«ԼՈՖԹ»-Ը ԳՅՈւՄՐԻՈւՄ

loft1

Երևանյան երկամյա գործունեությունից հետո Գյումրիում բացվեց ինքնազարգացման ու ժամանցի «ԼՈՖԹ» կենտրոնի մասնաճյուղը: Կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանի հետ մեր զրույցը «ԼՈՖԹ»-ի ձեռքբերումների ու առաջիկա ծրագրերի մասին է:

 – Ինչո՞ւ հենց Գյումրիում:

– Հենց սկզբից, բացելով երևանյան «ԼՈՖԹ»-ը, մենք արդեն ունեինք տեսլական, թե ինչպիսին է այն լինելու վաղը, մեկ, երկու տարի անց … Եվ, միանշանակ էր, որ «ԼՈՖԹ»-ը պետք է սփռված լիներ Հայաստանի բոլոր, անգամ հեռավոր մարզերում։ Մենք դիտարկում ենք այն՝ որպես մայրաքաղաքային և մարզային երիտասարդության համար ստեղծված նոր հարթակ, որը նրանց առաջ կբացի լայն հորիզոններ և, ինչու ոչ, կհանդիսանա նաև իրար կապող կամուրջ։ Այնպես որ, տրամաբանական էր, որ Երևանից հետո «ԼՈՖԹ»-ը պետք է բացվեր նաև Հայաստանի երկրորդ քաղաքում՝Գյումրիում։ Այստեղ, իհարկե, նաև մեծ դեր խաղացին հենց տեղի ակտիվ երիտասարդները, նրանց եռանդը, ոգևորությունն ու քաղաքին հատուկ ընդգծված կոլորիտը։

Միակն իր տեսակում

Մեր կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այսօր մարզերում գրեթե բացակայում են երիտասարդների ժամանցն ու ալտերնատիվ կրթությունն ապահովող կառույցները։ Եվ թող անհամեստ չհնչի, բայց այս պահին «ԼՈՖԹ»-ը Շիրակի մարզում իր տեսակի մեջ միակն է։ Այն մթնոլորտը, գույներն ու իրադարձությունները, որոնք առկա են երևանյան «ԼՈՖԹ»-ում, մենք փորձել ենք տեղափոխել Գյումրի՝ տեղացիներին առաջարկելով բազմաֆունկցիոնալ տրանսֆորմացվող գոտիներ՝ բեմական հատված՝ հագեցած պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներով, կինոսրահ, սեմինարների/թրեյնինգների համար նախատեսված սրահ, բաց խոհանոց, առողջ ապրելակերպի գոտի (առավել հարմարեցված թեմատիկ դասընթացների համար) և արհեստի ու արվեստի համար նախատեսված սրահ։ Այս ամենին կից, իհարկե, չենք մոռանում բազմաշերտության ու բազմաֆունկցիոնալության մասին՝ սկսած ստարտափերի աջակցումից մինչև նեղ-մասնագիտական շուրջ 15 ներքին ակումբներ»։

Նոր նախագծերի մասին

«ԼՈՖԹ»-ն իր բացման առաջին իսկ ամիսներին իրականացրեց Մեծ Պահքի բարեգործական նախագիծը, որը հետո պիտի դառնար գեղեցիկ սովորույթ։ Այս տարի արդեն նպատակ ունենք այս նախագիծը տեղափոխել Գյումրի ու այնտեղ իրականացնել՝ գյումրեցիների օգնությամբ, իհարկե։ Այս մասին առավել մանրամասն կպատմենք ավելի ուշ։ Իսկ այս պահի համար կարող եմ ասել, որ արդեն իսկ բուռն համագործակցության փուլ է սկսվել տեղի հասարակական կազմակերպությունների, երաժշտական խմբերի և մշակութային/տեխնոլոգիական կառույցների հետ։ Ի դեպ, առաջին համերգային նախաձեռնությունը Գյումրու «Արատտա» էթնիկ ռոք խմբի հետ ենք իրականացնում։ Այն տեղի կունենա փետրվարի 17-ին»։

