ԼՈՌՈւ ՄԱՐԶՈւՄ ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆԸ ԲԱՑԵՑ ԻՐ ԴՌՆԵՐԸ

cover

Լոռու մարզի Դեբետ համայնքում արդեն գործում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնը: Այն եզակի է իր տեսակի մեջ՝ առաջարկվող ոչ ֆորմալ կրթության հնարավորություններով ու գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերով:

1

«Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես երիտասարդներին, պետք է կառուցել մի այնպիսի բան, որ բացառիկ ազդեցություն կունենա։ Իմ ընկերոջ խոսքերն են։ Ու մենք Հայաստանի գյուղական այս չքնաղ բնության գրկում ստեղծեցինք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը»,- ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման նախապատմությունն է ներկայացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Գարո Արմենը:

5

Մայիսի 27-ին ՍՄԱՐԹ կենտրոնի բացումն էր: Կենտրոնի տնօրեն Քրիստ Մարուքյանը լրագրողների համար շրջայց է կազմակերպում, ներկայացնում ՍՄԱՐԹ-ի հնարավորությունները, արդեն իսկ գործող խմբակներն ու առաջիկա անելիքները:

ՍՄԱՐԹ կենտրոնում եռուզեռ է: Լոռու մարզի տարբեր համայնքներից եկած երեխաները հարյուրավոր հյուրերին են ներկայացնում այն ամենն, ինչին սովորել են ՔՈԱՖ-ի իրականացրած ծրագրերի արդյունքում: Երգի, պարի, մեդիագրագիտության, անգլերենի, ռոբոտաշինության, ձայնագրման խմբակներ այցելող երեխաները հնարավորություն են ունենում ոչ ֆորմալ կրթության միջոցով ծանոթանալ ազգային պարերի շարժումներին, վարժ խոսել և հաղորդակցվել անգլերեն, զարգացնել ձայնագրման և երաժշտական հմտությունները: ՍՄԱՐԹ-ը հավասար հնարավորություններ է ապահովում Լոռու մարզի գյուղերի 3 տարեկանից բարձր 150000 երիտասարդների և մեծահասակների համար:

2

«Ի դեմս ՍՄԱՐԹ կենտրոնի՝ մենք ունենալու ենք ստեղծարար միջավայրի մի նոր օրինակ։ Եվ այդպիսի օրինակները մեր անձնական ջանքերով տեսանելի ապագայում տարածվելու են Հայաաստանի Հանրապետությունով մեկ։ Իմ շատ սիրելի պատանիներ, եղեք երազող և հավակնոտ, որովհետև ձեր երազանքներն ու հավակնություններն են այն նպատակները, որոնք պիտի դրվեն մեր կառավարության սեղանին և, առհասարակ, ապագա բոլոր կառավարությունների սեղաններին»,- նշում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

3

Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։ ՔՈԱՖԸ համագործակցում է PicsArt-ի հետ, որի մշակած հավելվածը ամսական 100 միլիոն օգտատեր ունի։ Այն հնարավորություն է տալիս մոնտաժելու լուսանկարները ու դրանց հետաքրքիր ու անսպասելի լուծումներով կիսվելու ընկերների հետ։ Նոր գործընկերություն է հաստատվել նաև ռոբոտիկայի և վերապատրաստումների «Ինստիգեյթ» ընկերության հետ՝ նպատակ ունենալով բազմազան տեխնոլոգիաներ ու հմտություններ բերել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն։ Ստեղծարար կրթական տեխնոլոգիաների (CET) Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչը՝ «ԼԵԳՈ»-ն, աշխատարաններ է վարելու կենտրոնի սաների համար։ Արևային էներգիայի և մարտկոցների «Ֆրի Էներջի» ընկերությունը ևս ներգրավված է ՍՄԱՐԹ կենտրոնի աշխատանքներում։

8

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ շենքի ճարտարապետն է Փոլ Գալուստյանը՝ լիբանանահայ մասնագետ, որի առաջին մեծ նախագիծն է Հայաստանում: Ճարտարապետական գործընկերն է «Ուրբան Յունիթ»  նախագծային կազմակերպությունը։ Շինարարությունն իրականացրել է «Կանակա» շինարարական ձեռնարկությունը։ Շենքի շինարարության, տեխնիակական վերազինման ու կահավորման վրա արդեն իսկ ծախսվել է 5 միլիոն դոլար։

ՍՄԱՐԹ ավանն ունի նաև հյուրատուն՝ հրավիրված մանագետներին ու զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։

Տաթեւիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register