեզի մոտ էլ նա մեզ բացատրում է անվտանգության կանոնները, որոնց ինչպես աշխատողները, այնպես էլ հյուրերը պետք է խստագույնս հետևեն: Չնայած Արսենի մանրակրկիտ բացատրությանը, Էշլին մեկ անգամ ևս բացատրում է կանոնները՝ չմոռանալով հավելել ու հատուկ շեշտել, որ պաշտպանիչ սաղավարտը չնչին իսկ բարձրացնելու դեպքում կարող ենք հայտնվել իր «կատաղության կիզակետում»: Նրա թիմը,որն օրվա ընթացքում աշխատում  է 6 ժամ,այսպես կոչված ուսանողական գրաֆիկով ( 50 րոպե գործ, 10 րոպե՝ հանգիստ և ընդմիջում), խստորեն հետևում է սահմանված կանոններին: Հագնում ենք կապույտ զրահաբաճկոններն ու թափանցիկ սաղավարտները: Հազիվ ենք կարողանում շնչել: Տարբեր գույնի փայտերի օգնությամբ կարողանում ենք տարբերակել անվտանգ և վտանգավոր տարածքները ու տիեզերագնացին բնորոշ  ծանրությամբ ուղևորվում ականադաշտ: Հետևելով սակրավորներից մեկի աշխատանքին, Արիանան զուգահեռաբար ավստրալացիներին բնորոշ, դասականից  փոքր-ինչ տարբերվող անգլերենով զրուցում է իր հայրենակցի հետ: Պարզվում է «ՀԱԼՈ»-ն աշխատում է  աշխարհի բոլոր անկյուններում: Պատկերավոր ասած՝ ավստրալացի սակրավորները պատերազմ են հայտարարել աշխարհում դարանակալած բոլոր ականներին: Պայթեցնում  ու վնասազերծում են իրենց կողմից հայտնաբերված ցանկացած ական: Սովորաբար «ռազմի դաշտում» աշխատում են մի քանի արտերկրացիներ,տեղաբնակներն ավելի շատ են: Ուշագրավ մի փաստ: Կան երկրներ, որտեղ «ՀԱԼՈ»-ն ամենախոշոր գործատուն է: Արդեն մոտ մեկ տասնամյակ է, ինչ այն  համարվում է Արցախում գործող ամենախոշոր ՀԿ-ն: Ներկա պահին կազմակերպությունն ականների դեմ պայքար է մղում աշխարհի շուրջ 17  երկրում: Մինչ Արցախյան դաշտերում քողարկված ականներին հայտնաբերելը  Էշլին աշխատել է Կամբոջայում, Լաոսում, Սուդանում, Աֆղանստանում և բազմաթիվ այլ երկրներում: «Հաղթահարված» Մոզամբիկից  Էշլին նոր է վերադարձել: «Հաղթահարված», քանի որ այնտեղ՝  ի նշանավորումն երկրի լիովին  ականազերծված լինելու, պետական մակարդակով  տոնական միջոցառում է կազմակերպվել:

–  Ինչպե՞ս եք հայտնաբերում ականազերծման անհրաժեշտություն ունեցող տարածքը, –հետաքրքրվում ենք:

  – Ականապատ դաշտում մեր գործունեության համար անհրաժեշտ անվտանգ տարածքը,որպես կանոն, խիստ սահմանափակ է լինում: Առաջին գործողությամբ մենք առանձնացնում ենք անվտանգ տարածքը ենթադրյալ ականապատ տարածքից: Ենթադրյալ ականապատ տարածքները մետաղական ազդանշաններ են պարունակում, քանի որ մետաղի յուրաքանչյուր մասնիկ ունի միայն իրեն բնորոշ «մետաղական մատնահետքը»:

–  Մետաղի կամ զենքերի հայտնաբերման  համար  շներ  կամ մետաղորսիչներ օգտագործու՞մ եք:

– Մենք գերմանական սարքավորում ենք կիրառում, սակայն հումանիտար ոլորտում ամենից շատ օգտագործվող դետեկտորները ավստրալական են: Դրանք օգտագործվում են տարածքի քարտեզագրման համար: Մետաղական պարունակությամբ չափազանց գերխիտ տարածքներում անարդյունավետ լինելու պատճառով դետեկտորները չեն օգտագործվում: Նման դեպքերում ամբողջ տարածքը մի քանի մետր փորվում է:

–  Օրական  որքա՞ն տարածք եք ականազերծում:

 – Մետաղորսիչով աշխատող միայնակ ականազերծողը, ողջամիտ պայմաններում, օրական կարող է մաքրել  20-30 քառակուսի մետր տարածք: Ականազերծման այլ միջոցների օգտագործման դեպքում (լաբորատոր դետեկտորներ) հնարավոր է օրական 400 քառակուսի մետրից ավելի տարածք ականազերծել:

