ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ  ԱՇԽԱՐՀՆ ՕՐԵՆՔԻ «ՊԱՏՈՒՀԱՆԻՑ»

yerevan-elections

Հայաստանի Հանրապետությունում ներկա դրությամբ գործում է 79 կուսակցություն: Նրանց մեծամասնության մասին շատերս անգամ գաղափար չունենք: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերը գրանցման փաստաթղթերը ԿՀԸ (Կենտրոնական ընտրական հանձնաժողով) են ներկայացնելու փետրվարի 6-16-ը: Այսինքն՝ շուտով պարզ կլինի, թե հատկապես որ կուսակցություններն են «ողջ» և «արթուն», իսկ որոնք՝ «մեռյալ հոգիներ»՝ թղթի վրա նախադասություններ դարձած: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները բացառիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորի, ինչպես նաև Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու անդամի թեկնածուներ: Ընդհանրապես , ինչպե՞ս են կազմավորվում կուսակցությունները, ի՞նչ պահանջեր է դրված նրանց առջև, որ դեպքում են նրանք պետական ֆինասավորում ստանում:  Նշված հարցերի պարզաբանման համար «Ճամփորդն» ուսումնասիրել է օրենքը: Ուշագրավ մանրամասների և օրենքի դրույթների մասին՝ ստորև:

Ի՞նչ է իրենից ներկայացնում կուսակցությունը

Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է: Պետական գրանցման պահից  ի վեր կուսակցությունը ձեռք է բերում ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ:

Ի՞նչպես է ստեղծվում կուսակցությունը

Կուսակցությունը ձևավորվում է ՀՀ քաղաքացիների նախաձեռնությամբ` հիմնադիր համագումարի որոշմամբ, որին պետք է մասնակցեն նվազագույնը 100 մարդ:

Պետական գրանցման մասին

Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 800 անդամ, որոնք ներկայացնում են Երևան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքը և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/4-ը, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումներ`1) Երևան քաղաքում` առնվազն երեք ստորաբաժանում կամ 2) Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում` յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում կամ 3) Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/4-ում` յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում:

Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում գրանցում է կուսակցությունը կամ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վերադարձնում է պետական գրանցման դիմումը կամ մերժում է կուսակցության պետական գրանցումը:

Երբ չեն գրանցում կուսակցություններին

Պետական լիազոր մարմինը մերժում է կուսակցության պետական գրանցումը, եթե՝ կուսակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթներն ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի տապալմանը: Կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում օրենքի պահանջներին: Կուսակցության պետական գրանցման դիմումը ներկայացվել է կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից մեկ տարի անց:

Ովքեր կարող են դառնալ անդամ

Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած ՀՀ գործունակ քաղաքացիները: Յուրաքանչյուր անձ կարող է միաժամանակ լինել միայն մեկ կուսակցության հիմնադիր: Կուսակցության հիմնադիր կամ անդամ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննիչները։ Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ: Սահմանադրության համաձայն` իրենց լիազորությունների իրականացման  ժամանակահատվածում կուսակցության անդամ չեն կարող լինել Հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները:

Աջակցություն և պետական ֆինանսավորում

 Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով սահմանված կարգով բոլոր կուսակցություններին հավասար և ոչ խտրական պայմաններով ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ հիմնադրված զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու հնարավորություն: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,04-ապատիկի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից: Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին «կողմ» տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երեք տոկոսը:

Կուսակցությունների գործունեության կասեցում և արգելում

Կուսակցության գործունեությունը կասեցվում է, եթե այն երկու անգամ անընդմեջ չի մասնակցել Ազգային ժողովի կամ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին: Այս դեպքում կուսակցության գործունեությունը կասեցվում է մեկ տարի ժամկետով, որից հետո եթե կուսակցությունը չի մասնակցում վերը նշված ընտրություններից որևէ մեկին, հետևում է նույն պատժամիջոցը: Այսինքն, նշված 79 կուսակցություններից շատերի գործունեությունը կասեցվելու է: Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արգելման ենթակա է այն կուսակցությունների գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով: Կուսակցության գործունեության արգելումը հիմք չէ այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու համար:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register