ԽՈՐ ՁՈՐԸ ՆՎԱՃԱԾ ՄԵՏԱՂՅԱ ՀՍԿԱՆ

  • ԽՈՐ ՁՈՐԸ ՆՎԱՃԱԾ ՄԵՏԱՂՅԱ ՀՍԿԱՆ
  • ԽՈՐ ՁՈՐԸ ՆՎԱՃԱԾ ՄԵՏԱՂՅԱ ՀՍԿԱՆ
  • ԽՈՐ ՁՈՐԸ ՆՎԱՃԱԾ ՄԵՏԱՂՅԱ ՀՍԿԱՆ
  • ԽՈՐ ՁՈՐԸ ՆՎԱՃԱԾ ՄԵՏԱՂՅԱ ՀՍԿԱՆ

Սյունիքի մարզի անթիվ ոլորաններից փախուստը մեզ բերեց քարքարոտ ճանապարհասկիզբ: Ավտոմեքենայի բաց լուսամուտից չենք հասցնում հարցնել՝ ճի՞շտ ենք գնում, թե՞ ոչ, միանգամից պատասխանում են՝ այո, գնացեք, ճիշտ ճամփին եք: Այսպես «Ճամփորդի» թիմը սկսեց դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերջին հատվածը: Մինչ ճամփորդության մեկնելը գործընկերս՝ Վլադիմիրը, ցանկանում էր նայել Խնձորեսկի լուսանկարները: Համոզում ենք, չենք թողնում, որ տրվի գայթակղությանը: Մեր թիմից որևէ մեկը չէր եղել այնտեղ, և մենք չէինք ուզում դավաճանել աչքերին, չէինք ուզում, որ ուղեղը սկսի աշխատել, իսկ երևակայությունը պատկերային հիմք ունենա ճախրելու: Մենք գիտեինք, որ քարանձավային թաղամասեր ենք տեսնելու, գիտեինք, որ հսկա ճոճվող կամուրջ ենք հաղթահարելու: Ուրեմն՝ այսքանը հերիք է երևակայության համար: Նոր Խնձորեսկի վերին հատվածում ներքևից վերադարձողների խմբի գեր տղային հարցնում ենք՝ արդյոք շա՞տ ենք իջնելու ոտքով: Շնչակտուր ասում է՝ ոչ այնքան, մոտ 500 քայլ: Ողջ օրը ավտոմեքենայում անցկացնելուց հետո մենք հաճույքով սկսում ենք զբոսանքը, որը շուտով վերածվում է նաև յուրօրինակ մարզանքի:

Բազմաթիվ աստիճաններով սահելուց հետո վերջապես հայտնվում ենք մետաղական հսկայի առջև, որը թևերը բացել ու բոլորին գրկում է, անցկացնում է խոր անդունդի վրայով՝ դառնալով ճոճանակ՝ ժայռերի արանքում, 160 մետրանոց օդային ճամփա՝ դեպի քարանձավային նախկին բնակատեղի: Էքստրիմի հաճելի չափաբաժինը կտրուկ ավելանում է, երբ կամրջի հենց մեջտեղում մեզ ընդառաջ է գալիս կիրակնօրյա արշավի դուրս եկած դպրոցականների խումբը:

Իհարկե բռնակների օգնությամբ ամուր կանգնած ենք մնում, բայց ճոճը սաստկանում է: Հենց այդ չարաբաստիկ պահին պարզում եմ, որ մեր խմբագիրներից  Գոհարը՝ վախենում է բարձրությունից: Քաջ կինը որոշել էր չասել մեզ, բայց ճանապարհի մնացած հատվածը անցնում ենք իրար հետ: Չնայած այս դեպքին, Գոհարը Խնձորեսկի հիասքանչ բնությունից ու  գեղեցկությունից տպավորված,  կամուրջը «հաղթահարելուց» հետո զանգահարում է ամուսնուն և առաջարկում այս ամառ հանգստի մեկնել ոչ թե արտերկիր, այլ Սյունիք՝ Խնձորեսկ: Կամրջից հետո ուղևորվում ենք 1665 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Նեղլիկ արահետներով հայտնվում ենք փոքր առվի և տարբեր թռչունների ձայների խաչմերուկում՝ զգալով մեզ իսկական ջունգլիում: Սուրբ Հռիփսիմեում հանդիպում ենք Արմինեին և նրա ամուսնուն՝ Վարդանին, եկեղեցու պահապաններին: Արմինեն ասում է, որ եկեղեցին բաց է ամբողջ տարին: Նույնիսկ ձմռանը, եթե իրենք չգան, դուռը միշտ բաց է: Կամրջի կառուցումից հետո այստեղ նոր թափով է սկսվել տեղաբնակների և զբոսաշրջիկների այցելությունը: Մեր հեռանալու ժամանակ Վարդանը մեզ ճանապարհում է հետաքրքիր պատմությամբ՝ նոր ուղղություն տալով.

