ԼԱՏԵՆՏ ԳՐԱՔՆՆՈւԹՅԱՆ Ու ՆԵՐՍԻ ՓՈՔՐԻԿ ՍՏԱԼԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1

Մոտ երկու շաբաթ առաջ հատկապես սոցցանցերում՝ քննարկվում էր բանաստեղծ Հուսիկ Արայի «Apocalypto» բանաստեղծությունը, որտեղ պոետը զերծ մնալով հայրենիքի դասական ու «պոզիտիվ» պիտակներից, գրել էր հայրենիքի մասին այնպես, ինչպես նա պատկերացնում է։ Բանաստեղծությունը  ճիշտ ընթերցելու դեպքում պարզ երևում էր, որ  չնայած խիստ ու կոպիտ  բնորոշումներին, բանաստեղծի կողմից տեքստը գրվել է խոր ցավով, և այն այնքան էլ վատատեսական չէ, որքան փորձում են ներկայացնել։

Վերջին երկու տողում բացվում է ամբողջ բանաստեղծությանը պարուրած մշուշն ու  պոետը կարծես օգնության կամ գուցե երկրի փրկության բանալին է տալիս ընթերցողին՝ հուշելով, որ ելքը դեպի ներս գալն է, հավաքվելը, այլապես վերոնշյալ մռայլ տողերն իրականություն կդառնան։

Բանաստեղծության շուրջ ծավալված կարծիքներն ընթերցելիս մտովի ուրախանում ես, որ 37 թվականը չէ։ Բանից պարզվում է, որ մեր համերկրացիների ստվար մասի ներսում մի փոքրիկ Ստալին է ապրում, որը տենչում է անհապաղ  ձայնազրկել բոլոր նրանց, ովքեր այլ կարծիք ունեն կամ փորձում են ասել այն, ինչը, ըստ հերթական փոքրիկ Ստալինի, տեղին չէ կամ սխալ է։

Բանաստեղծության քննարկումը դեռ չէր հասցրել մարել, երբ էստաֆետն անցավ Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության «բեմելին»։ Արի ու տես, որ հիմա էլ այս ու այն կողմից աղաղակում էին, որ Սաակաշվիլու գործողությունները հակահայկական են, և նրան չի կարելի թույլ տալ վաճառել գրախանութներում։ Իսկ գրախանութներն էլ, ասես ականջալուր բոլոր այդ մեկնաբանություններին, վկայաբերելով  տեխնիկական ինչ-ինչ խնդիրներ՝ հրաժարվեցին գիրքը  ընթերցողին ներկայացնելուց:

Նախապես համաձայնությունը տված մի գրախանութ ու մի թանգարան  էլ՝ չեղարկեցին գրքի շնորհանդեսին նվիրված  միջոցառումները ։ Բայց սա ոչ այլ ինչ էր, քան ուղղակի լատենտ գրաքննություն։Մենք սիրում ենք գրաքննել, որովհետև սիրում ենք համարել, թե մեր տեսակետը ամենալավն է, ամենաճիշտն ու ամենախելացին։ Երբ  բազմակարծություն կա, գուցե չկարողանանք փայլել, հենց դրա համար փորձում ենք լռեցնել այլ «օկտավաներում» հնչող ձայները։ Բայց ինչպես որ առողջ դատողություն ունի այն մարդը, որը կարողանում է բազմակարծություն տեսնել, առողջ քննարկման գնալ և, պետք եղած դեպքում էլ վերանայել իր դիրքորոշումը, նույն կերպ առողջ է այն երկրի  մշակույթը, քաղաքականությունը, առհասարակ՝ կյանքը, որտեղ կարելի է ներկայացնել անգամ ծայրահեղական կարծիք և դրա համար չլռեցվել։

Շատ բարի, դիցուք Միխեիլ Սաակաշվիլու գիրքն իսկապես վատն է, անպիտան։ Պետք էր արգելե՞լ դրա շնորհանդեսը, կամ արգելել  վաճառքը որոշ գրախանութներում։ Արվեստը թույլ է տալիս շատ պարզ տարբերակով «պայքարել» այն ամենի դեմ, ինչը քեզ դուր չի գալիս։ Կարելի էր ուղղակի չգնել գիրքը, չգնալ շնորհանդեսին։ Եվ սա կլիներ արդար ընտրություն, մինչդեռ գրքի համար արհեստական խոչընդոտներ ստեղծելով հարց չի լուծվում, և հակառակը, շատերը, որոնք անտարբեր էին գրքի նկատմամբ, հիմա փնտրում են ու սպասում, թե  այն երբ կհայտնվի գրախանութում, որպեսզի կարդան ու իմանան՝ այդ ինչ  վտանգավոր «մեսիջներ» էր այն պարունակում, որ  գրական դաշտը խառնվել էր իրար։

Սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմում շատ գրողների լռությունն է՝ նախ պոետի բանաստեղծության բռնացման հարցի, հետո՝ գրքի շնորհանդեսն արգելելու շուրջ։ Շատ տխուր է, որ գրքի մարդիկ չեն հասկանում, որ եթե մի օր բանաստեղծի թույլ չեն տալիս հայրենիքի մասին խոսել այնպես, ինչպես ուզում է՝ համարելով, որ  հայրենիքի մասին կամ լավը՝ կամ ոչինչ, և որ  անգամ չափազանց քաղաքականացված գիրքը իրավունք ունի կյանքի ու վաճառքի, մի օր գուցե իրենք էլ կանգնեն լատենտ գրաքննության առաջ, որտեղ կժպտան նրանց դեմքին ու կասեն՝ գիտեք, տեխնիկական հարցեր ունենք։ Կամ գիտեք, մեզ դուր չեն գալիս ձեր գրական պատկերացումները։ Փոփոխեք, ջնջեք, եկեք, հետո կքննարկենք։ Ժամանակն է մեր ներսի փոքրիկ ստալիններին զսպենք ու սովորենք հարգել դիմացինի կարծիքը, ընտրությունը, աշխատանքը։

Սյունե Սևադա  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register