– Այլ երկրների  համեմատ  ԼՂՀ-ում աշխատելը վտանգավո՞ր  է:

– Լեռնային Ղարաբաղն ականապատ երկիր է: Ցավոք սրտի այստեղ մեկ շնչի հաշվով ականին զոհ գնացած մարդկանց ցուցանիշը աշխարհում ամենաբարձրերից  է: 2014թ.-ին,օրինակ, աշխարհում ականների հետ կապված պատահարների ամենաբարձր ցուցանիշը  ԼՂՀ-ում էր, ինչն ինքնին  խոսուն վկայություն է: Սակայն ականազերծմանը զուգահեռ՝ պատահարների ցուցանիշը նկատելիորեն նվազում է: Այստեղ աշխատելն այնքան էլ վտանգավոր չէ , քանի որ «ՀԱԼՈ»-ն մշտապես պահպանում է անվտանգության կանոններն ու ընթացակարգերը, սակայն  տեղանքը վտանգաշատ է տեղի բնակչության համար: ԼՂՀ-ում մարդիկ շատ բարյացկամ են, նրանք  օգնում են «ՀԱԼՈ»-ին գտնել և ականազերծել առաջնային նշանակության տարածքները: «Հողի ճնշումը», սակայն, երբեմն  առողջ բանականությունից եւ ականների հանդեպ ունեցած մահաբեր վախից ավելի զորեղ է գտնվում, ինչը պայմանավորված է ընտանիքի ապրուստը հոգալու անհրաժեշտությամբ:  «ՀԱԼՈ»-ն գործում է  նաև ԼՂՀ այլ հատվածներում, ինչպես օրինակ՝ Լաչինում, Մարտունիում, Ֆիզուլիում, Հադրութում և այստեղ՝ Մարտակերտում: Իսկ ահա Հայաստանում «ՀԱԼՈ»-ն տարածքների ականազերծմամբ  զբաղվող որևէ թիմ չունի: Չնայած դրան, մենք աշխատել ենք հայկական խաղաղապահ գումարտակի հետ: Հիմա արդեն  իրենք պետք է զարգացնեն  ականազերծման գործում ձեռք բերված գիտելիքները: Ականազերծման տեխնոլոգիան իրականում իրենից մեծ բարդություն չի ներկայացնում: Մետաղի ազդանշանից հետո օգտագործվում են պարզագույն հողագործական գործիքներ՝ ենթադրյալ ականի տարածքի շուրջը փորելու համար: Միայնակ ականազերծողն էլ այդ ամենը կարող է անել: Մետաղի յուրաքանչյուր ազդանշան ընդունվում է որպես ենթադրյալ ականի ազդանշան:

– Ի՞նչ սկզբունքով են ընտրվում տարածքները, որտեղ պետք է ականներ  փնտրել։

– Հակահետևակային ականները,որպես կանոն տեղադրվում են ռազմական պաշտպանական դիրքերում։ Հակառակորդի կողմից կարող են ականապատվել նաև գյուղամերձ տարածքները, ջրի մուտքին կամ գյուղի գլխավոր ենթակառուցվածքներին կապող տարածքները, խոշոր բնակելի տարածքների մոտակայքը, որտեղ բարձր է մեծաթիվ զոհերի հավանականությունը: Ականապատման ռիսկը մեծ է նաև այն տարածքներոում, որտեղ արահետները շատ են օգտագործվում որսորդների կամ ֆերմերների կողմից:

 – Ինչպե՞ս են ականները տեղադրվում։

– Ականները սովորաբար տեղադրվում են ելնելով որոշակի նպատակից՝  ինչ-որ բան պաշտպանելու, ոտքի ճանապարհը խոչընդոտելու, ինչ-որ բան արգելափակելու համար: Յուրաքանչյուր ականի տեղադրման վայրն  ընտրվում է որոշակի տրամաբանությամբ, բծախնդրորեն, հողի մեջ տեղադրվելուց հետո դրանք քողարկվում են նաև վերևից ։

 – Ինչպե՞ս են ականներն աշխատում:

– Լավ հարց է: Դա կապված է նաև նրանից, թե ինչպես կարող ենք հանել ականը: Ականի վրա  20 կգ-ից ավելի քաշով ճնշում գործադրելու դեպքում այն պայթում է: Այսպիսով, ազդանշանը ստանալուց հետո, պարզելու համար արդյոք դա մետաղի կտոր է, թե ական, ականազերծողը հասարակ հողագործական գործիքներով ազդանշան ստացված վայրի մոտ փորում է 10-15սմ խորությամբ: Դրանից հետո պետք է փորվի դեպի ներքև՝ ականի ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի  աշխատել կողքից և ներքևից դեպի վեր՝ ականը առանձնացնելու համար: Քանի դեռ ականի վերևի հատվածի վրա ուղիղ ճնշում չի  գործադրվում, այն անվնաս է և չի պայթի:

– Իսկ ինչպե՞ս են ականները վնասազերծվում  հայտնաբերվելուց հետո:

 – Ցանկացած գտնված ական մենք պայթեցնում ենք: Մենք հրավիրվել ենք ԼՂՀ՝ հայտնաբերված ականները վնասազերծելու նպատակով:

 – Ո՞րն է «ՀԱԼՈ»-ի հիմնադրման նպատակը:

  – «ՀԱԼՈ»-ի ծնունդը պայմանավորված է  հետկոնֆլիկտային և վտանգավոր միջավայր ներթափանցելու անհրաժեշտությամբ: Դա այն ասպարեզն է որտեղ բոլորը չէ որ կարող են ներկայություն ունենալ: «Ականազերծում»  տերմինն առաջին անգամ կիրառվել է «ՀԱԼՈ»-ի կողմից: «ՀԱԼՈ»-ն Ղարաբաղում գործող միակ ականազերծող կազմակերպությունն է և միշտ միակն է եղել (բացառությամբ ռազմական և փրկարարական ծառայությունների հետ համատեղ աշխատանքի): Մեր կազմակերպությունը համագործակցում է տեղական իշխանությունների հետ, սակայն «ՀԱԼՈ»-ն միակ կազմակերպությունն է, որն ականազերծում է իրականացնում:

 – Մինչ աշխատանքի անցնելը  որքա՞ն է տևում  տեղաբնակների նախապատրաստման շրջանը:

– Ամբողջ անձնակազմը 3-4 շաբաթ տևողությամբ նախապատրաստական շրջան է անցնում, նրանք այդ ժամանակահատվածում սովորում են օգտագործել տարբեր մետաղորսիչներ, սանիտարություն և առաջին  բուժօգնություն: Ականազերծման մեջ ոչ մի հմայիչ բան չկա, այն ձեռքի բարդ աշխատանք է: Հոգնեցուցիչ է, քանի որ յուրաքանչյուր մետաղի կտորի պետք է վերաբերել, ինչպես իրական ականի: Ամեն ինչ ավելի է բարդանում, երբ աշխատողները փորձում են  իրենց աշխատանքն անթերի չանել: Երբ նրանք ականի փոխարեն մետաղ են գտնում, դա երբեմն հիասթափեցնում է, ինչն էլ կարող է հետագա վատ աշխատանքի պատճառ հանդիսանալ: Ականազերծման մենեջերի խնդիրն է վստահ լինել, որ սակրավորներից ոչ ոք իր գործում չի թերանում:

– Ականազերծումը պետք է որ մեծապես պարգևատրվող աշխատանք լինի, այդպե՞ս  է:                                        

– Ականազերծումը առանձնահատուկ գնահատման արժանի մասնագիտություն է: Մենք հայտնաբերում ենք ականը և վերացնում այն։ Այլ կերպ՝ խնդիրը հայտնաբերվում է և չեզոքացվում: Արդյունքը,ինչպես ընդունված է ասել, առավել քան «շոշափելի» է։ Դա անհրաժեշտ է համայնքների զարգացման և անվտանգության համար։ «ՀԱԼՈ»-ն աշխատում է «Birthright Armenia» և «Armenian Tree Project» նախագծերի հետ: Համագործակցելով նրանց հետ, մենք տեղեկացնում ենք ականներից մաքրազերծված հողերի մասին, որոնք կարող են օգտագործվել հողագործության, արտադրության կամ բնակdության համար: Արդեն 16 տարի է, ինչ մենք աշխատում ենք այստեղ: Այս ընթացքում վնասազերծել ենք 13,200 ական։ Մեր երազանքն է հասնել 2020-ին:  2020 թվականը այն ժամանակահատվածը, այն սահմանագիծն է, երբ մենք կունենանք  լիովին ականազերծված Լեռնային Ղարաբաղ։ Մեր նպատակն իրագործելու համար մենք պատրաստվում ենք  Սփյուռքից և ԱՄՆ-ի այլ ֆինանսավորման աղբյուրներից աջակցություն ստանալու  համար մարքեթինգային արշավ սկսել ։ Ընթացիկ ծրագիրը ֆինանսավորվում է «USAID»-ի կողմից: Մենք համագործակցում ենք 2000թ.-ից սկսած և նրանցից ականազերծ  Լեռնային Ղարաբաղ ստանալու հանձնառություն ունենք ։ Նրանք վճարում են տեղացի աշխատողներին և մեծապես ֆինանսավորում մեր գործունեությունը։ Մենք բազմաթիվ այլ դոնորներ էլ ենք ունեցել՝ կառավարական դոնորներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Նիդեռլանդներից, եղել են նաև մասնավոր դոնորներ։ Ես մտադիր եմ այս գործում ներգրավել նաև Ավստրալիայի հայկական համայնքին ։

 

Զրույցը սղագրեց  Գարեգին Ալեքսանյանը

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register