ԿՆԵՐԵՔ, ԴՈւՔ  ԶԲԱՂՎԱ՞Ծ ԵՔ

5

Վերջերս երիտասարդության միջազգային  օրն էր: Մեր երիտասարդությունը նաև  տեղական տոնական օր ունի, սակայն հարկ է նկատել, որ հատուկ օրերի  առատությունից  հայ   երիտասարդների խնդիրներն ամենևին էլ չեն  պակասում: Զբաղվածության  ոլորտում առկա  առաջնահերթ  խնդիրներից  է դիտարկվում երիտասարդների  գործազրկության  բարձր  մակարդակը: 2015 թվականին՝ գործազուրկների 37%-ը եղել են երիտասարդներ: Նրանց  42,3%-ը չօգտագործվող աշխատուժ է, իսկ 16,8%-ը՝ գործազուրկ:

Հայաստանում, ինչպես և   աշխարհում, երիտասարդների  ամենամեծ  խնդիրն  իրապես գործազրկությունն  է: Անցկացված հարցումների համաձայն՝ նրանց  70%-ը մեր երկրում՝ ներկայումս չի զբաղվում եկամուտ ապահովող որևէ գործունեությամբ: Երիտասարդական  կազմակերպություններից մեկի հարցումներով՝ 16-30  տարեկան  երիտասարդների ավելի  քան  80%-ի համար շարունակում  է առաջնահերթ  խնդիր մնալ գործազրկությունը, 48%-ի համար՝ ցածր աշխատավարձը և 35%-ի համար՝ բնակարանային ապահովման խնդիրները:

Գործազրկությունը Հայաստանում  երիտասարդությանն առնչվող լրջագույն խնդիր է: Վերջին  տարիների տվյալներով ԱՊՀ երկրների ցանկում  այս գծով մենք առաջին տեղերում ենք: Վիճակագրությունը  փաստում  է, որ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության 18%-ից ավելին գործազուրկ է: Խոսքը  շուրջ  224 հազար քաղաքացիների  մասին  է: Այլ  կերպ ասած`  աշխատունակ  11 քաղաքացիներից  2-ը  գործազուրկ  են:  Սա՝ 2016թ. սեպտեմբերի դրությամբ:

Ըստ  Համաշխարհային  բանկի  և  Ազգային  վիճակագրական ծառայության  տվյալների՝ անկախության  26  տարիների (1991-2016թթ.) ընթացքում Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կազմել է 21,7%:  Գործազրկության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել  է 2001թ.՝ 35,9%, ամենացածրը՝  2013թվականին՝ 16,2%:  Սակայն վերջին  տարիներին  գործազրկության  մակարդակը  շարունակաբար  աճում  է: Զեկույցում նշվում է, որ հանրապետությունում սոցիալ-տնտեսական վիճակից բխող հետևանքներից  առաջնայինն արտագաղթն  է: 2011-2015թթ. Հայաստանի մշտական բնակչությունն,  ըստ  պաշտոնական վիճակագրության, պակասել  է 22,8  հազարով: Այս ընթացքում ամեն տարի  միջինը  40  հազար ՀՀ  քաղաքացի հատել է երկրի  սահմանը և  չի վերադարձել:

Հայաստանում  2016թ. տնտեսական  աճը կազմել է ընդամենը  0,5%՝ նախատեսված  2,2%-ի  փոխարեն:  2016թ. սեպտեմբերի  դրությամբ զբաղվածների թիվը Հայաստանում կազմել  է  շուրջ 1 մլն 10  հազար քաղաքացի, ինչը  2015թ. նույն  ժամանակահատվածի  համեմատ կրճատվել է շուրջ  9%-ով: Եթե հաշվի առնենք, որ երիտասարդությունն   ընդհանրապես հասարակության շարժիչն է, ապա այսօր ակնհայտ է, որ Հայաստանում լուրջ   խնդիր ունենք  նախ՝ երիտասարդության  զբաղվածության առումով: Որովհետև առաջինը հենց  տեղում   փնտրված ու չգտնված աշխատանքի  պատճառով են երիտասարդները  միայնակ  կամ ընտանիքներով  հեռանում  երկրից:

Ծերացող  հասարակության պատճառներից  մեկն էլ սա է: Աշխատանքը ոչ միայն ապրուստի միջոցի, եկամտի հնարավորություն  է, այն նաև  սեփական հնարավորությունները, գիտելիքներն ու հմտություններն  իրացնելու, ինքնադրսևորվելու և հասարակության լիարժեք անդամ լինելու դաշտ է: Իհարկե, գիտենք  նաև՝ ով  փնտրում է, գտնում է, սակայն  որ հայաստանյան աշխատաշուկան առատաձեռն չի, դա էլ փաստ է: Այս դեպքում երիտասարդները պետք է ավելի  նախաձեռնող լինեն, լավ կրթված, որպեսզի  ավելի հեշտ գտնեն իրենց  տեղը: Նույնը՝ արհեստների  մասով: Քիչ-քիչ վերադառնում է նաև լավ արհեստավորների  պահանջարկը: Այնպես որ՝  զբաղված լինելն  այսօր հասարակությունում լուրջ  կարգավիճակ է ապահովում:

Սյունե Սևադա  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register