ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ «ԽԵԼԱՑԻ» ԱՂԲԱՄԱՆ

«Խելացի քաղաքների» գաղափարը, որի նպատակը քաղաքային տարբեր խնդիրներին նորարարական լուծումներ տալն է, այսօր իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններում: Այս գաղափարի ջատագովներից է նաև հայկական «SECOS» («Smart ECO System» – «Խելացի բնապահպանական համակարգեր») ստարտափը: Հիմնական նպատակը` սենսորների միջոցով աղբամանների լցվածության վերահսկողությունն է:
«SECOS»-ը հաղթել է անցած տարեվերջին անցկացված, ԱՄՆ-ի դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Ավագ դպրոցի ստարտափ» մրցույթում: Փետրվարին «SECOS»-ը Դուբայում մասնակցել է «Seaside Startup Summit» վրանային բիզնես ֆորումին, որտեղ հասել է մրցույթներից մեկի`«Eco-Millennium Battle»-ի եզրափակիչ:
Ստարտափ թիմի անդամներից երկուսը Երևանից են, երկուսը` Գյումրիից: Միմյանց ծանոթացել են տարբեր մրցույթների, էքսպոների ժամանակ: Թիմի անդամների միջին տարիքը 16 է: Տիգրան Բալյանը Երևանի 159 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է, Գևորգ Մարգարյանը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Երևանի ավագ դպրոցում: Նրանք զբաղվում են տեխնիկայի ֆիզիկական մասի և վեբ ծրագրավորման հարցերով: Սարգիս Եղոյանը Գյումրու ակադեմիական վարժարանի աշակերտ է, պատրաստում է «SECOS»-ի հեռախոսային հավելվածը: Թիմի ամենաավագ անդամը գյումրեցի Ռաֆայել Սահակյանն է: Նա ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է և «SECOS»-ի ծրագրային ապահովման մասն է իրականացնում:
«Ճամփորդ»-ի հետ զրույցում Տիգրան Բալյանը և Գևորգ Մարգարյանը պատմեցին իրենց նախագծի մասին: Տիգրանը Նոր Նորքում է ապրում: Իրենց թաղում նա բազմիցս է հանդիպել գերլցված աղբամանների: Անդուր հոտի պատճառով՝ հատկապես ամառային շոգ օրերին դրանք իսկական գլխացավանք են դառնում շրջապատի համար: Գևորգն էլ նկատել է, որ կան բազմաթիվ դատարկ աղբամաններ, որոնց մոտենալու, ստուգելու համար աղբահավաք ընկերությունը անհարկի ժամանակ և ռեսուրսներ է ծախսում:
«Հասկացանք, որ աղբահավաք մեքենաները մեծ ռեսուրսներ են ծախսում աղբամաններին մոտենալու համար, որոնք հաճախ կարող են դատարկ կամ քիչ լցված լինել: Կամ ընդհակառակը` աղբամանը գերլցված է, սակայն այն մաքրվում է ժամեր անց: Որպես լուծում մտածեցինք աղբամանները դարձնել «խելացի»՝ դրանք համալրելով տեխնիկայով: Սենսորների միջոցով վերահսկվում է աղբամանների լցվածության աստիճանը: Ցույց է տալիս, թե ինչ տոկոսի աղբ է կուտակվել արկղում և այդ ինֆորմացիան՝ ազդանշանի տեսքով որոշակի պարբերականությամբ ուղարկվում է աղբահավաքությամբ զբաղվող ընկերությանը»,-նշում է Գևորգ Մարգարյանը:
Տիգրանը նշում է, որ իրենց նախագծած սարքերը կարող են աշխատել և՛ մեծ,և՛ փոքր աղբամանների դեպքում: Նույն սկզբունքով են աշխատելու: Ոչ միայն հանրային վայրերում տեղադրված, այլև`ցանկացած գրասենյակում կամ տանն օգտագործվող աղբամանների կարելի է դարձնել «խելացի»:
Ծրագիրն ունի նաև երկրորդ մաս` գտնել աղբամանի կարիք ունեցող հանրային վայրերը: Եթե քաղաքացին տեսնում է, որ իր շրջակա միջավայրն աղտոտված է և այդտեղ աղբամանի կարիք կա, ապա այդ մասին տեղեկացնում է՝ նկարելով և օգտագործելով «SECOS» հավելվածը,: Հաճախ կարելի է հանդիպել չհանգցրած ծխախոտների պատճառով ծխացող աղբամանների: «SECOS»-ի սենսորները նաև այդ մասին են տեղեկացնելու: Աղբամանում ջերմաստիճանը բարձրանալու դեպքում՝ սարքն ահազանգելու է: Առայժմ «Սանիտեքից» համագործակցության առաջարկ չեն ստացել: Զբաղվում են սարքերի կատարելագործմամբ : Մտածում են նաև հանրային տրանսպորտում փոքրիկ «խելացի» աղբամանների տեղադրման ծրագրի ներդրման մասին, որը,սակայն, դեռևս սաղմնային փուլում է:
Գարեգին Ալեքսանյան