ԿԻԹԱՌԻ  ՓԱՌԱՏՈՆ  ԵՐԵՎԱՆՈՒՄ  

44

Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Երևանը հյուրընկալելու է  աշխարհի տարբեր կողմերից ժամանելիք լավագույն կիթառահարներին: Կիթառի Երևանյան միջազգային 3-րդ փառատոնը  երաժշտասերներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:

Այս տարի առաջին անգամ՝ համերգներ են կազմակերպվելու  նաև Երևանից դուրս: Հունիսի 27-ին Գանձասարի Մատենադարանում Ժորա Սարգսյանի հետ ելույթ կունենա Ագուստին Պեսնոնը  ( Ֆրանսիա): Վերջինս «Paris Guitar Foundation»-ի նախագահն է, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր:

Ժորա Սարգսյանը և Ագուստին Պեսնոնը հանդես կգան նաև փառատոնի բացման համերգին, որը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը 19.00-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Փառատոնային հաջորդ համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 19.00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մենահամերգով հանդես կգա Վլադիմիր Կիրասիրովը (Ռուսաստան):

Հուլիսի 5-ին, ժամը 19.00-ին՝ «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ում ելույթներով հանդես կգան Վաժա Կալանդաձեն (Վրաստան), Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը (Հայաստան), Հենրիկ Մելիքյանը (Հայաստան) և Գեորգի Կուձանաշվիլին (Վրաստան): Համերգը յուրահատուկ է նրանով, որ երեկոյի ընթացքում կստեղծվի հայ-վրացական կիթառի նվագախումբ. մեկ երեկոյի ընթացքում հանդես կգա 20 կիթառահար:

Փառատոնի փակումը կնշանավորվի յուրօրինակ համերգային երեկոյով: «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ում հուլիսի 9-ին հանդես կգան Վլադիմիր Կիրասիրովը (Ռուսաստան), Ժորա Սարգսյանը, Եվգենիա Մարկովան (Ռուսաստան), Արիկ Բամբիրը (Հայաստան), Վահագն Մարգարյանը (Հայաստան), Եվա Գևորգյանը (Հայաստան), Պերճ Նահապետյանը (Հայաստան):

Փառատոնի ընթացքում ներկայացվելու են տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կազմակերպիչները խոստանում են բարձր տրամադրությամբ հագեցած երեկոներ:

Համերգներից զատ, փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: Հունիսի 30-ին՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում վարպետության դասով հանդես կգա Ագուստին Պեսնոնը: Հուլիսի 6-ին ՀԲԸՄ դահլիճում վարպետության դաս կանցկացնի Վլադիմիր Կիրասիրովը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register