Առվակի ճամփեն բռնելով՝ կհասնեք եկեղեցուց ավելի հին ՝ «Ինը մանուկի» աղբյուրին: Այն կառուցվել է 17-րդ դարի սկզբին: Աղբյուրի կառուցումից առաջ Խնձորեսկի վրա հարձակում է գործել Ղարաչոռլու քրդական ցեղը՝ պաշարելով գյուղը: Տղամարդ, կին, պատանի տղա ու աղջիկ սկսել են ինքնապաշտպանությունը: Խնձորեսկը կանգուն է մնացել: Զոհվածների թվում է եղել 9 զավակի մայր Սոնան: Նրա հայրը՝ Ուստա Օհանը որոշել է գյուղի կենտրոնական թաղամասում շքեղ կամարով ու սքանչելի թասով աղբյուր կառուցել՝ ի հիշատակ Սոնայի և ի բարօրություն ինը որբերի: Աղբյուրի թասը հիշեցնում է կնոջ կուրծք: Օհանը Աստծուց խնդրում է, որ այդ աղբյուրը դառնա Սոնայի կրծքի կաթը և պահպանի ինը որբացած թոռներին»:Այսպես այցելում ենք «Ինը մանուկի աղբյուրը», խմում անմահական ջրից: Վերադարձը դառնում է արդեն իսկական մարզանք մեզ համար, մենք ուժասպառ լինելու եզրին ենք, բայց որոշում ենք ճամփան անցնել այնպես, ինչպես սկսել ենք և չօգտվել քարանձավներից մեկի մոտ կանգնած տեղական տաքսու ծառայություններից, որը քարքարոտ ճանապարհներով պատրաստ է չեղյալ համարել աստիճանների պարապունքը: Շատ արագ մարդկանց սիրելի վայրը դարձած Խնձորեսկի մետաղական կամրջի աշխատանքները ֆինասավորել է Խնձորեսկի բնակիչ, գործարար Ժորա Ալեքսանյանը՝ իրականացնելով իր պապերի երբեմնի երազանքը: Ահա որոշ տվյալներ՝ վերցրած կամրջի մոտ փակցրած պաստառից: «Կամուրջը կառուցվել է մեկ տարվա ընթացքում, բացվել է 2012 թվականի մայիսի 9-ին: Ունի 160 մետր երկարություն, 63 մետր բարձրություն, 14 տոնա քաշ: Կամուրջը միմյանց է կապում Հին Խնձորեսկ գյուղի երկու ափերը: Մարդը ճոճվող կամուրջը կարող է անցնել 5-10 րոպեում: Կամուրջի կառուցումն իրականացրել է Ժորա Ալեքսանյանը՝ այն նվիրելով  ծնողների՝ Հայկ և Թամարա Ալեքսանյանների և Հին Խնձորեսկի արժանապատիվ նախնիների սրբազան հիշատակին»:Անկասկած Խնձորեսկը դարձավ մեր բոլորի նախընտրելի վայրերից մեկը: Որոշում ենք մեր ընկերներին և ծանոթներին անպայման պատմել Լեռնահայաստանի այս սիրուն հատվածի մասին: Իսկ «Ճամփորդը» հրաշալի հնարավորություն է ընձեռում կիսվել մեր տպավորություններով նաև բազմահազար անծանոթների հետ, որոնց հորդորում ենք մի լավ ուսումնասիրել Հայաստանը հարևան երկրներ հանգստի մեկնելուց առաջ՝ թեկուզ սկսելով Խնձորեսկից:

 

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register