ԿՈՐՍՏՅԱՆ ՑԱՎՆ Ու ՑԱՎԻ ԽՈՐՀՈւՐԴԸ

2

Կյանքի ձեռքբերումներին «թևանցուկ»՝ քայլում են նաև կորուստները։ Ու ցավոք, միշտ չէ, որ դրանք լինում են գործնական կամ «տեխնիկական»։ Մարդկային կորուստներն անդառնալի են: Դրանք մեկընդմիշտ փոխում են բոլորիս կյանքը՝ մեզանից տանելով մի մասնիկ ։   Խաղաղ պայմաններում  թիմային աշխատանքից խուսանավող և նախապատվությունն առավելապես անհատական գործելաոճին տվող հայերը, ծայրահեղ իրավիճակներում կարողանում են  զարմանալիորեն միասնական դառնալ, իսկ ցավի դեպքում էլ՝ կայծակնային արագությամբ համախմբվել։ Խոստովանեմ, սա ինձ համար նորություն էր, քանի որ Ավստրալիայում այդպես չէ։ Օրինակ, այնտեղ, երբ ընտանիքի անդամներից մեկը մահանում է, թաղման արարողությանը ներկա են լինում միայն ամենամտերիմները, բացառիկ դեպքերում՝ հանգուցյալի շատ մոտ ընկերները, և՛ վերջ։ Հայաստանում թաղման արարողություններին ներկա են լինում համարյա բոլոր այն մարդիկ, ովքեր երբևէ շփվել են հանգուցյալի հետ։ Սրանից բացի, իբրև հարգանքի արտահայտություն, թաղման արարողություններին մասնակցում են մարդիկ, ովքեր  ծանոթ են հանգուցյալի բարեկամներից որևէ մեկին։

Մենք  զգացմունքային ազգ ենք, սա մեր թուլությունն է, ու ուժը՝ նայած թե ինչպես ենք այն օգտագործում։ Զգացմունքային լինելն օգնում է մեզ կյանքն ավելի գեղեցիկ զգալ, կարեկցել ուրիշներին, լինել հոգատար ու սիրալիր։ Բայց դրա ավելցուկը խանգարում է սթափ գնահատել իրավիճակը, հույսը դնել դատողությունների, և ոչ երբեք՝ զգացմունքների վրա։ Սրտով մտածելը լավ է, սակայն այն պետք է ըստ անհրաժեշտության կիրառել։ Իսկ ցավի մեջ այս ամենը հատկապես լավ է երևում։ Երբ տեսնում ես, թե ինչպես են հարազատներն անկեղծորեն հուզվում իրենց  բարեկամի կորստի համար, երբ տեսնում ես, թե որքան հոգատար են դառնում նրանք նման դեպքերում, հասկանում ես, որ ցանկության դեպքում կարող ենք այսպիսին լինել ցանկացած ժամանակ։

Վերջերս առաջին անգամ ներկա գտնվելով հուղարկավորության մի արարողության՝ անկեղծորեն տպավորվել էի։ Չնայած շատ եմ ճանապարհորդել, բայց նման բան առաջին անգամ էի տեսնում։ Անհատի կյանքից հեռանալն այստեղ ընկալվում է իբրև հասարակության մահ, հասարակության  անդառնալի կորուստ: Մինչդեռ Արևմուտքում, ի մասնավորի Ավստրալիայում, անհատի կորուստը գլխավորապես նրա ընտանիքի կորուստն է դիտարկվում: Հասարակության շարքերը լքած անդամի կյանքի նմանօրինակ արժեվորումը  Հայաստանում,հիրավի տպավորիչ է և ինչ-որ չափով պարտավորեցնող: Սա հիշեցնում է, ապրած կյանքով՝ հասարակության արժանավոր զավակը լինելու պատվին արժանանալու  խորհրդի մասին:

Կանցնի որոշ ժամանակ ու փոփոխության կենթարկվեն նաև հանգուցյալի շուրջ խմբվող մարդկանց շարքերը։ Ու այդ ժամանակ, երբ մեկուսի ցավի մեջ լսենք  մեր սրտի բաբախյունը, միանշանակ կհասկանանք, որ միայն ցավը չէ, որը մեզ պետք է իր շուրջբոլորը մեկտեղի։ Մենք պետք է հատկապես երջանկության մեջ միասնական լինենք։ Չէ՞ որ մենք այն ժողովուրդն ենք, որին նկարագրելիս ասում ենք՝ ջիգյարով ենք։ Իսկ տխուր առիթները թող մեր տներից  հնարավորինս հեռու մնան։

Սիրով` ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register