«ՔԱՆ» ԱԿԱԴԵՄԻԱ. ԿՐԹԱԿԱՆ ՕՆԼԱՅՆ ՌԵՍՈւՐՍՆ ԱՐԴԵՆ 1 ՏԱՐԵԿԱՆ Է

4

«Քան» ակադեմիային շատերը «Խան» են ասում, աշխատակիցներն էլ սիրով ուղղում են՝ երկար են մտածել տառադարձման մասին ու տարբերակներ փորձել, ճիշտը «Քանն» է, պահանջկոտ ու ուշադիր են անգամ ամենափոքր, թվացյալ՝ աննշան  հարցերի նկատմամբ։

Հենց այս տրամադրվածությամբ էլ աշխատում են «Քանի» հայաստանյան ներկայացուցիչները՝ ամեն մանրուքի նկատմամբ հետևողականություն պահպանելով։  Khan Academy-ն աշխարհի ամենազանգվածային կրթական օնլայն ռեսուրսներից մեկն է, որը «հայաֆիկացնում» են «Այբ» կրթական հիմնադրամի նախագծի շրջանակներում։ Օրեր առաջ լրացավ ակադեմիայի «հայկական ֆրոնտի» մեկ ամյակը, թիմն այս ընթացքում իսկական կրթական պատերազմ է  հայտարարել թերի գիտելիքների դեմ՝ ադապտացնելով 1200-ից ավելի տեսահոլովակ՝ մաթեմատիկայի վերաբերյալ, 600-ից ավել էլ՝ առաջադրանքներ են։  Մեծ երազանք ունեն բոլորին հասանելի հայալեզու կրթական հարթակ ստեղծել, մաթեմատիկայով էլ չեն սահմանափակվելու, ինֆորմացիոն մեծ ծովերը դեռ առջևում են։

2

Ակադեմիայի մեկ տարեկան դառնալու առթիվ «Ճամփորդը» զրուցել է «Այբ» հիմնադրամի հասարակության հետ կապերի պատասխանատու Մարինե Ղազարյանի և  Էլեկտրոնային ռեսուրսների թարգմանության և ստեղծման նախագծի ղեկավար Գայանե Արամյանի հետ։ Մեկնաբանությունները, ապագա պլաններն ու մտահոգությունները՝ ստորև․

Անգլերենի և շատ այլ լեզուների դեպքում առցանց կրթական ռեսուրսների առկայությունը բավականին հագեցած և բազմազան է, մեր դեպքում ընտրությունը «Քան» ակադեմիան էր՝ հաշվի առնելով մի քանի շատ կարևոր կետեր. առաջին հերթին ռեսուրսների միջազգայնորեն որակյալ լինելը, դրանց անվճար հասանելիությունն ամբողջ աշխարհում, բոլորին։ Այսինքն՝ սահմանափակումներ չունենալը, օրինակ, տարիքային կամ լեզվական (նշեմ, որ «Քան» ակադեմիան թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով, և շատ այլ երկրներ դեռ շարունակում են միանալ և իրենց լեզվով ադապտացնել «Քան» ակադեմիայի նյութերը)։ Հաջորդիվ կարևոր է նշել «Քան» ակադեմիայի հետաքրքիր, գրավիչ մեթոդաբանական մոտեցումները, օրինակ, նյութի բացատրման անմիջականությունը, որն օգտագործում է հենց Սալ Քանը իր տեսանյութերում։ Այդ նույն անմիջական տրամադրությունը մենք նաև փորձում ենք փոխանցել հայալեզու տեսանյութերում:

3

«Քան» ակադեմիան ունի տարբեր առավելություններ և շատ կարևոր է, որ այդ հնարավորություններից միաժամանակ կարող են օգտվել թե՛ երեխաները, թե՛ նրանց ծնողները, թե՛ ուսուցիչները և ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ոչ միայն մաթեմատիկայով, գիտությամբ, այլ նաև ծրագրավորմամբ, ֆինանսներով, արվեստով և տարբեր այլ առարկաներով։ Այսպիսով, շնորհիվ «Այբ» կրթական հիմանդրամի և «Ռենեսանս» ինտելեկտուալ և մշակութային հիմնադրամի սկսեցինք և շարունակում ենք մաթեմատիկայի էլեկտրոնային նյութերի ստեղծումը և թարգմանությունը: ՄԵր հայերեն կայքը քայլ առ քայլ նաև ընդլայնում է առարկաների ցանկը:

Հայաստանում էլեկտրոնային կրթական ռեսուրսների շուկան բավականին երիտասարդ է և վերջին տարիներին սկսել է համալրվել ոչ ավանդական, դասագրքային կրթական նյութերով: Բայց շատ կարևոր ենք համարում այնպիսի նյութերի ստեղծումը, որոնք հավելում են ինստիտուցիոնալ կրթական ռեսուրսներին։ Կարծում եմ՝ Հայաստանի դեպքում օնլայն կրթական համակարգի նկատմամբ ստեղծված արհեստական պատնեշը շատ շուտով կանհետանա, քանի որ մարդիկ շատ լավ հասկանում են հայերեն առցանց նյութերի անհրաժեշտությունը: Մեկ տարվա ընթացքում տարբեր սովորողներ ակտիվորեն օգտվում են  կայքից և YouTube-յան տեսանյութերից։

4

Իհարկե,  «Քան» ակադեմիա անունը դեռ շատերին է անծանոթ, դրա համար էլ մեզ համար տարածման գործը շատ կարևոր է և առաջնային, որպեսզի հնարավորինս շատերին ծանոթացնենք անվճար կրթական հարթակին:

Մաթեմատիկան մեր օրերին հիմնարար առարկաներից է, որին ցանկացած մարդ գոնե դպրոցական մակարդակով պետք է տիրապետի: Հայաստանը բավականին և լայնորեն հետաքրքրված է անվճար մաթեմատիկա սովորելով, և մենք շատ արձագանքներ ենք ստանում մարդկանցից, ովքեր հորդորում են շուտափույթ առաջարկել բարձր դասարանների և համապատասխանաբար համալսարանական նյութերի թարգմանություն։

Հայաստանում մաթեմատիկայի նկամամբ հետաքրքրությունը բավականին մեծ է՝ սկսած  նախադպրոցական տարիքից։ Եթե խոսենք թվային տվյալներով, ապա կայքի այցելությունների ամսական աճը միջինում կազմում է 15.3%, կայքի 7 ամսիսների տվյալները հաշվի առնելով՝ միջինում այցելուների 43%-ը կայք մեկ անգամ այցելելուց հետո անընդհատ վերադառնում է։ Իհարկե, նպատակ ունենք կայքի այցելուների թվի աճ ունենալ, այժմ միջինում օրական ունենք 429 այցելու։

6

Մեր տասը հոգանոց երիտասարդ թիմն այս մեկ տարվա ընթացքում ստեղծել է 1200-ից ավելի տեսանյութեր և 600-ից ավելի վարժություններ և ուսուցողական նյութեր: Այս արդյունքներն անհնար էր պատկերացնել առանց «Այբ» կրթական հիմնադրամի, քանի որ «Այբի» միջոցով  մեր թիմը հաջողությամբ կայացավ և իրենց աջակցությամբ տարածում ու զարգացնում ենք օնլայն կրթական ռեսուրսների թարգմանությունն ու ստեղծումը: Այս ձեռքբերման համար մենք նաև խորին շնորհակալ ենք «Ռենեսանս» ինտելեկտուալ և մշակութային հիմնադրամին, ովքեր աջակցում է ծրագրին:

1

Առաջիկա մեկ տարում մենք հիմնականում կատարելու ենք մաթեմատիկայի նյութերի թարգմանություն, քանի որ նպատակ ունենք բոլոր դասարանների համար ունենալ մաթեմատիկայի ամբողջական նյութեր: Սակայն մեզ համար նաև շատ կարևոր է ծրագրի շարունակության ապահովումը և միաժամանակ դիմում ենք մրցույթների, փորձում ենք համագործակցել տարբեր կրթական հաստատությունների հետ` հասկանալու, թե ինչ նյութեր են հարկավոր աշակերտներին: Եվ արդեն սեպտեմբերից սկսելու ենք ծրագրավորման թարգմանության և հայոց լեզվի տեսանյութերի ստեղծման աշխատանքները: Նշեմ, որ հայոց լեզվի տեսանյութերը լինելու է ամբողջությամբ նոր ծրագիր: Փորձելու ենք ստեղծել քերականության վերաբերյալ հավես, անմիջական տեսանյութեր, որով կկարողանան սովորել միջին և ավագ դպրոցի աշակերտները:

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register