ԼՅՈԽ ԼՅԱՎԱ ԻՆՆԱՆ

Մի հարց ունեմ ավագ սերնդին, վաղուց: Հնչեցնելու ժամանակն է: Ապրիլը ռմբակոծությամբ սկսվեց՝ հումորով գալու փոխարեն: Այս գրառման պահին արդեն երկու օր է, ինչ սահմանում գերլարված վիճակ է: Հուսով եմ՝ թերթի տպագրությունից հետո օրեր գումարված չեն լինի:
Արմատներով լինելով մաքրամաքուր արցախցի, երբեք այնտեղ չեմ ապրել, բայց վարժ տիրապետում եմ մեր բարբառին ու հողի նկատմամբ գենետիկ փոխանցվող հողեղեն սիրուն: Բարեկամներս (միայն կանայք երեխաների հետ), Մարտակերտից այս օրերին ժամանակավոր տեղափոխվել են Ստեփանակերտ, Երևան գալու մասին լսել չեն էլ ուզում: Ասում են՝ ծառեր ունենք ջրելու, հող՝ ցանելու, սպասենք մի փոքր հանդարտվի, գնանք մեր գործերով, հո պարապ չե՞նք, որ գանք – հասնենք Երևան: Իսկ կրակի բերանին ապրող մեկ այլ բարեկամուհիս, անդամահատված ոտքով, սայլակին է գամված ու դառը ժպիտով բայց պինդ կամքով ասում է՝ մեր տանն ենք, իմ ավտոն հեռու չի գնում, ես էստեղից դուրս եկողը չեմ:
Սահմանին մարտեր են գնում: Լարումներ, բայց իհարկե՝ ոչ այսքան ուժեղ, լինում են անընդհատ, որոնց մասին մենք տեղյակ էլ չենք լինում: Սակայն այս երկու ծանր օրերն ինձ ու տարեկիցներիս կյանքի սովորական ռիթմից դուրս են շպրտել:
Հարցս տամ. դուք ինչպե՞ս եք տարիներով ապրել այսպիսի լարվածության մեջ: Մենք գոնե համացանց ու բջջային ունենք, մեր ձեռքն անընդհատ լրատվության զարկերակին է, կարողանում ենք մի կերպ կապ հաստատել բարեկամների, ծանոթների հետ, մոտավոր պատկերացնում ենք՝ ինչ վիճակում են մեր զինվորները, որ փուլում է հակամարտությունը:
Մեր նյարդային լարվածությունն ուղիղ համեմատական է սահմանի լարվածությանը, բայց սա հայտարարված պատերազմ չէ: Իսկ ձեր ժամանակ հայտարարված էր, ամենաիսկական: Ու դուք տարիներով, հասկանում ե՞ք, տա – րի – նե – րով եք ապրել մեր այժմյան լարվածության տասնապատիկի մեջ: Աշխատել եք, ամուսնացել եք, ուժ եք ունեցել անգամ ժպտալու, մեզ ունենալու… Ինչպե՞ս: Երևի հիմա քթի տակ ժպտում եք միամիտ հարցերիս վրա, որ չեմ պատկերացնում՝ ինչ եք տարել: Բայց, երևի թե հենց այսօրվա համար եք նաև պատերազմ հաղթել, որ մենք միամիտ հարցեր տանք, որ մեր գլխում չտեղավորվի՝ ինչպես կարելի է կտրոնով հաց ու եթե բախտներդ բերի, գրամով էլ՝ կարագ ստանալ, ամիսներով միս ու տաք կերակուր չուտել, խավարի մեջ ապրել: Դուք հաղթել եք, որ մենք այդ օրերը չպատկերացնենք անգամ:
Երանի միշտ չիմացության մեջ մնայինք: Երանի ձեր պատմածներին չհավատայինք՝ սրտի խորքում մտածելով, թե ամեն ինչ փոքր-ինչ ծաղկեցնում եք, որ ավելի ազդեցիկ լինի:
