ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ, ՈՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐ ԴԱՐՁՐԵՑ

6

  Ասատուր Եսայանցն արդեն տասը տարի է՝ լուսանկարչությամբ է զբաղվում։ Սրան հասել է տարատեսակ աշխատանքներ փորձելուց, տեղ-տեղ՝ փորձարկելուց հետո։ Տասնչորս տարեկանում հեռուստատեսությունում է աշխատել, հետո զորակոչվել բանակ ու նվագել նախագահական օրկեստրում՝ միաժամանակ աշխատելով Կամերային թատրոնում, հետագայում սովորել համալսարանում, ստացել իրավաբանական  մանկավարժ-հոգեբանի  կրթություն, խաղացել թատրոնում․․․Ցուցակն ամբողջական չէ։ Գուցե հենց հոգեբանական կրթությունն է օգնում, որ Ասատուրի լուսանկարները բնական ստացվեն, առանց քողարկման ու շպարի, դրանց նայելիս կարողանում ես մարդկանց բնավորությունը տեսնել։  Ասվածի վառ  ապացույցը ՝  «Շաբաթվա մարդիկ» ֆոտոշարքն  է,շաբաթական յոթ մարդու լուսանկարով՝ լրատվական գործակալություններից մեկի կայքում։ Ասատուրի հետ հանդիպեցինք ուրցով ու նանայով թեյի, դառը սուրճի շուրջ, ու լուսանկարիչը պատմեց  ֆոտոլրագրող դառնալու պատահական, բայց ճակատագրական քայլի,  «Շաբաթվա մարդիկ» ֆոտոշարքի,  Կաննի կինոփառատոնը լուսանկարելու,  ու լուսանկարչության՝ հավերժ սովորելու ու սիրելու ոլորտ լինելու մասին։

3Լուսանկարչական ոլորտում պատահաբար հայտնվեցի։

ԵՊՀ-ում բացվեց մշակույթի կենտրոն, տնօրեն դարձավ Կարինե Դավթյանը, որն ինձ դպրոցական թատրոնում էր դասավանդել՝ ղեկավարելով խմբակը։ Բացվեց համալսարանական թատրոնը, և դպրոցական խմբակի կորիզը հայտնվեց ԵՊՀ-ում։ Այսպիսով, ես սկսեցի նաև կես դրույքով դասավանդել համալսարանում՝ զուգահեռաբար սովորելով ու հեռուստատեսություններից մեկում թողարկիչ աշխատելով։ ԵՊՀ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մի օր ասաց՝ լուսանկարիչը դուրս է գալիս աշխատանքից, գուցե դո՞ւ փորձես լուսանկարել, կուզե՞ս։ Դրական պատասխանեցի։ Հենց այսպես էլ սկսվեց ամենը։ Հետո, իհարկե, մասնագիտական դասընթացների գնացի, սովորեցի։

 Առաջին  ֆոտոնկարահանումս  հարյուր  տոկոսով  ձախողվեց։

Շատ մեծ հիասթափություն ապրեցի։ Մինչ այդ ինչով զբաղվել էի՝ հիմնականում, լավ կամ վատ, բայց միանգամից էր ստացվում։ Իսկ ֆոտոն՝  ի սկզբանե չստացվեց, մտածեցի՝ իմը չի սա։ Բայց  հիմա արդեն տասը տարուց ավելի է՝ լուսանկարչությամբ եմ զբաղվում։

2

Ընթացքում շատշատ մարդկանց հանդիպեցի, որոնք ինձ շատ  բան սովորեցրին, թե՛ մասնագիտական, թե՛ կյանքի ոլորտում։

Մի անգամ արվեստագիտության դոկտոր  Լևոն Չուքասզյանի հետ հանդիպման ժամանակ սկսեցի բողոքել կյանքից՝ ասելով, որ շատ բան եմ փորձել, հիմա էլ Մանկավարժական համալսարանն եմ ավարտել, բայց մասնագիտությամբ չեմ աշխատում, չեմ կողմնորոշվում։ Ասաց․ «Իզուր ես տրամադրությունդ գցում, դու տարբեր  բաներ ես փորձում, հետո պարզվում է, որ դա մեկ  ամբողջի տարբեր մասնիկներն էին»։ Այս նախադասությունն ինձ շատ է օգնել, ու մինչ օրս օգնում է։ Կյանքը ցույց տվեց, որ նա իրավացի էր։

Լուսանկարչությունն ինձ համար այն ոլորտն է, որի մեջ երաժշտություն կա, հոգեբանություն կա։