loft

Ովքե՞ր են «ԼՈՖԹ»-ում

Այս հարցի շուրջ մտածելիս առաջին բանը, որ պտտվում է մտքումս, մեր ՝ «Բոլորն այստեղ են» կարգախոսն է: Սա ենթադրում է, որ մենք որևէ խտրականություն չենք դնում մեր հյուրերի մեջ և ամեն օր ու 24 ժամ սիրով ընդունում ենք բոլորին, ովքեր հարմար են զգում իրենց «ԼՈՖԹ»-ում։ Այստեղ նրանք են, ովքեր հոգնել են մոխրագույնից, ովքեր ուզում են էմոցիա արտահայտել, ուզում են նոր ծանոթություններ ձեռք բերել ու ինքնարտահայտվե»լ։

Հաջորդ կանգառը

«ԼՈՖԹ»-ի հետագա ռեգիոնալ զարգացումն ապահովելու համար մենք ներդրողների ակտիվ փնտրտուքների փուլում ենք։ Մի քանի օր առաջ Վանաձոր էինք գնացել ու, ի դեպ, տեղի երիտասարդների նախաձեռնությամբ։ Նրանց հետ զրույցը շատ զգայական էր, ոգևորող։ Եվ սկսածը չշարունակելն այս պարագայում կլինի դավաճանության պես մի բան։ Ըստ «ԼՈՖԹ»-ի ներքին վիճակագրության` Վանաձորի երիտասարդները շատ ակտիվ են ու գյումրեցիների պես տաղանդավոր։ Մեր փորձը ցույց է տվել, որ շատ համագործակցություններ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ ու համերգներ մեծամասամբ հենց լոռեցի երիտասարդների հետ ենք իրականացրել։ Եվ իրենց մոտ տրամաբանական հարց է ծագում՝ իսկ ե՞րբ կբացվի «ԼՈՖԹ» Վանաձորում։ Այս պահին մենք բաց ենք յուրաքանչյուր ինվեստիցիոն առաջարկի համար՝ սկսած մասնավոր ներդրողներից մինչև ֆոնդեր ու ընկերություններ, ում հետաքրքիր է սոցիալական տարր պարունակող բիզնեսը, որն արդեն իսկ հանդիսանում է մշակութային օջախ և երիտասարդների երկրորդ տուն։ Քանի որ արդեն այն պահն է հասունացել, որ երիտասարդներն են մեզնից պահանջում, հետադարձ ճանապարհ չունենք։ Ուստի մեզ համար ընդունելի են բոլոր ձևաչափերի համագործակցությունները։ Մենք հավելյալ եկամուտ չենք ակնկալում, մեր միակ խնդիրը ծախսափակում ապահովելն է։

1000-ից ավելի միջոցառում, 50.000-ից ավել հետևորդ

Երկու տարվա ընթացքում «ԼՈՖԹ»-ը ստեղծել է համայնք՝ իր շուրջը համախմբելով կամավորների բանակի, ում փորձում է աճեցնել և ում համար փորձում է նոր հնարավորություններ ստեղծել։ Մենք իրականացրել ենք՝ մշակութային, կրթական, նեղ մասնագիտական, ժամանցային ու այլ ուղղվածության 1000-ից ավելի նախաձեռնություն։ Ֆեյսբուքյան մեր էջում 50.000-ից ավելի հետևորդ ունենք: Շատ երիտասարդներ արդեն հասկացել են, որ «ԼՈՖԹ»-ը կարող են օգտագործել որպես գործիք՝ զարգանալու, մյուսների փորձը քաղելու ու նոր բացահայտումներ անելու համար։ Ես, իհարկե, շատ երկար կարող եմ պատմել «ԼՈՖԹ»-ի մասին, բայց գաղտնիքը նրա պատերի մեջ է։ Ի դեպ, ռեգիոնալ զարգացումից զատ, «ԼՈՖԹ»-ը զարգացում է ապրում նաև Երևանում։ Այս պահին մեր թիմն աշխատում է co-working սրահի բացման վրա՝ զուգահեռաբար իրականացնելով նաև երկու այլ, խոշոր նախագիծ։

 

Զրույցը գրի առավ՝ Տաթևիկ Սարգսյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register