ԿՐՈՆԻ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

stepan

21-րդ դարն առանձնանում է կրոնական ծայրահեղականությամբ, կրոնական հողի վրա ծայր առած պատերազմներով, հազարավոր մարդկանց կյանք խլած ահաբեկչական գործողություններով: Ինչպիսի՞ն է կրոնի դերը  մեր օրերում, այն ամրապնդում է իր դիրքերը,թե հակառակը՝ քաղաքական և սոցիալական ծրագրերին և գաղափարախոսություններին զիջում երբեմնի իր դիրքերը: Այս թեմայի շուրջ է ծավալվել «Ճամփորդ»-ի զրույցը՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

 

–  Պարոն Դանիելյան,Ձեր կարծիքով  21-րդ դարում կրոնի դիրքերը գնալով թուլանո՞ւմ,  թե՞ ամրապնդվում են: Խոսքը վերաբերում է ոչ թե քրիստոնեությանը,  այլ կրոնին՝ ընդհանրապես:

 –  Հարցին միանշանակ պատասխանելը շատ դժվար է, գիտական ու  փորձագիտական շրջանակներում ցայսօր էլ դրան առնչվող վեճեր են ընթանում: Ոմանց մոտ համոզում կա, որ դրանք քաղաքակրթական բախումներ են: Օրինակ,  Հանթինգթոնի հանրահայտ տեսակետը: Շատերն ասում են, որ  նրա կանխատեսումներն իրականանում են:  Շատերն էլ այն համոզմանն են, որ այսօր կրոնն ուղղակի օգտագործվում է՝ ինչ-ինչ քաղաքական և  աշխարհաքաղաքական  հարցերի լուծման նպատակով: Այսինքն, այս հարցի առնչությամբ՝ միանշանակ պատասխան չկա:  Փաստն այն է, սակայն,  որ եթե 20-րդ դարի սկզբին քաղաքական գործընթացը խարսխվում էր սոցիալական տեսությունների  հիման վրա,  այդ թվում և իսլամական աշխարհում, բոլոր կուսակցությունները սոցիալիստական էին կամ ազգային, կոմունիստական կամ  հակակոմունիստական, լիբերալ, անգամ տեռորիստական  խմբավորումները նույնպես սոցիալական հողի վրա էին ( օրինակ Կարմիր բրիգադները), նույնիսկ Քրդստանում պատահական չէր ազգային շարժումը  Բանվորական կուսակցության հիմքի վրա, ապա հիմա` իրավիճակը  էապես փոխվել է: Սոցիալական տեսություններն ընկրկում են և հիմա իսլամական աշխարհում կրոնական ակտիվացում է նկատվում, որն իր հետևից բերում է աշխարհիկ Եվրոպայի կրոնական ռադիկալիզացմանը: Այսինքն՝ մի կողմից անհեթեթ է, որովհետև Եվրոպան աշխարհիկ գաղափարների վրա է հիմնված, մյուս կողմից իսլամին հակազդելու համար  կրոնական ուղղություններն են ուժեղանում, սակայն հիմքում ունենալով  ոչ թե հավատը, այլ պաշտպանվելը: Նույն քննարկումները այսօր գնում են Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր: Համոզվածություն կա, որ իսլամի  կամ իսլամական ծայրահեղության դեմ պայքարելու համար  պետք է քրիստոնեական եկեղեցին ուժեղանա: Որովհետև դա ոչ միայն կրոնի, այլ նաև ինքնության խնդիր է: Եվ որոշ մարդիկ անգամ աշխարհիկ պատճառներով՝ գնում են եկեղեցի:

– Մի կողմից  իսլամի ուժեղացում, մյուս կողմից քրիստոնեության թուլացում. համաձա՞յն եք տարածում գտած այս մտքի հետ:

 – Ես դա այդպես չէի ասի, որովհետև կրկին ամեն ինչ այդքան էլ միանաշանակ չէ:  «Իսլամական պետություն» և այլ կազմավորումները, «Իսլամական եղբայրներ» կուսակցության ակտիվացումը ոչ միայն իսլամի ուժեղացում, այլ նաև իսլամական աշխարհում գնալով խորացող դեպրեսիայի առաջացման պատճառ կարելի է դիտարկել, որովհետև բոլորը չեն իսլամական արմատականներ: Կան նաև այլ միտումներ: Բանն այն է, որ իսլամական համարվող Ալժիրում, Թունիսում, անգամ Իրանում արդեն  մեծ քանակությամբ  գաղտնի քրիստոնյաներ են հայտնվել: Իրանում,որոշ տվյալների համաձայն, քրիստոնյաները արդեն 2 միլիոնից ավել են, Ալժիրում, Թունիսում ևս  վերջին շրջանում նման միտումներ են նկատվում: Դա իսլամ դավանող բնակչության՝ կրոնից ունեցած  հիասթափության վկայություն կարելի է համարել: Տեսնելով այդ  ծայրահեղական խմբավորումների գործունեությունը և գործելաոճը` շատերը  սկսում են հեռանալ կրոնից:

– Փաստորեն իսլամից հիասթափությունը գնում է ոչ թե աշխարհիկացման ուղղությամբ, այլ քրիստոնյաների ավելացման…

 – Որովհետև  իրենք այդ պատճառը տեսնում են Իսլամի մեջ: Մի մասն, իհարկե, գնում է  աշխարհիկացման ուղղությամբ, մյուս մասը` դեպի քրիստոնեություն: Դա ամենից շատ իրանցիների պարագայում է արտահայտվում, որովհետև նույն Եվրոպայում  և Ամերիկայում մեծ է քրիստոնեություն ընդունող պարսիկների թիվը : Իրանում, ըստ տարբեր տեղեկությունների, արդեն 2 միլիոնի չափ տնային խմբակներ կան, հիմանականում «50-ականներ»  և «Խարիզմատներ»:

–  Ձեր կարծիքով, հնարավո՞ր է երրորդ համաշխարհային պատերազմը ծագի հենց կրոնական հողի վրա:

 – Դժվար է նման բան պատկերացնելը, որովհետև պատերազմն այսօր գնում է հենց իսլամական աշխարհի ներսում, շիաների և սուննիների մեջ: Սա հատուկ  խրախուսվում է, թե ոչ, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ  պատերազմը գնում է  իսլամի ներսում:  Եվրոպայում,իհարկե,  ահաբեկչություններ, նույնով պայմանավորված զոհեր լինում են, բայց դա պատերազմ չէ: Այսինքն այն քանակի զոհեր, այն քանակի փախստականներ, և այն ծավալի գաղափարական և կրոնական դեգրադացիա, որ իսլամական աշխարհում է կատարվում, համեմատելի չէ: Սա ներիսլամական պատերազմ է, ոչ թե  միջկրոնական:

– Ի վերջո, 21-րդ դարը «կրոնազերծման»,  կրոնից ազատվելու դար է, թե՞ ոչնչով  չի տարբերվում անցյալից:

 – Աշխարհիկացման գագաթնակետը  20-րդ դարն էր, և առաջին աշխարհիկ երկիրը Ֆրանսիան էր, որը  1905 թվականին պաշտոնապես պետությունը և եկեղեցին տարանջատեց: Աշխարհիկացման գագաթնակետը 20-րդ դարն էր, և դրա գագաթնակետը  աթեիստական, կոմունիստական երկրներն էին:  ԽՍՀՄ-ի  և սոցիալիստական պրոեկտի անկման հետևանքով շատերը սկսեցին հիասթափվել նաև այդ հակադրությունից,  և հիմա կամաց-կամաց կրկին կարևորվում է կրոնը:  Սակայն կրոնը՝ ոչ միայն որպես հավատ, այլ նաև որպես սոցիալական նախագիծ:

Բայց հիմա 21-րդ դարն է, որը նոր իրողություն է, և որը կրոնի ազդեցության տեսանկյունից միանշանակ գնահատելը  դժվար է: Շատերի համար անհասկանալի  գործընթացներ են գնում…

 

ՍԱՐԳԻՍ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register