ՂԵԿԱՎԱՐԻ ԼԱՎՆ Ու…ՄՆԱՑԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

ԽԱՌՆԻԽՈՒՌԸ

Աշխատել լավ մենեջերի ղեկավարության ներքո, թեկուզև ամենածանր խնդրի վրա, իսկական հաճույք է:Բոլորովին այլ բան է վատ ղեկավարի հետաշխատելը, թեկուզ ամենահեշտ խնդրի վրա։Ուր էլ գնաս՝ գլխիդ մի ղեկավար կա, կամ էլ դու ինքդ ես այդ պոտենցիալ պատուհասը, որովհետև ցավոք, որևէ մեկը ապահովագրված չէ վատ ղեկավարի հետ աշխատելու, կամ վատ ղեկավար դառնալու հեռանկարից։ Վատ ղեկավարին բնորոշ է.

-Սկանդալային ոճը։ Նա սիրում է գոռալ իր ենթակաների վրա, երբ ինչ-որ բան ըստ իրեն, կարգին չէ, կամ թեկուզ, առանց որևէ պատճառի։

– Մանրախնդրությունը:Այս ղեկավարը կարծես միշտ կանգնած է իր ենթակաների «շնչին»։ Նա ցանկանում է իմանալ, թե ինչով եք դուք զբաղվում ամեն պահի, սիրում է խորհուրդներ և ցուցումներ տալ, երբ դրանց կարիքը ընդհանրապես չկա և այլն։ Նա ձգտում է ամեն կերպ վերահսկել իր ենթակաների աշխատանքը։

– Ամեն ինչ ինքնահոսի թողնելը: Նա երբեք չի խառնվում իր ենթակաների գործին, սակայն, որքան էլ դա առաջին հայացքից լավ թվա, արդյունքում նա իր ենթականերին թողնում է առանց օգնության, իսկ որպես հետևանք կարող է առաջանալ բարձիթողի վիճակ, և աշխատանքի արդյունավետությունը հավասարվել զրոյի։

– Հիմարությունը։ Այստեղ կարծես ամեն ինչ պարզ է։ Եթե սրան ավելացնենք նաև այն, որ ենթակաները ստիպված են միշտ նրան սովորեցնել ինչ-որ բաներ, համոզել իրենց իրավացի լինելը, ապա ստացվում է, որ նման ղեկավարը ուղղակի խանգարում է ընդհանուր աշխատանքին, իսկ նրա կայացրած որոշումներն ուղղակի վտանգավոր են։

– Փառասիրությունը: Նա ձգտում է յուրացնել բոլոր ձեռքբերումներն ու քաղել գովասանքները։ Նման ղեկավարը փաստացի որևէ կերպ չի մասնակցում աշխատանքներին, սակայն դրա հետ մեկտեղ՝ հազվադեպ է կիսում խրախուսանքն ու արդյունքները աշխատանքն իրականում կատարողների հետ։

– «Ամենագետ» լինելը:Սրան թվում է, թե աշխարհում ամեն ինչ գիտե։ Նման ղեկավարներին անհնար է որևէ բան ապացուցել կամ հասկացնել։Եվ դեռ անընդհատ էլ փորձում է ենթականերին ինչ-որ բան սովորեցնել,մանավանդ երբ դրա կարիքը ընդհանրապես չկա։

– Օբյեկտիվ չլինելը: Այս ղեկավարը ունի«սիրելիներ»։ Նա ընտրում է իր «ֆավորիտներին» աշխատանքի հետ կապ չունեցող չափանիշներով, ապահովում է նրանց հանիրավի առաջխաղացումը և այլն։Այսպիսի մոտեցումը ավիրում է կոլեկտիվի բարոյական մթնոլորտը և քայքայում աշխատանքը։

Ի հակադրություն վատ ղեկավարի, լավ ղեկավարը նա է, ում մասին դրականորեն են խոսում բոլոր ենթակաները և որին երկար հիշում են, նույնիսկ այն բանից հետո, երբ դադարում են աշխատել նրա հետ։

Իհարկե վատերին էլ են հիշում, բայց բոլորովին այլ բառերով։ Ցանկացած անձ կարող է դառնալ լավ ղեկավար։ Բավական է ձևավորել որոշակի հատկանիշներ և գործելուց առաջ մտածել հետևանքների մասին։ Ի վերջո, ղեկավարի սխալներն ուղղակիորեն անդրադառնում են բոլորի վրա։ Ենթակայի աչքերում լավ ղեկավարն առաջին հերթինհարգալից մարդ է։Նա գնահատում է արժանապատվությունը և երբեք չի փորձում վիրավորել կամ նվաստացնել։ Լավ ղեկավարի մյուս հատկանիշը լսելու, հասկանալու, ենթակաների խնդիրներին լուծում տալու պատրաստակամությունն է, որն էլ հենց բերում է լոյալության նրա նկատմամբ։ Լավ ղեկավարը կատարում է ոչ միայն պարտավորությունների այլև իրավասությունների պատվիրակում իր ենթականերին, ինչը նրանց մոտ ավելի արդյունավետ աշխատելու լրացուցիչ մոտիվացիա է առաջացնում։Նա հիմնականում հրաշալի գիտի իր աշխատանքը և ենթակաների ծառայողական պարտականությունները։ Միևնույն ժամանակ չի ամաչում որևէ նոր բան սովորել հենց իր ենթականերից։ Լավ ղեկավարը միշտ շփվում է իր աշխատողների հետ, տեղեկացնում, թե ինչ և ինչու է կատարվում կազմակերպությունում։ Մարդկանց հետ շփումը նա օգտագործում է նրանց մոտիվացման համար։ Իհարկե, կարևորագույն հատկանիշներից մեկն էլ հումորի զգացումն է։ Նրա ծիծաղելու, ¥այդ թվում՝ ինքն իր վրա¤ ունակությունը միմիայն օգնում է նրա հանդեպ սիրո ու հարգանքի ավելացմանը, վստահության ամրապնդմանը։ Եվ իհարկե՝ լավ ղեկավարը մշտապես նշում է ենթակաների ձեռքբերումները։ Գովասանքը, նյութական խրախուսանքը, աշխատանքում առաջխաղացումը, և վերջապես՝ մի քանի քաղցր խոսքը կարող են հրաշքներ գործել աշխատակիցների աշխատանքի արդյունավետության, նրանց նվիրումի և մոտիվացման հարցում։ Լավ ղեկավարի հատկանիշները բնականաբար շատ են, սակայն եթե փորձենք ընդհանրացնել, ապա կստացվի, որ դրանք բնորոշ են լավ և սիրված մարդուն ընդհանրապես, անկախ նրա կարգավիճակից։ Ամփոփենք մեջբերելով հին հույն փիլիսոփա Սոկրատեսի խոսքերը. «Նա, ով չի կարողանում ենթարկվել, երբեք չի կարողանա և ղեկավարել»։ Թերևս, ցանկացած լավ ղեկավար պետք է իր կյանքի ինչ-որ հատվածում լինի ենթակա՝ հետագայում իր ենթակաների հասկանալու և նրանց հետ ճիշտ փոխհարաբերություններ կառուցելու համար։ Ի վերջո ղեկավարը ղեկավար է իր ենթականերով և չկա՛ ղեկավար առանց ենթակայի։

Աշխարհաբեկ Իվանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register