7 ՀԱՐՑ. ԼԻԼԻԹ ՈւՄԵԴՅԱՆ

2

Խորագրի հյուրն է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ամբիոնի դասախոս Լիլիթ Ումեդյանը: 

– Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:
– Ինձ համար Հայաստանն ինքնին չբացահայտված անկյուն է: Կան տեղեր, որ պարբերաբար այցելում ենք, բայց ամեն անգամ մի նոր բան ենք բացահայտում: Տարբեր զգայարաններ կարող են աշխատել բացահայտման փուլում: Օրինակ`Քոբայրի վանքն ինձ համար շատ ուժեղ, միևույն ժամանակ` և՛ վիզուալ, և՛ հոգևոր բացահայտման անկյուն է: Ենոքավանում կա քարանձավի մեջ եկեղեցի, Գառնու ձորի վերևի տափարակում կա շատ հետաքրքիր վայր, գրեթե ամայի: Շատ են բացահայտման արժանի անկյունները:

-Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:
– Ոչ թե նյարդայնացնում է, այլ` տխրեցնում: Օրինակ`ինչպես է անդառնալիորեն փոխվում Երևանի դիմագիծը, և մենք այդ մասին իմանում ենք շատ պատահական, անսպասելի, վշտալի կերպով… Ինչ-որ բան վերանում է աստիճանաբար, ինչ-որ բան վերանում է մի պայթյունով:

-Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։
– Սովորական մարդիկ, որոնք կրում են իրենց մշակույթը: Ովքեր զբաղվում են արհեստով և գիտեն` ինչի համար: Ավանդույթներ պահող մարդիկ, որ գիտեն ինչի համար են պահում, ազնիվ են իրենց հանդեպ: Շատ տարբեր մարդիկ:

-Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:
– Կարծում եմ`աշխարհընկալման վրա մեծ ազդեցություն են թողնում վաղ հասակում կարդացած գրքերը: 90-ականների սկզբին, երբ փոքր էի, ամեն երեկո սպասում էի, որ մոմի լույսի տակ հայրս ինձ համար կարդար «Սասունցի Դավիթ» էպոսը: Հսկայական ազդեցություն է թողել ինձ վրա և անընդհատ ուզում եմ վերադառնալ դեպի այդ էպոսը: Կարծում եմ`շատ թերագնահատված է: Երկրորդը կնշեմ Ղազարոս Աղայանի հեքիաթների ժողովածուն` «Հազարան Բուլբուլը»: Հատկապես «Անահիտը», որը բացառիկ առաջադեմ գործ է: Երրորդը` Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպն է:

-Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։
– Առաջնահերթ`իմ ընտանիքը: Կան նաև բազմաթիվ ընկերներ և ուսանողներ:

-Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։
– Երևանը կարիք ունի արժևորման և վերակառուցման: Կա շատ հետաքրքիր երևույթ, որ ճարտարապետության մեջ ևս օգտագործվում է`«genius loci»(տարածքի ոգին): Մեր մայրաքաղաքում այն խտացված է, այդ պատճառով էլ նույնիսկ այսօրվա խառնիճաղանջ Երևանը մենք սիրում ենք, քանի որ այստեղ կա տարածքի ոգին: Մտածված է, շերտեր ունի, ընդ որում` շատ հին շերտեր, որոնց մասին գիտնականների շատ նեղ շրջանակ գիտի: Թամանյանն այն ժամանակ զարմանալիորեն այդ ամենը վերարժևորել է: Եթե Թամանյանը գործեր այժմ, կստեղծեր «երազանքի բուլվարը»` Օղակաձև զբոսայգին, որ պետք է պարուրեր ամբողջ կենտրոնը: Քաղաքը պետք է ունենա նման զբոսայգի:

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:
– Իմ ծնողները: Մարդիկ, որ տեսան անկախ լինելու և չլինելու այդ սահմանն ու մնացին կանգուն, սիրեցին անկախությունը`անկախ ամեն ինչից: Նրանք անկախության կրողներն են և չեն համեմատում`ասելով` «այն ժամանակ լավ էր», քանի որ այդպես չեն կարծում. չէ՞ որ անկախությունը բացարձակ արժեք է:

Գարեգին Ալեքսանյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register