Այսօր ես զգում եմ այն բաց նյարդը, որի մասին մայրս էր պատմում՝ հիշատակելով Օպերայի աստիճաններին բառիս բուն իմաստով՝ ապրելու օրերը: Ու եթե այս նյարդն արդեն ինձ է փոխանցվել՝ թեկուզ նախկինից քիչ ուժգնությամբ, ապա այդ տարիների ապրածն ու տեսածն ավելի քան համապատասխանում է իրականությանը:
Ես շփվում եմ իմ ավագ ընկերների հետ, ովքեր մասնակցել են պատերազմին: Այն պատերազմին, որը մենք հասկանում ենք, բայց ամբողջովին չենք գիտակցում: Ես տեսնում եմ ծնողներիս ու ղարաբաղցի բարեկամներիս գիտակից, հավաք պահվածքն ու ամաչում, որ տագնապի եմ տրվել: Ես նայում եմ մեր զինվորների լուսանկարներին ու զարմանում. բա այսպիսի շքեղ տղամարդկանցով բանակ ունեցող երկրում ինչպե՞ս կարելի է վախենալ, ի՞նչ անհեթեթություն է: Պետք է բարեկամներիս պահվածքին հետևել. ռմբակոծության մասին մտածելու փոխարեն կարևոր է մտածել ծառերի մասին, որոնք ջրի ու խնամքի կարիք ունեն: Որովհետև մեր ապագան քանդված տանիքները չեն, դպրոցականի վիրավորը չի: Մեր ապագան ծաղկած ու բերքատու ծառերն են, փայլուն կրթությամբ երիտասարդներն են: Մենք բերքատու հողի մարդիկ ենք ու պարտավոր ենք ծաղկել՝ մեր ծառերի պես: Իսկ վախը թող մնա սահմանից այն կողմ, որտեղ այդպես էլ չեն համակերպվում սեփական անզորությանն ու թույլ լինելուն:
Չե՞ն հասկանում, ոչինչ, մեր տղաները երկու օր է՝ համբերատար ու մանրակրկիտ բացատրում ու ապացուցում են: Մենք հաղթած ենք, քանի ժպտում ենք, քանի դեռ ղարաբաղցին մտածում է իր հողը պարարտացնելու, ոչ թե՝ ավելի ապահով տեղ փախչելու մասին: Ուրեմն՝ միշտ ու մշտական ենք հաղթած: Որովհետև Արցախում միշտ կան աշխատող ձեռքեր: Որովհետև ԼՂՀ-ն ոչ միայն այնտեղի բնակիչներինն է, այլև բոլոր-բոլոր հայերինն է: Ամեն մեկս մի բուռ հող ունենք այնտեղ՝ ծառի սերմով:
Ես տեսնում եմ՝ ինչպես է հօդս ցնդում ղարաբաղցի-հայաստանցի ձևական ու արհեստական բաժանումը: Դա կեղծ բաժանում է: Այսօր բոլորս մեկ մարդու նման ենք անհանգստանում մեր զինվորների համար, սրտի մեկտեղված զարկով: Ու այս անհասցե տագնապի մեջ անգամ ես ինձ խաղաղ եմ զգում, որովհետև զգում եմ, որ մենակ չեմ: Որ մեր կողքին է ավագ սերունդը՝ այս անգամ իր դառը փորձով, ու մեզ էլ հորդորում է հանգիստ լինել, վստահել բանակին, աղոթել ու միմիայն լավ տրամադրվել:
Դուք հերոս եք, որ դիմացել եք, սիրելի ավագ սերունդ: Ու այսօր ավելի քան շնորհակալ ենք ձեզ՝ հաղթանակի համար: Այսօր մենք շատ ավելի խորը գիտակցեցինք ձեր ապրումները: Ցավոք, հենց այս գնով:
Վերցնում եմ իմ տագնապն ու ձեր վախերի հետ ուղարկում գրողի ծոցը: Փոխարենը փոխանցում եմ բարեկամիս խոսքը. «Բալաս, վախեք վեչ, լյոխ լյավ ա իննան»:
Սյունե Սևադա