ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ  ՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՈՒԿԼԵՏՆԵՐՈՒՄ

222

Ընդամենը մի քանի օր է մնացել մինչ ԱԺ ընտրությունները: Քարոզարշավի վճռորոշ շաբաթն է մեկնարկում: Մրցապայքարի դուրս ելած ուժերը տարբեր ուղղություններ բռնած այցելում են Հայաստանի տարբեր անկյուններ՝ տեսադաշտից դուրս չթողնելով և ոչ մի «Ծմակուտ»:  Փորձում են գայթակղիչ խոստումներով և տեսլականներով համոզել, որ իշխանության դերում  հայտնվելուն պես հենց իրենք կարող են լուծել առկա խնդիրները:

«Ճամփորդը» շարունակում է անդրադառնալ կուսակցությունների նախընտրական ծրագրերին: Այս շաբաթ ներկայացնում ենք կրթության և գիտության ոլորտին վերաբերող ուշագրավ կետերը:

Հայաստանի կրթության ոլորտի խնդիրներին շատերն են տեղյակ: Կոռուպցիայի հուժկու  ալիքը ներխուժել է դպրոցներ և համալսարաններ: Տարեցտարի ուժգնանում է  դժգոհությունն առ այն, որ ուսանողները  բարձրագույն  ուսումնական հաստատություններում բավարար գիտելիք չեն ստանում, իսկ մասնագիտության վերաբերյալ էլ պատկերացում կազմում են միայն աշխատավայրում: Գիտնականները շարունակում են ցածր վարձատրվել,ինչի պատճառով էլ նրանց մի մասը արտագաղթում է:

Զանգվածային լրատվամիջոցներում մեծաթիվ են հրապարակումներն այն մասին, որ պետական բյուջեից սնվող կրթական հաստատությունների ղեկավարները հատկապես ընտրություններից առաջ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, աշխատանք են կատարում իշխանության համար: Քաղաքական լեզվով ասած` տեղի է ունենում վարչական ռեսուրսի չարաշահում: Ընդ որում, այս համակարգը միայն կրթօջախի ղեկավարով չի սահմանափակվում, գործում է հստակ բուրգ` կրթական բաժինների պատասխանատուների, ուսմասվարների, ուսուցիչների, մանկապարտեզների դայակների մասնակցությամբ: Թերևս շատերը գիտեին այս մասին, բայց միայն վերջերս` մարտի 24-ին համացանցում բաց ինֆորմացիայի տեսքով տարածվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացված հետաքննությունը՝ 114  հեռախոսազանգ-ձայնագրություն Երևանի  և մարզերի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեների  հետ: Ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է փաստերը:

Ակնհայտ է, որ երեխաներին կրթելը միայն գիտելիքի փոխանցմամբ չի սահմանափակվում: Կամա թե ակամա յուրաքանչյուր ուսուցիչ (դայակ) ազդում է երեխայի հոգեբանության ու աշխարհընկալման վրա: Այս դեպքում ի՞նչ պետք է սովորեցնի երեխային՝ ղեկավարության կողմից  ճնշված, կոտրված, անսկզբունքային ուսուցիչը: Ընդհանրապես պատահական չէ, որ վերջին 10 տարում Երևանի մասնավոր դպրոցների աշակերտների թիվը կրկնապատկվել, իսկ տնային ուսուցման կողմնակիցների թիվն էլ ավելացել է:

Այսպես, վերադառնալով նախընտրական ծրագրերին` նշենք, որ յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագրերից ստորև ներկայացնելու ենք կրթությանը և գիտությանը վերաբերող ուշագրավ կետերը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առաջին համարը ստացած «Ելք» դաշինքը մտադիր է ռեալիզացնել  ՏՏ ոլորտում առկա Հայաստանի հսկայական  ներուժը` պետական դպրոցներում ստեղծելով տեխնոլոգիական լաբորատորիաներ: «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ուսումնական հաստատությունների ղեկավար կազմին կարգելվի որևէ կուսակցության անդամ լինել: Կխրախուսվի ուսուցիչների միասնական արհմիութենական շարժման ձևավորումը, որը կպաշտպանի ուսուցիչների շահերը:

Կստեղծվի հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության կենտրոն, որը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բոլոր փուլերում համագործակցությամբ կաջակցի հաշմանդամություն ունեցող ուսանողների որակյալ և մատչելի կրթության ապահովմանը:

Պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձինք կստանան ոչ միայն զինվորական, այլև քաղաքացիական կրթություն»:

  • Ազատ դեմոկրատները», որ հանդես են գալիս երկրորդ համարով, նույնպես ունեն ԲՈՒՀ-երն ապակուսակցականացնելու նպատակ: Նրանք մտադիր են՝
  • Մագիստրոսական կրթության մակարդակի տևողությունը սահմանել 1 տարի, մասնագիտությունների որակավորման ցանկն ու կրթության որակի մակարդակը համապատասխանեցնել շուկայական տնտեսության ժամանակակից պահանջներին:

ԲՈՒՀ-երում վերականգնել ռազմական ամբիոնները` սպայական կազմի պատրաստման համար խիստ օգտակար մրցակցային դաշտ ստեղծելու հեռանկարով: Առավել սերտ ու ակտիվ համագործակցություն հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի գիտական հաստատությունների միջև:

Ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության (դրույք) 18 ժամյա չափանիշը, որով թե՛ ուսուցչի աշխատավարձը կբարձրանա, թե՛ ուսուցչին հնարավորություն կտա զբաղվել ինքնակրթությամբ»:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր նախընտրական ծրագրի 30 քայլերից երկուսում անդրադարձել է կրթության և գիտության հարցերին:

  • Ուսումնարանների, քոլեջների համակարգի զարգացում, բուհերում ընդունելության քննությունների վերացում, սոցիալապես անապահով ընտանիքների համար անվճար կրթության երաշխավորման մեխանիզմների սահմանում, պետպատվերի փոխարեն, այդ անձանց գումարային կրթական սերտիֆիկատների տրամադրում:

«Գիտության և կրթության ոլորտներին ֆինանսավորման ավելացում, գիտության մեջ կիրառական բաղադրիչի ընդլայնում` առևտրայնացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ներդրմամբ»:

Չորորդ համարով առաջադրված «Ծառուկյանե դաշինք»ի 15 առաջնահերթ կետերը գլխավորապես  վերաբերվում են տնտեսությանը կամ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքին և միայն վերջին կետով առաջարկվում է.

  • «Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից»:
  • «Կոնգրես-ՀԺԿ դաշինք»-ն առաջարկում է ԲՈւՀ-երը և գիտահետազոտական ինստիտուտները մեկ միասնական հաստատության մեջ միավորելու քաղաքականություն:
  • Անցնել կրթության հավաստագրային ֆինանսավորման։ Պետք է ֆինանսավորվեն ոչ թե դպրոցները, այլ քաղաքացիները, որոնք էլ կընտրեն համապատասխան կրթօջախը։

«ԲՈւՀ և մասնագիտություն ընտրելու ազատ իրավունքը վերապահել դիմորդին: Կրթական նախորդ աստիճանում արձանագրած ցուցանիշների հիման վրա դիմորդը կստանա համապատասխան կրթական դրամաշնորհ և կընտրի իր մասնագիտությունը։ Պետպատվերն այսպիսով կարգավորվելու է ոչ թե մասնագիտություններին հատկացվող տեղերի քանակով և ըստ ԲՈւՀ-երի տեղաբաշխմամբ, այլ դիմորդներին և ուսանողներին կրթական դրամաշնորհների տրամադրմամբ»:

Հաջորդ` 6-րդ համարով հանդես եկող «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»(ՀՀԿ), ինչպես մյուս բնագավառներին, այնպես էլ կրթությանն ու գիտությանը վերաբերող  դիտարկումները ներկայացրել է նախընտրական  ծրագրի՝ «Մեր ախտորոշումն է» վերնագրված հատվածում:

«Կրթական ծրագրերի անբավարար մակարդակ և առկա պահանջների հետ անհամապատասխանություն: Դասագրքերի բովանդակության չափանիշների և կազմման թերի մեթոդաբանություն: Գյուղական դպրոցներում որակյալ ուսուցում ապահովելու համար առկա մանկավարժական և նյութատեխնիկական միջոցների անբավարարություն»:

Հաջորդիվ ներկայացվում են լուծման տարբերակները.

  • Իրականացնել բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումներ` կապելով ֆինանսավորումը յուրաքանչյուր առարկայի, այլ ոչ թե կիսամյակի հետ: Ապահովել առցանց դասընթացների, տեսադասերի և պարապունքների մշակումը, ներդրումն ու հասանելիությունը ՀՀ գյուղական համայնքներում»:
  • Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով հանդես եկող Կումունիստական կուսակցությունն առաջարկում է գիտությանը հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը: Կոմունիստներն իշխանության գալու դեպքում վերադառնալու են խորհրդային կրթական համակարգին:
  • Պետք է վերականգնվի ուսուցչի երբեմնի հեղինակությունը, խթանվի նրա ազգանվեր ու ազգածին գործունենությունը:

ՀՆԱ-ի աճին զուգընթաց ապահովել անվճար բարձրագույն կրթություն պետական բուհերում»:

8-րդ համար` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն առաջարկում է.

  • Գիտության ֆինանսավորումը հասցնել գիտության դերը կարևորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3 տոկոսին: Համապատասխան օրենքներում փոփոխություններ մտցնելու ճանապարհով՝ գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումներն ազատել բոլոր տեսակի հարկերից ու մաքսերից: Ապահովել 2000թ. ընդունված «Թոշակի անցած գիտաշխատողների հավելավճարների մասին» օրենքի կիրառումը ամբողջ ծավալով: ՀՀ հիմնարար գրադարանները հագեցնել ուսումնական, գիտական և գիտամեթոդական անհրաժեշտ գրականությամբ, ձևավորել գրադարանների տեղեկատվական զինանոցի համացանց:

Էապես վերանայել ուսուցիչների աշխատավարձը, որը կնպաստի հանրակրթության մեջ տղամարդ ուսուցիչների թվի ավելացմանը։ Առանց բացառության ապահովել բոլոր ավագ դպրոցների ուսուցիչների պատշաճ կրթական մակարդակն ու աշխատավարձի 20% հավելավճարը: Ապակուսակցականացնել բուհերի կառավարման խորհուրդներն ու բացառել բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ` ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և այլոց նշանակումը բուհերի խորհրդի նախագահի պաշտոնում»:

Վերջին` 9-րդ համարով առաջադրված «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» (ՀՅԴ ) համեմատաբար քիչ է անդրադառնում կրթության և գիտության ոլորտին.

«Կրթական պետական պատվեր ձևավորելիս առաջնորդվել տնտեսության արդի և հեռանկարային կարիքներով: Բիզնեսը, գիտական ու կրթական համակարգերը պետք է սերտորեն համագործակցեն»:

 

Նախընտրական ծրագրերից արված ծաղկաքաղը՝

Գարեգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register