«ԿԱՏԱՐՈ». ԱՐՑԱԽՅԱՆ ԳԻՆՈւ ՎԱՆԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ

  • «ԿԱՏԱՐՈ». ԱՐՑԱԽՅԱՆ ԳԻՆՈւ ՎԱՆԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ
  • «ԿԱՏԱՐՈ». ԱՐՑԱԽՅԱՆ ԳԻՆՈւ ՎԱՆԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ
  • «ԿԱՏԱՐՈ». ԱՐՑԱԽՅԱՆ ԳԻՆՈւ ՎԱՆԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ

Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում է ծվարել աշխարհում նորանոր շուկաներ նվաճող, համեստ տեսք, բայց արդեն հնչեղ անուն ունեցող «Կատարո» գինիների գործարանը: Անկեղծ ասած, երբ հասել էինք Տող գյուղ,  տեղի Մելիք Եգանի ապարանքի բարձրունքից փորձում էի տների արանքում կամ բաց դաշտերում գտնել ինչ-որ խոշոր գործարանի շենք, որտեղ արտադրվում է ոչ միայն Հայաստանում, այլ արտերկրում արդեն  անուն հանած և մեծ սպառում ունեցող «Կատարո» գինին: Փնտրեցի, փնտրեցի, բայց այդպես էլ չգտա: Հետագայում միայն  պետք է իմանայի, որ «Կատարո»-ն իրականում մի համեստ ու ոչնչով աչքի չընկնող շինությունում աշխատող գործարան  է, որը որքան համեստ է  արտաքինից, նույնքան գեղեցիկ ու աչք շոյող է ներսից: 15 աստիճան ջերմություն ապահովող մետաղե հսկայական տարաներում  լցված է գինին, որտեղից  էլ մեզ գինի է  հյուրասիրում գործարանի հիմնադիր Գրիգորի Ավետիսյանը: Հայաստանում գինի արտադրող հսկայական գործարաններին սովոր աչքը բնականաբար պետք է զարմանար «Կատարո» գինու գործարանի համեստ տեսքից: Հետո միայն պետք է հասկանայինք, որ գործարանի չափ համեստ սեփականատերը` Գրիգորի Ավետիսյանը, նախընտրում է  աշխատել փոքր չափսերով գործարանում, իր նախընտրելի արտադրության ծավալներով, բայց գինու որակը անսասան պահելով, հանուն շահույթի  չմեծացնելով գործարանն ու արտադրանքի  ծավալները՝  այդ կերպ ազդելով գինու որակի վրա: Հետո պետք է հասկանայինք, որ Գրիգորի Ավետիսյանի համար կարևորը ոչ թե շահույթն է, այլ ինչ-որ բրենդով, դիցուք՝ «Կատարո, գինով  Արցախը դրսում ներկայացնելը, որն այսօր հրաշալի ստացվում է: «Կատարոն»  հայտնի է  Արցախում, Հայաստանում, արտերկրի մի շարք երկրների շուկաներում,  «Կատարո» ասելով բոլորը հասկանում են Արցախը: Այլ կերպ ասած Գրիգորի Ավետիսյանը հասել է իր նպատակին, իր արտադրած գինին դարձրել է բրենդ՝ ապրանքանիշ,  այդ բրենդով դրսում հավուր պատշաճի ներկայացնում է Արցախը և դա իր համար ամեն ինչ է: Իսկ արտադրանքը կրկնապատկելու կամ եռապատկելու մասին, ինչի պահանջարկը անշուշտ կա, լսել անգամ չի ուզում, քանի որ դա կարող է ազդել գինու որակի վրա: Շատ մեծահարուստներ թերևս կզարմանային նման մոտեցումից, քանի որ բիզնեսի ոսկե կանոնը սահմանում է, որ  շահույթն է ամենից կարևորը: Բայց մենք հասկացանք Գրիգորիի մոտեցումը։  Հասկացանք,  որ «Կատարո»-ն մեկտեղում է գործարարությունն ու  հայրենանվեր գործը։ Կարճ զրույցն էլ բավական էր ամեն ինչ ըմռնելու համար։

– Պատմեք գործարանի ստեղծման մասին:

