ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ

10

Զատիկի ձուն՝ քրիստոնեական տոնի խորհրդանիշը, հետաքրքիր «մեկնաբանություններ» է ստացել արվեստի մեջ, գեղանկարչությունից մինչև ոսկերչություն: Վերջինիս ամենահայտնի, նրբաճաշակ և առայսօր չգերազանցված օրինակները ռուսական կայսերական տան համար 19-րդ դարի հայտնի ոսկերիչ Կարլ Ֆաբերժեի պատրաստած Զատիկի ձվերն են:
Ազգությամբ գերմանացի Պետեր Կառլ Ֆաբերժեն ծնվել է 1846 թվականին, Սանկտ Պետերբուրգում: Դեռ մինչև Կառլի ծնունդը նրա հայրը` Գուստավ Ֆաբերժեն Սանկտ Պետերբուրգում հիմնել էր ոսկերչական ընկերություն: Սովորելով Գերմանիայում և կրկին վերադառնալով Ռուսաստան, Կառլ Ֆաբերժեն 24 տարեկան հասակում սկսեց ղեկավարել հոր հիմնած ընկերությունը:
1882-ին Մոսկվայում կայացած ցուցահանդեսներից մեկի ժամանակ նրա ոսկերչական գործերը գրավում են Ալեքսանդր 3-րդ կայսեր ուշադրությունը: Ֆաբերժեն ձեռք է բերում կայսերական ընտանիքի հովանավորչությունը և արժանանում «Կայսերական ընտանիքի և կայսերական Էրմիտաժի ոսկերիչ» կոչմանը: Կարճ ժամանակ անց Կարլ Ֆաբերժեն արդեն հայտնի էր ողջ Եվրոպայում: Կայսերական ընտանիքի շատ բարեկամներ, ովքեր ապրում էին Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, իրենց հավաքածուներում ունեին Ֆաբերժեի ոսկերչական արվեստի թանկարժեք նմուշներից:
Սակայն որքան էլ նրբաճաշակ և թանկարժեք լինեին այդ աշխատանքները, միևնույնն է, Կարլ Ֆաբերժեն պատմության մեջ մնացել է իր հայտնի զատկական ձվերով, որոնցից յուրաքանչյուրը առանձին վերցված արվեստի բացառիկ գլուխգործոց է:
Ֆաբերժեի զատկական ձվերի ամբողջ հավաքածուն պատրաստվել է 1885-ից 1917 թվականը ընկած ժամանակահատվածում, կայսերական ընտանիքի համար: Ընդհանուր առմամաբ հայտնի է 71 նմուշի մասին, որոնցից կայսերական են համարվում 52-ը, սակայն առայսօր չբացահայտված գաղտնիք է մնում, թե իրականում որքան ձու է պատրաստվել:
1885-ին պատրաստված առաջին ձուն Ալեսանդր 3-րդի անձնական պատվերն էր, որպես նվեր կայսրուհի Մարիա Ֆյոդորովնային՝ Զատկի տոնի առթիվ: Այն հայտնի է «Հավիկ» անվանումով և իրենից ներկայացնում է սպիտակ էմալով պատված, ներսում ոսկյա «դեղնուցով» ձու: Դեղնուցի մեջ գունավոր ոսկուց պատրաստված հավիկն էր, որն էլ, իր հերթին, իր մեջ ամփոփում էր կայսերական թագի փոքրիկ կրկնօրինակը՝ պատված ոսկով և ադամանդներով, նաև շղթա՝ սուտակե կախազարդով վերջին երկու դետալները այժմ կորսված են:

Կայսրուհին այնքան էր հմայվել այս նվերով, որ Ֆաբերժեն Ալեքսանդր 3-րդից պատվեր ստացավ նմանատիպ ձվեր պատրաստել յուրաքանչյուր տարի, Զատկի առթիվ: Միակ պայմանն այն էր, որ դրանցից յուրաքանչյուրը պետք է լիներ եզակի և պարունակեր որևէ անակնկալ, ինչպես «Հավիկը»:

Նիկոլայ 2-րդը պահպանեց այս ավանդույթը, յուրաքանչյուր Զատկին պատվիրելով 2 ձու, մեկը այրիացած մոր՝ Մարիա Ֆյոդորովնայի, մյուսը իր սիրելի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի համար:
Ֆաբերժեի ընկերությունը նորարարություններով գերազանցում էր իր ժամանակաշրջանը: Նրա ոսկերիչներից յուրաքանչյուրը ստեղծագործական վառ անհատականությամբ, հմուտ վարպետ էր: Նրանցից շատերն ունեին իրենց առանձին ոսկերչական ընկերությունները, սակայն պատիվ էին համարում որևէ կերպ մասնակցել կայսերական ընտանիքի պատվերի պատրաստմանը: 24 վարպետներից 14-ը հրավիրված էին եվրոպական երկրներից: Ձվերի պատրաստման գործում մեծ ներդրում են ունեցել Միխայիլ Պերխինը, Ավգուստ Հոլմսթրյոմը, Ավգուստ Հոլմինգը և այլք, ինչպես նաև միակ կին աշխատակցուհի Ալմա Պիխլը:
Ձվերըի չափսերը հասնում էին մինչև 20 սանտիմետրի: Պատրաստվում էին նաև ձու-ժամացույցներ՝ կլոր ժամերին միջից դուրս եկող կկվով կամ աքաղաղով:
Զատկական ձվերը այնպիսի փառք բերեցին Ֆաբերժեին, որ նա պատրաստեց ևս 15 ձու՝ մասնավոր անձանց պատվերով: 1918 թվականին, բոլշևիկյան հեղափոխությունից հետո, Ֆաբերժեն արտագաղթեց Ռուսաստանից, սկզբում Գերմանիա, ապա Շվեյցարիա: Հեղափոխությունից հետո կյանքը նրա համար կորցրեց իր ողջ իմաստը: «Կյանքն այլևս չկա»,- հաճախ կրկնում էր Ֆաբերժեն: Եվրոպայում նա ապրեց ընդամենը 2 տարի և մահացավ 1920 թվականին, Շվեյցարիայում:
71 ձվերից մինչև մեր օրերը հասել են 62-ը: Դրանց գերակշիռ մասը գտնվում է պետական թանգարաններում: Ֆաբերժեի ձվերի նմուշներ կան նաև մասնավոր հավաքածուներում: Աշխարհում ամենամեծ մասնավոր հավաքածուն հավաքել էր նյույորքյան հայտնի միլիարդատեր Մալկոլմ Ֆորբսը, որի հավաքածուն ներառում էր 11 կայսերական և 4 մասնավոր ձու: 2004 թվականին Ֆորբսի ժառանգները պլանավորում էին իրենց հոր հավաքածուն վաճառել աճուրդում, սակայն մի քանին օր առաջ հավաքածուն 100 միլիոն դոլլարով գնեց ռուս միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգը: Ներկայում Վեկսելբերգի մասնավոր հավզքածուն ցուցադրվում է Սանկտ-Պետերբուրգում նրա կողմից ստեղծված Ֆաբերժեի Թանգարանում:

Աշխարհաբեկ Իվանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register