ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

11

Մոսկվայում կայացած շախմատի հավակնորդների մրցաշարից հետո, որի ժամանակ Լևոն Արոնյանը զբաղեցրեց 5-րդ տեղը, հայկականշախմատի առաջատար գրոսմայստերը վերջապես որոշեց խախտել լռությունը: Նման առիթը լրագրողը երբեք բաց չի թողնում, հնարավորինս մանրամասնորեն պարզելու համար բոլոր հարցականների պատասխանները:

 – Ինչու՞այսքան երկար տևեց լռությունըև վերջապես որոշեցիք հարցազրույց տալ:

 – Երբ անհաջող ես խաղում, առաջին պահին քո մեջ ներքին անբավարարվածության զգացում է առաջանում: Ներփակվում ես, ու ժամանակ է պետք, որ կարողանաս խոսել: Մոտ մեկ շաբաթ տանն էի. պարապում էի, խորհում, տարբեր մարդկանց հետ էի հանդիպում, երաժշտություն լսում: Մոտ մեկ շաբաթ անց իմ մեջ ուժ գտա, այսպես ասած՝ վերականգնվեցի, «հետ եկա» և հիմա նայում եմ միայն առաջ:

– Ի՞նչն է Ձեզ օգնում «հետ գալ»: Դուք ինչպե՞ս եք վերականգնվում:  

– Վերկանգնվելու հարցում ինձ շատ են օգնում իմ հարազատները: Ես շատ եմ զրուցում իմ մտերիմների հետ, հատկապես՝ Արիանայի: Արդեն 9 տարի է ես ու Արիանան միասին ենք ու միևնույն ճանապարհով ենք գնում: Ինքն ինձ է օգնում, ես՝ իրեն: Երբ զրուցում ենք, փորձում ենք վերլուծել ու հասկանալ, թե որն է հաղթանկների ու պարտությունների հիմնական գաղտնիքը: Երկար մտածեցինք և եկանք այն եզրակացության, որ պետք չէ կառչել հաղթանակից, պետք չէ անընդհատ փնտրել այն ու կենտրոնանալ դրա վրա: Պետք չէ ավելորդ լարվել:

Անկեղծ ասած՝ մինչև այս մրցաշարը, որն իմ կյանքում շատ կարևոր էր, ես շատ էի աշխատում, շատ էի կենտրոնացած ու լարված: Եվ կարծում եմ, որ հենց դա է պատճառը, որ չկարողացա առաջին տեղը գրավել: Այդ նյարդային լարումը: Ես զրուցել եմ տարբեր մարդկանց հետ, ովքեր հաջողության են հասել իրենց բնագավառներում, և հասկացել եմ մի շատ կարևոր բան. հաջողությունը գալիս է, երբ իրեն արդեն չես սպասում, երբ քեզանից կախված ամեն ինչ արել ես հանուն այդ հաջողության, և այն այլևս գլխավոր խնդիրը չէ: Երբ թեթև ես նայում հաջողությանը, այն նույն կերպ թեթև էլ գալիս է:

– Իսկ ես միշտ հակառակ կարծիքի եմ եղել. ինչ-որ բանի հասնելու համար պետք է պայքարես, պետք է անմարդկային ջանքեր գործադրես, ճակատագրից ճանկռելով «պոկես» հաղթանակը:

 – Գուցե դա մարդու տեսակից է: Ես միշտ թեթև եմ նայելկյանքին, բայց հետո փոխվեցի, սկսեցի կենտրոնանալ ու խորանալ ամեն ինչի մեջ: Ես կորցրի թեթևության իմ այդ զգացումը և հիմա պետք է փորձեմ նորից այն վերգտնել:

– Իսկ ինչի՞ց կորցրիք այդ թեթևությունը: Գուցե դա տարիքի՞ հետ է կապված:

 – Ո՛չ, գոնե իմ դեպքում՝ դա տարիքի հետ բոլորովին կապ չունի: Կյանքի հանդեպ թեթևությունը ես կորցրի այն ժամանակ, երբ ուզեցի անընդհատ վերահսկել իրավիճակը: Բայց դա անհնարին է, դա ուտոպիա է, որի հետևից պետք չէ գնալ: Պարզվեց, որ ինձ համար թեթևության այդ զգացումն ավելի կարևոր է՝ լավագույն արդյունքը ցույց տալու համար:

22

 – Երբ զբաղեցրիք 5-րդ տեղը,  անմիջապես սկսեցին շրջանառվել լուրեր, թե պատրաստվում եք թողնել շախմատը: Որքանո՞վ էդա համապատասխանում իրականությանը:

– Բոլորովին չի համապատասխանում: Ես միշտ կարծել եմ, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է ինչ-որ առաքելությամբ: Իմ կյանքի առաքելությունն է, նպատակն է՝ դառնալ աշխարհի չեմպիոն: Ու քանի դեռ ես ողջ եմ, ես պայքարելու եմ իմ այդ երազանքի համար: Բայց այժմ պայքարելու եմ այլ եղանակով՝ չկորցնելով կյանքի հանդեպ իմ թեթևությունը: Ինձ համար կարևոր է ազատությունը, երբ ես չեմ մտածում՝ կհաղթե՞մ այս խաղում թե կպարտվեմ, երբ վերջնական արդյունքը կարևոր չէ: Կարևոր է խաղին վերաբերվել իբրև արվեստի:

– Շախմատն արվե՞ստ է, թե՞ սպորտ:

– Սպորտ է, բայց եթե դու արվեստի մարդ ես, ապա պետք է այդ պրիզմայով նայես այս մարզաձևին: Եվ գուցե հենց դա է քո ճանապարհը:

– Խելացի մարդիկ գիտեն, որ այս կյանքում հնարավոր չէ անընդհատ հաղթել. պետք է լինեն նաև պարտություններ, իսկ պարտությունն օգնում է նորովի ճանաչել ինքդ քեզ:

– Համաձայն եմ: Ասեմ ավելին՝ շարունակ տարբեր մրցաշարերում հաղթելով, ես ավելի քիչ բան եմ սովորել, քան պարտություններից:

Պարտություններն են ամենամեծ ուսուցիչը: Պարտություններն են օգնում հղկել ոճը, սխալների հիման վրա ճիշտ հետևություններ անել: Խնդիրնայն է, որ անընդհատ հաղթելով տարբեր մրցաշարերում՝մի տեսակ լճանում ես և կորցնում ես զգոնությունդ: Դա այն թեթևությունը չէ, որի մասին քիչ առաջ խոսում էինք. դա մի տեսակ արբեցման ճանապարհ է, որն ի վերջո դեպի փակուղի է տանում: Ժամանակ առ ժամանակ մարդ պետք է պարտվի, որ չլճանաև սթափվի:

Իսկ թեթևությունը՝ խաղի վերջնական իմաստը հենց խաղի մեջ գտնելն է, ոչթե հաղթանակի: Երբ, կրկնում եմ, նախապատրաստական փուլում հաղթանակի համար արել ես ամեն ինչ, և գնում ես խաղի՝ հոգեբանորեն չկորցնելով ազատությունդ, չդառնալով խաղի վերջնական արդյունքի գերին: Ես կարծում եմ, որ եթե չմտածեմ այդ վերջնական արդյունքի մասին, ավելի լավ կխաղամ:

– Ձեզ կյանքը ինչ-որ առումով փոխվե՞ց այս վերջին՝ անհաջող մրցաշարից հետո:

– Այո՛, շատ փոխվեց: Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ իմ ողջ կյանքում երբեք այսքան չէի տխրել ոչ մի արդյունքից: Միևնույն ժամանակ՝ երբեք այսքան շատ չէի մտորել անհաջողությանս պատճառների շուրջ:

– Հավակնորդների մրցաշարը բավական հաջող սկսեցիք: Առաջին շրջանից հետո Կարյակինի հետ առաջատարնէիք: Ո՞րն էր այն բեկումնային պահը, երբ խաղը հակառակ գնաց:

– Անանդի հետ պարտիայի ժամանակ ես դավաճանեցի ինքս ինձ ու փորձեցի ավելի կոշտ խաղալ: Իսկ դա իմ ոճը չէ: Երբ պարտվում ես քո կոպիտ սխալի, բացահայտ վատ խաղի պատճառով, այդ պարտությունն ավելի հեշտ ես ընդունում: Բայց երբ պարտվում ես այլ կերպ՝ երբ կամաց-կամաց դիրքդ վատանում է, և դու պարտվում ես «տանջամահ լինելով», քայլ – քայլ կորցնելով, երբ ոչ թե պարտվում ես, այլ քեզ հաղթում են՝ ավելի ծանր ես ընդունում,շատ ավելի ցավոտ:

– Հավակնորդների առաջնությունից առաջ Մագնուս Կարլսենը ձեզ ֆավորիտների ցանկում էր նշում: Այդ կարգավիճակը որևէ կերպիր ազդեցությունն ունի՞:

– Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր ֆավորիտների մեջ չեն և հատուկ չեն լարվում մրցաշարերի ժամանակ, որպես կանոն՝ հաղթում են: Նրանց վրա ավելի քիչ ճնշում կա հոգեբնական առումով: Ֆավորիտը փորձում է ապացուցել, որ արժանի է, փորձում էչսխալվել, և դա լրացուցիչ ճնշում է: Չէ՞ որ չես կարող ռոբոտի պես խաղալ:

– Կարո՞ղ ենք ասել, որ այժմ Ձեր գերնպատակը հավակնորդների հաջորդառաջնությանը մասնակցելն է:

– Այո՛, ես հիմա սկսելու եմ պատրաստվել հաջորդ առաջնությանը, որը տեղի կունենա 2 տարի անց: Բայց այս անգամ փորձելու եմ խաղալ ուրիշ ձևով: Ես ուժեղ և միևնույն ժամանակ՝ նաև ունիվերսալ խաղացող եմ, որը կարողանում է շատ բաներ անել, բայց դեռ ինքն իրեն լավ չգիտի: Այդ պատճառով կարծում եմ, որ ես դեռ պետք է իմ հնարավորությունները ավելի լավճանաչեմ:

33

 Կուլիսներում

 – Բախտի գործոնը կա՞ շախմատում:

– Այո՛, անպայման: Երբ հակառակորդդ հնարավոր բազմաթիվ տարբերակներից խաղում է այն միակը, որին դու անհամբեր սպասում ես…

– Երբ խաղն ավարտվում է, թագավորն ու զինվորը հայտնվում են միևնույն տուփում: Հավատու՞մ եք հավասարությանն այս կյանքում:

– Հավասարության առումով՝ համոզված եմ, որ յուրաքանչյուրն այս կյանքում գոնե մեկ անգամ ստանում է իր շանսը: Արդարություն էլ կա, պարզապես մարդը պետք է անպայման հավատա, որ եթե ինքն իր կյանքն ապրի արդար ու ճիշտ, եթե կարողանա կատարել իր առաքելությունն այս կյանում, ապա իր շուրջը իր իսկ ջանքերով ստեղծված արդարության դաշտը ամեն ինչ իր տեղը կդնի:

– Շախմատը կյանքի մինի-մոդելն է՝ նույն  պայքարը, նույն նախապես ծրագրելը, հակառակորդին ծուղակը գցելը… Շախմատիստը նույնքա՞ն լավ խաղացող է կյանքում:

– Իսկապես կյանքի և շախմատի միջև բազմաթիվ զուգահեռներ կարելի է անցկացնել, բայց կա մի էական տարբերություն: Ճիշտ է, շախմատում, երբ դու պարտվում ես լավ, հետաքրքիր, կարևոր խաղում, ներսում կարծես ինչ-որ բան մեռնում է,բայց հետո դու նորից վերականգնվում ես, որովհետև գիտես, որ նորից լինելու են խաղեր, պարտությունից հետոլինելու են նոր հաղթանակներ: Իսկ կյանքը տրվում է միայն մեկ անգամ, և միայն վերջում է պարզվում՝ հաղթել ե՞ս, թե՞ տանուլ ես տվել կյանքիդ պարտիայում:

– Շախմատում հաղթում են խելացի մարդիկ, իսկ կյանքում՝ խորամանկները: Խորամանկությունը, ինտրիգները կիրառվու՞մ են շախմատում, երբ հակառակորդն օգտագործում է արգելված մեթոդներ: Ասենք՝ կաշառում է քո օգնականին, ում հետ մարզվում ես:

– Շախմատիստի ամենօրյա աշխատանքը շատ նման է հանքափորի աշխատանքին. Երբ փորում ես, փնտրում ես մի բան, որը չգիտես դեռ ինչ է, կամ արդոք կա՞ քո փնտրածն այդտեղ: Որպես կանոն՝ ուժեղ շախմատիստը երբեք չի մարզվում մեկ այլ ուժեղ շախմատիստի հետ: Խաղի ընթացքում դու ինչ-որ նոր քայլեր ես հայտնաբերում, նոր ռազմավարություն հորինում, և ցանկալի չէ, որ մեկ այլ ուժեղ շախմատիստ դա տեսնի: Դրա համար գոյություն ունեն հատուկ օգնականներ, ովքեր թեև լավ խաղացողներ են, բայց ուժեղագույնը չեն:

Այդպես ենք վարվում, որովհետև Ձեր ասած ինտրիգները շախմատում բավական տարածված երևույթ են: Շատ հաճախ օգնականներն իրենց ստացած ինֆորմացիան վաճառում են կամ ի վնասօգտագործում: Բնականաբար, մեր երկրում նման արատավոր երևույթ չկա, բայց միջազգային մասշտաբով այդ պրակտիկան բավական տարածված է:

Ես տարբեր շախմատիստ ընկերներ ունեմ այլ երկրներից, ովքեր բազմիցս բախվել են այդ երևույթի հետ: Անգամ շատ ծիծաղելի դեպքեր են եղել: Մի շախմատիստ իր օգնականի հետ պարապունքների ընթացքում շատ հետաքրքիր մի նոր շարունակություն է հայտնաբերել: Հետո այնպես է ստացվել, որ նրա օգնականը սկսել է պարապել մեկ այլ շախմատիստի հետ ու պատմել է նրան այդ քայլի մասին, բայց տեղյակ չի պահել, թե ով է այդ շարունակության հեղինակը: Ճակատագրի բերումով այդ երկու շախմատիստները խաղացել են իրար դեմ: Եվ պատկերացնում եք, թե որքան մեծ է եղել քայլի հեղինակի զարմանքը, երբ իր հակառակորդը սկսել է խաղալ իր իսկ հորինած շարունակությունը:

– Ստացվում է, որ օգնականներին պետք է մեծ զգուշությամբ ընտերել, ինչպես և երեխաների դայակներին: Դուք վստահո՞ւմ եք Ձեր օգնականներին:

– Անպայման՝ մեծ զգուշությամբ: Իսկ իմ օգնականներին ես վստահում եմ 100 տոկոսով:

– Եթե ժամանակի մեքենա ունենայիք և կարողանայիք հետ գնալ անցյալ, ո՞ր հայտնի շախմատիստի հետ կուզեիք խաղալ և հաղթել:

– Հաղթելը մի քիչ բարդ է ասել…

– Լավ, թող լինի խաղալ…

– Շատ կուզեի Տիգրան Պետրոսյանի հետ խաղալ: Նա շատ հետաքրքիր ոճ է ունեցել: Մենք տարբեր ոճեր ունենք, այնպես որ չեմ կարող անգամ կանխագուշակել կհաղթեի՞, թե կպարտվեի: Կարծում եմ՝ հետաքրքիր խաղ կստացվեր: Կարծես հանդիպել են սառույցը և կրակը:

– Եվ ո՞վ է սառույցը, և ո՞վ կրակը:

– Կարծում եմ՝ ես կրակն եմ (ծիծաղում է):

– Ասում եք՝ ոճ, ոճ… Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ոճը շախմատում:

– Խաղի մեջ ես խորություն եմ փնտրում.գնում եմ խորքը: Տեսնում եմ այնպիսի շերտեր, որոնք չեն երևում: Խաղի ընթացքում փորձում եմ օրենքներից, սահմաններից դուրս գալ և միևնույն ժամանակ ստեղծել այդ օրենքները: Այսպես ձևակերպեմ՝ գտնել նորարական քայլեր, որոնք հետո կդառնան օրենք: Սա է իմ հիմնական մոտիվացիան. ցույց տալ, որ իմ խաղը ոչ թե աբստրակցիոնիզմ է, այլ ներդաշնակ մի բան, որը պարզապես դեռևս տարածված չէ:

– Շախմատում թագավորն ամենաանպաշտպան խաղաքարն է: Եվ թագուհու հիմնական գործառույթներից մեկը նրա անվտանգությունն ապահովելն է: Իսկ կյանքում ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր:

– Շախմատային էվոլյուցիայի ընթացքում թագուհին իսկապես դարձել է ամենահզոր խաղաքարը: Կյանքում ևս կանայք ավելի ուժեղ են դարձել. դա ժամանակի հրամայականն է: Ժամանակակից աշխարհն ապրում է գերարագ ռիթմով: Եթե չհարմարվես այդ ռիթմին, դուրս կթռչես կյանքի գնացքից: Մենք ապրում ենք տեխնոգեն հասարակությունում, ամեն ինչ փոխվում է վայրկյանների ընթացքում: Պատմականորեն տղամարդու հիմնական կռվանը նրա ֆիզիկական ուժն է եղել: Ժամանակակից հասարակությունում ուժի փոխարեն առաջին պլան է մղվել խելքը: Իսկ կանայք ունեն բոլորովին այլ մտածելակերպ. նրանք ավելի ճկուն են, ավելի հարմարվող: Այդ պատճառով նրանք այսօր ավելի են ամրացել: Չէ՞ որ թեկուզ նույն ֆինանսական խնդիրներն ապահովելու համար ֆիզիկական ուժն արդեն էական չէ, եթե իհարկե՝ չես պատրաստվում փողոցում ինչ – որ մեկից խլել դրամապանակը:

 Վերլուծական մտածողություն

 – Սահուն հասանք շատերի կողմից սպասված հարցին: Երբ կինդ շախմատիստ է, արդյո՞ք դա չի բարդացնում քո կյանքը: Չե՞որ շախմատիստը կարող է հաշվարկել բոլոր քայլերդ:

– Այստեղ շատ կարևոր է, թե ով է ավելի ուժեղ շախմատիստ: Եթե դու քո կնոջից ավելի լավ ես շախմատ խաղում, կյանքդ բոլորովին էլ չի բարդանում: Այդ դու ես մի քանի քայլ առաջ տեսնում: Ինձ միայն օգնում է այդ փաստը, որ Արիանան շախմատիստ է: Մենք իրար հասկանում են կես բառից, և ես կարիք չունեմ նրան ամեն ինչ բացատրելու: Երբ կինն ունի վերլուծական մտածողություն, նա հասկանում է, որ յուրաքանչյուր քայլ որոշակիհետևանքի է հանգեցնում: Շախմատիստների համար դա տարրական ճշմարտութուն է: Մենք երկուսս էլ գիտենք, որ անտրամաբանական քայլեր երբեք չենք անի: Եթե ինչ-որ քայլ արվել է, նշանակվում է այն կշռադատվել է և ունի իր հեռահար նպատակը:

– Անգամ վերլուծական մտածելակերպով շախմատիստը առաջին հերթին կին է: Իսկ ցանկացած կին ցանկացած պահի կարող է այնպիսի անտրամաբանական քայլ անել, որ շախմատի բոլոր չեմպիոնները միասին վերցրած զարմանան: Որովհետև նրա հիմքում կինն է…

– Դա ինձ միայն ուրախացնում է, որովհետև այդ պարագայում մենք կարողանում ենք միմյանց լրացնել: Արիանան ավելի զգացմունքային է, ես՝ ավելի սառը դատող: Իսկ կյանքում հակադրությունները միշտ ավելի ձգողական են:

– Արիանան վերջերս ձեռնարկել է սոցիալական նոր նախագիծ՝«Ճամփորդ» անվճար շաբաթաթերը, որըբաժանվում է Երևանի հասարկական տրանսպորտում: Ձեր վերաբերմունքը նրա այդ նախաձեռնությանը:

– Դե, եթե վերաբերմունքս վատ լիներ, Ձեզ բացառիկ հարցազրույց չէի տա (ծիծաղում է): Իսկ եթե ավելի լուրջ՝ կարծում եմ, որ դա շատ կարևոր է: Արիանան մեծ նպատակներ ունի, նա փորձում է այդ նոր ձևաչափով քաղաքային կենսամշակույթ և մթնոլորտ փոխել: Արիանան արդարացիորեն մտածում է, որ այսօրվա հասարակությունը դրական լրագրության կարիք ունի: Ես հավատում եմ Արիանային և ես հավատում եմ «Ճամփորդին»: Հուսով եմ՝ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

– Մենք խոսեցինք վերլուծական մտածողությունից: Այն թույլ է տալիս ինչ-որ չափով կանխատեսել ապագան: Վերջին իրադարձությունների ֆոնին ողջ հայությունը մտահոգված է միայն մի հարցով՝ ի՞նչ է մեզ սպասում:

– Կարևոր չէ, թե ինչ է մեզ սպասում: Կարևոր է՝ թե ինչի ենք մենք պատրաստ: Ես հավատում եմ մեր ազգի միասնությանը, ուժին: Հավատում եմ նրա բացառիկ ունակությանը՝ միավորվել, համախմբվել ծայրահեղ դժվարությունների պահին: Դա գենետիկական մակարդակում մեզանում ծրագրված մի կարողություն է, որը թույլ է տվել հայերին գոյատևել, ապրել ու հասնել 21-րդ դար: Դա է մեր ուժը և հաղթանակի գրավականը: Շատերը զարմացած էին, որ հայերը կարողացան համախմբվել,բռունցք դառնալ: Ես՝ ոչ: Ես ճանաչում եմ իմ ազգին և գիտեմ ինքս ինձ: Ես էլ եմ այդպիսին, որվհետև ես հայ եմ… 

 Հ.Գ. Մոսկովյան անհաջող մրցելույթից քիչ անց, ապրիլի վերջին, Ստավանգերի հայտնի առաջնությունում Լևոն Արոնյանը հանդես եկավ առանց պարտության, իսկ 8-րդ տուրում հիանալի ոճով հաղթեց առաջնության «տան տիրոջը»՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

 Գոհար Հայրապետյան

For English version press here

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register