– Ամեն ինչ այսպես  եղավ. երբ  սեփականաշնորհեցինք հողերը, որոշեցինք խաղողի այգի տնկել: Տնկեցինք այգի, այն նպատակով, որ խաղողի մի մասով տան համար գինի պատրաստենք, մյուս մասն էլ վաճառենք գինի արտադրող գործարաններին: Ու եկավ մի պահ, երբ  գործարանները սկսեցին մեզանից 60 դրամով  խաղողը առնել:  Դա մի քիչ վիրավորական էր, քանի որ մենք  այգուն  հարազատի պես էինք վերաբերվում, շատ լավ էինք մշակում, այդ պատճառով էլ որոշեցինք  մեր  չարչարանքը 60 դրամով գործարանին չհանձնել: Որոշեցինք մենք գինի պատրաստել: Այն ժամանակ կար հայկական գինու բրենդ,  ինչպես «Արենին», իսկ «Ղարաբաղի գինի» հասկացողություն ընդհանրապես չկար: Ու որոշեցինք փորձել Ղաբարաղի գինու բրենդը իրականություն դարձնել:  Այն ժամանակ մենք կապվեցինք տարբեր մարդկանց հետ,  մասնավորապես, CARD հիմնադրամի («Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն Հիմնադրամ») տնօրեն  Գագիկ Սարդարյանի հետ: Նա առաջարկեց օգնել մեզ, որպեսզի լավ գինի ստեղծենք: Դրանից հետո նա ինձ Երևանում ծանոթացրեց  Վահե Քեշքուրյանի հետ: Դա նույն տարին էր, երբ Էդուարդո Էռնեկյանը իր պրոեկտներն էր սկսում և Վահե Քեշքուրյանը զբաղվում էր դրանց մարքեթինգով: Վահեի հետ որոշեցինք փորձել  այս նախագիծն  իրականացնել, քանի որ իր համար էլ հետաքրքիր էր, թե ինչ կստացվի:  Որոշեցինք սկսել նվազագույն ներդրումներից, քանի որ վախ կար, որ կարող ես չարչարվել ու այս անծանոթ հողից ոչ մի բան էլ դուրս չգա: Նախագծեցինք, որոշեցինք ինչպես սկսել, ինչ առնել, ինչ սարքավորումներ ու 2010 թվականին մեր առաջին բերքը շշալցվեց: Նրանից հետո տարեցտարի համոզվեցինք, որ լավ խաղող է, որ միանշանակ ունի լավ պոտենցիալ, կարող է մրցակից  լինել ցանկացած գինու հետ, կարող ենք ստանալ լավ գինի:

 – Ի՞նչ է նշանակում «Կատարո»:

– «Կատարո»-ն մեր Հադրութի շրջանում 2400 մետր բարձրության վրա գտնվող վանք է: Այդ վանքը կարծես միշտ կանգնած է խաղողի դաշտի վերևում, այսինքն դաշտից վանքն է երևում, վանքից՝ դաշտը: Ճիշտ է, անվան հետ մի քիչ խնդիրներ եղան, քանի որ  մենք  պատրաստվում էինք արտադրել եվրոպական չափանիշներին համապատասխանող գինի,  և խնդիր կար, որ եթե անունը լինի տեղանքի անունով, ապա արտասահմանցիների համար գուցե մի քիչ դժվար հնչող լինի: Վերջում  Վահեն ինքն առաջարկեց անունը ընտրելու տարբերակ, ասելով. «Կանգնիր այգում, նայիր շուրջբոլորդ և գրիր ինչ ուզում ես»: Մենք էլ կանգնեցինք այգում, նայեցինք և տեսանք Կատարո վանքը, որի  հովանավորության տակ էր կարծես այգին: Ու այդպես էլ որոշեցինք, որ վանքի անունով էլ գինին կոչվի «Կատարո»:

– Որքա՞ն  է արտադրանքի ծավալը  այսօրվա դրությամբ:

 –  60 հազար շիշ տարեկան:

–  Հայաստանից բացի ի՞նչ շուկաներում է  սպառվում «Կատարո»-ն:

– Ռուսաստանում, Չեխիայում, Կանադայում, արդեն պայմանավորվածություն կա, որ ԱՄՆ   պետք է ուղարկենք և նաև Մերձբալթյան  երկրներ:

– Ղարաբաղում կա՞ ուրիշ գինի արտադրող գործարան:

 – Նման որակ ապահովող,  այսպես ասած «բրենդային» գինի թողարկող գործարան դեռ չկա:

– Իսկ չե՞ք մտածում արտադրության ծավալը մեծացնելու մասին, քանի որ շուկան ընդլայնվում է:

– Չէ, չեմ ուզում: Ուզում եմ, ինչպես ասում են,  հանգիստ ապրել…

Իրականացված երազանք էր «Կատարո»-ն, Արցախը դրսում լավ կողմից ու լավագույնս ներկայացնելու երազանք, որը մարմնավորվել էր «Կատարո»-ի շշերում լցված սպիտակ ու կարմիր գինով, փոքրիկ ու համեստ գործարանով և  այդ ամենը ցանկությունից իրականություն դարձրած Գրիգորի Ավետիսյանով: Մեր այցելությանն ու  զրույցին  կողքից հետևում էին Գրիգորիի որդիները, որոնք նույնպես «Կատարո»-ի արտադրական պրոցեսի ակտիվ մասնակիցն են: Հանդիպումն ամփոփվեց հայկական և իտալական երգերով Գրիգորիի որդիներից մեկի կատարմամբ և միայն այդ ժամանակ իմացանք, որ նա բոլորովին այլ ոլորտ էր ընտրել իր համար.  պատրաստվում էր ընդունվել կոնսերվատորիա և հետագայում իր ձայնով դրսում ներկայացնել Արցախը: Գինի և վոկալ մեկ ընտանիքից. համաձայնվեք, որ հրաշալի է: «Կատարո» գինին կարող եք պատվիրել նաև 40 Degrees ընկերությունից:

 

Սարգիս Սուքիասյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register