ԼԵՌՆԱՆԻՍՏ. ՁՄԵՌԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828թ-ին: Նախկինում կոչվել է Վերին Ախտա, 1978 թվականին վերանվանվել է Լեռնանիստ:
Այն Հրազդանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքն է, բնակչության թվաքանակը՝ 3218 մարդ: Համայնքն ունի 663 տնտեսություն: Գտնվում է Երևանից 45 կմ, իսկ Հրազդանից՝ 7 կմ հեռավորության վրա:
Ինչպե՞ս հայտնվեցինք Լեռնանիստում
Լեռնանիստ մեկնելու հրավերը ստացանք Հովհաննես Մարգարյանից, ով համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է։
Խանդավառ, իր աշխատանքը և համայնքը շատ սիրող մարդ, ով ջանք ու եռանդ չի խնայում համայնքի զարգացման, զբոսաշրջային գրավչության բարձացման համար։
Նա դիմավորեց մեզ և ուղեկցեց գյուղի տեսարժան վայրերի ու ձմեռային հանգստի գոտու տարածքում։
Լեռնանիստ համայնքը բարձր լեռնային բնակավայր է, ձմեռային ամիսներին ձյունը առատ է, ձնածածկույթը պահպանվում է ավելի քան 4 ամիս:
Առկա են թեք լեռնալանջեր, որոնք նպաստում են դահուկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի զարգացմանը:
Հովհաննեսը տեղեկացրեց, որ ձմեռային տուրիզմի զարգացման նպատակով 2017 թվականին Լեռնանիստ համայնքում մասնավոր ներդրումներով կառուցվել է դահուկավազքի սահուղի և 350 մետր երկարությամբ ճոպանուղի (բուգել):
Հարակից տարածքում առկա է համապատասխան սպորտային պարագաների տրամադրման կետ, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտ, ապագայում նախատեսվում է կառուցել հյուրատուն և սպասարկման այլ օբյեկտներ:
Օգտակար տեղկություն
Գ Ն Ա Ց ՈՒ Ց Ա Կ | ||
Ճոպանուղի- բուգել | 1 ժամը | 500 դրամ |
1 օրը | 2000 դրամ | |
Փուչիկ -սահնակ | 1 ժամը | 500 դրամ |
1 օրը | 2000 դրամ | |
ներառված չէ ճոպանուղի — բուգելից օգտվելու վճարը | ||
Դահուկ | 1 ժամը | 1000 դրամ |
1 օրը | 3000 դրամ | |
ներառված չէ ճոպանուղի — բուգելից օգտվելու վճարը | ||
Ձյունագնաց ( բուռան) | 1 շրջանը | 2500 դրամ |
10 րոպեն | 5000 դրամ | |
30 րոպեն | 12 000 դրամ | |
1 ժամը | 20 000 դրամ |
Լեռնանիստի պատմամշակութային հուշարձանները
Համայնքում առկա են IV –XIII դարերի պատմամշակութային կոթողներ, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, մատուռներ։
Մենք հասցրեցինք լինել այդ սրբատեղիներից երեքում՝ «Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի» (1892 թ),
«Սուրբ Հակոբ» մատուռ (1861 թ.) ՝ հայտնի «Սուրբ Ավազան» աղբյուրի բուժիչ ջրով,
«Երկու քույրեր» մատուռ կառուցվել է 1980 թվականին և հիմնովին վերակառուցվել է 2014 թվականին։
Լեռնանիստի ազգագրական թանգարանը
Այցելեցինք նաև Լեռնանիստի ազգագրական թանգարան։
Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2015 թվականին և գործում է համայնքի մշակույթի տանը և կառուցվել է համայնքապետարանի աջակցությամբ համայնքի բնակիչ Դավիթ Հակոբյանի հավաքած նմուշների հիման վրա։
Մեծ խումբ Երևանից
Ինչպես նշեցի Հովհաննեսն աշխատանք է տանում տարբեր տուրիստական ընկերությունների հետ, որպեսզի խթանի թե՛ ներգան, և թե՛ ներքին տուրիզմը։ Ահա նման համագործակցության արդյունքում մոտ երեք տասնյակ երիտասարդներից բաղկացած մի խումբ էր ժամանել Երևանից Գևորգ Բաղդասարյանի նախաձեռնությամբ։
Օրվա վերջում Էլյանորա Հայրապետյանի տանը միացանք հենց այդ խմբին։
Երիտասարդներն արդեն հավաքվել էին ավանդական հայկական ճոխ սեղանի շուրջ։ Էլյանորան ընդունում է զբոսաշրջիկներին, ովքեր կարող են համտեսել ավանդական ճաշատեսակներ՝ գյուղում պատրաստված արիշտայից փլավ, գյուղում աճեցվող հաճարով և տնական հավով փլավ, դաշտերում աճող ավելուկի, սիբեխի, մանդակի և այլ բանջարներով բազմատեսակ աղցաններ և ճաշատեսակներ: Նաև կարող են համտեսել գյուղում արտադրվող անարատ մեղր, տնական կարագ, պանիր, տնական թոնրի լավաշ, կազմակերպում է նաև լավաշի պատրաստման մաստեր կլաս։
Իմիջայլոց, նման մի տուր էլ նախատեսված է հունվարի 20-ին, մանրամասներն՝ այս հղումով։
Շնորհակալության խոսք
Շնորհակալ ենք Հովհաննես Մարգարյանին հրավերի ու ջերմ ընդունելության համար։
Վստահ ենք՝ զբոսաշրջիկների շատ մեծ հոսք է սպասվում Լեռնանիստում, բայց հուսանք նաև որ մեր հայրենակիցները ևս կշտապեն բացահայտել լեռների մեջ թաքնված այս մեծ գանձը։