Մի փոքր պաթետիկ է հնչում, բայց որ ինքը երաժշտություն ունի՝ հաստատ է ու շատ կարևոր։

Ուրախ եմ ու կողմ եմ, որ շատերը փորձեն լուսանկարել։

Ես չեմ համարում, որ  մեկը վատ լուսանկարներ անելով հեղինակազրկում է ամբողջ լուսանկարչական ոլորտը, այն խայտառակելու  այլ տարբերակներ էլ կան։ Օրինակ, մասնագիտությունը վարկաբեկում են այն լրագրողները, որոնք համարում են, որ մասնագիտական «բեյջը» կախելուց հետո կարող են ամենաթողությամբ զբաղվել։

4

«Ֆեյսբուքներում» բոլորը լավ լուսանկարիչներ են, վատերը չկան, բոլորը ֆանտաստիկ դեմքեր են․․․

Որովհետև առողջ քննադատություն չկա։ Նրանց չեն քննադատում, քննարկում։  Քեզ ասում են՝ արել ես, լավ ես արել, բայց ես լինեի՝ էսպես կամ էնպես կանեի։ Սա քիչ է՝ լավը  դառնալու համար։

Լուսանկարչությունը  խնդրի լուծում  է։

Ունես խնդիր՝ լուծում ես։ Կախված քո գիտելիքից ու հմտություններից՝ խնդիրները լուծում ես դրանց համապատասխան։ Եթե եկել ու նկարում ես այս թեյնիկը կամ հեռախոսը, ու քո խնդիրն է, օրինակ, սպիտակ թեյնիկը լուսանկարում մոխրագույն ստանալ, իսկ քո մոտ չի ստացվում, ուրեմն դեռ չունես բավարար գիտելիք։ Պետք է ամեն բան թողնես ու գնաս՝ սպիտակ թեյնիկը մոխրագույն դարձնող հմտությունը սովորելու։ Եթե դու կարողանում ես լուծել քո մասնագիտական խնդիրները, ուրեմն՝ քո  տեղում ես։

Այստեղի ու Կաննի կինոփառատոնի արտիստների մեջ մեծ տարբերություն նկատեցի։

Նրանք  գիտեն, որ լուսանկարվում են։ Ֆանտաստիկ արտիստներ են, բոլորը։ Խելագարվելու մարդիկ են։ Ի տարբերություն մերոնց, նրանց չես կարող վատ լուսանկարել, որովհետև ամեն մի շարժումը մտածված է։ Առհասարակ, արտիստներն արժանի են այն միլիոններին, որոնք վաստակում են, քանի որ կարողանում են դիմանալ փառքին՝ ինչը ամենադժվարն է իրենց աշխատանքում։

5

Արտասահմանյան պրոյեկտ կա, կոչվում է «Humans of New York», շատ եմ հավանում։

Պրոյեկտի մասին իմանալուց հետո հանդիպեցի մի լուսանկարչի հետ, որը Օդեսայում պատահական մարդկանց էր  լուսանկարում՝ վերոնշյալ շարքի նման, ու ինձ նույնպես առաջարկեց փորձել։ Անցավ մեկ տարի, բայց դեռ չէի սկսում։ Հետո իրագործեցի այն։ Իրականում, այս պրոյեկտն օգնեց ինձ մասնագիտական կրիզիսից դուրս գալ։ Շուտով կլրանա ֆոտոշարքի մեկ տարին, ու այն, հավանաբար, կավարտվի։

1

«Շաբաթվա  մարդիկը» ցույց  տվեց, որ հասարակ մարդիկ  չկան։

Եղել են դեպքեր, երբ որոշ հայտնիներ հրաժարվել են լուսանկարվելուց՝ ասելով՝ չենք հասկանում, այդ շարքի մարդկանցից շատերը հայտնի չեն կամ աչքի չեն ընկել, ինչու պիտի լուսանկարս նրանց հետ համատեղ հրապարակվի։ Ես հավատում եմ, որ ամեն մարդու հաճելի է ու անգամ պետք է գոնե մեկ շաբաթ  «տեսանելի» լինել, իսկ ինչո՞ւ չլինել։ Այս շարքում  ես նկարել եմ հայտնի ռեժիսորներից սկսած՝ մինչև անտուն մարդկանց, ու հասկացել, որ  ամեն մարդ իրավունք ունի փայլելու, կամ թեկուզ ուղղակի որակյալ լուսանկար ունենալու։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register