ԿԱՐՈԼԻՆԱ  ՌԱՖԱՅԵԼՅԱՆ. ՖԱՆՏԱՍՏԻԿ ՀԱՋՈՂԱԿ ՀԱՅՈՒՀԻՆ

carol

Օրեր առաջ  «Forbes» ամսագիրը ԱՄՆ ամենահարուստ կանանց ցուցակում  ընդգրկել է  հայազգի 49-ամյա Կարոլինա Ռաֆայելյանին: Այդ ցուցակում ներկայացված են կանայք, ովքեր ունեն զգալի կարողություն, և այդ կարողությանը հասել են ինքնուրույն, սեփական ուժերով ու ջանքերով, այլ ոչ թե ձեռք բերել ժառանգությամբ: Այս առումով արդեն Կարոլինա Ռաֆայելյանը բացառիկ գործարար է: Նրա եկամուտը միայն 2015 թվականին  կազմել է 500 միլիոն դոլար։  Կարոլինան, սակայն, բացառիկ է ևս մեկ ցուցանիշով՝ իր եկամտի ֆանտաստիկ աճով: Այսպես, 2010 թվականին Կարոլինայի եկամուտը կազմել է 4.5 միլիոն դոլար: Ընդամենը 5 տարի անց՝  2015 թվականին, ինչպես արդեն նշվեց, այն կազմել է 500 միլիոն դոլար:

Ներկա պահին 700 միլիոն դոլար ցուցանիշով  Կարոլինան առաջին անգամ հայտնվել է «Forbes»-ի ցուցակում և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը: Այսպիսով, ընդամենը 5 տարում նա կարողացել է ավելի քան 150 անգամ  ավելացնել իր եկամուտը: Համաձայնեք,սա իրոք ֆանտաստիկ ցուցանիշ է: Կարոլինա Ռաֆայելյանը հայտնի «Alex and Ani» ոսկերչական ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է: Նրա հայրը` Ռալֆ Ռաֆայելյանը, 1966 թվականին Ռոդ Այլենդ նահանգի Նյուփորթ քաղաքում բացել է «Cinemara» ոսկերչական ընկերությունը, որտեղ Կարոլինան և նրա քույրը աշխատում էին այն ժամանակ, երբ իրենց վատ էին պահում:

Ոսկերչական գործարանում քույրերի աշխատանքը՝ հոր կողմից մտածված յուրահատուկ պատժի ձև էր: Հենց դա օգնեց, որպեսզի Կարոլինան վաղ հասակից ծանոթանա ոսկերչական գործին: Երկար ժամանակ Կարոլինան ոսկերչական իրերի ձևավորման և դիզայնի հարցում օգնում էր հորը: 1994 թվականին  Լոս Անջելեսի ամերիկյան քոլեջն ավարտելուց հետո Կարոլինան միացավ հորը և սկսեց օգնել նրան բիզնես-գործունեության ոլորտում՝ միևնույն ժամանակ աշխատելով սեփական գործը հիմնելու ուղղությամբ: 2004 թվականին՝  հոր բիզնեսից հեռանալուց երկու տարի անց,  նա հիմնեց իր սեփական «Alex and Ani» ոսկերչական ընկերությունը:  Բրենդն իր գործունեությունը սկսեց ոսկյա  թևնոցների արտադրությունից: «Alex  and Ani» ընկերության կողմից առաջարկվող ոսկերչական զարդերի մեջ ուրույն տեղ են գրավում և շատ հայտնի են կենդանակերպի նշաններով կախազարդերը։  «Alex and Ani» ընկերությունը ճանաչվել է Ռոդ Այլենդ նահանգի երկրորդ ամենաարագ զարգացող  ընկերությունը: Այն 3 տարվա ընթացքում արձանագրել է  3 569 տոկոս աճ: 2009 թվականին, ընդառաջելով «Alex and Ani»-ի բազմաթիվ հաճախորդների խնդրանքին, Կարոլինան բացում է ընկերության առաջին խանութը Ռոդ Այլենդի Նյուփորթ քաղաքում՝ գնալով ռիսկի և դրա համար վերցնելով հսկայական վարկ: Ռիսկն արդարացվեց, քանի որ խանութի բացվելուց հետո վաճառքի ցուցանիշները կայծակնային արագությամբ սկսեցին աճել:  Ընկերությունն այժմ ունի 65 խանութ, իսկ ընկերության արտադրած ոսկյա զարդերը վաճառվում են աշխարհի բազմաթիվ հայտնի բուտիկներում: Իր բիզնեսի աճն առավել խթանելու համար Կարոլինա Ռաֆայելյանը հրավիրում է  Ռոդ Այլենդ նահանգի նախկին սենատոր Ջիովանի Ֆերոսին  աշխատել «Alex and Ani» ընկերությունում՝ որպես գլխավոր տնօրեն: Այս հեռատես քայլը նույնպես ամբողջովին արդարացնում է իրեն, քանի որ դրա արդյունքում ընկերությունը բացի իր ավանդական ոսկերչական զարդերից սկսում է նաև արտադրել մոմեր, պայուսակներ, նորաձևության այլ պարագաներ: Ինքը Կարոլինան իր գործունեության մեջ շրջադարձային է համարում Ջիովանիի  հետ համագործակցության սկիզբը: Եթե 2010 թվականին ընկերությունն ուներ 30 աշխատակից և մեկ խանութ, ապա այդ համագործակցության արդյունքում աշխատակիցների թիվը այսօր գերազանցում է  հազարը, իսկ խանութների թիվը՝ 65-ը: «Մենք մեր կարողությունների վրա սահմանափակումներ չենք դնում »,- ասում է Կարոլինան: «Մենք մեր ոճն ունեցող բրենդ ենք: Ես չգիտեմ, թե մեր ճանապարհը մեզ ուր կհասցնի, բայց ինչպես Ջիովանին (գլխավոր տնօրենը – Հ.Վ.) է ասում՝ մարդիկ մի օր կուտեն  «Alex and Ani»-ի արտադրած ափսեներից և ամեն ինչ շատ համեղ կթվա»: Սկսելով ոսկերչական գործունեությունից՝ Կարոլիա  Ռաֆայելյանը այսօր զբաղվում է նաև գինեգործությամբ: Նա Ռոդ Այլենդ նահանգի «Carolyn’s Sakonnet Vineyard» գինու գործարանի և «Teas and Javas» սրճարանների ցանցի սեփականատերն է: Կարոլինան նաև «Բելկորտ Նյուփորթ» դղյակի սեփականատերն է, որը նախկինում հայտնի էր որպես 1894 թվականին կառուցված Բելկորտի ամրոց: Կարոլինայի ներդրած միջոցներով հիմնանորոգվելուց հետո այն գործում է որպես  է ամառային շրջագայությունների վայր:  2012 թվականին Կարոլինա Ռաֆայելյանն արժանացել է Ռոդ Այլենդի «Տարվա փոքր ձեռնարկատեր» մրցանակին՝  «Alex and Ani» ընկերության հաջողակ գործունեության համար: Կարոլինան հայտնի է նաև իր բարեգործական ձեռնարկներով: Կարիքավոր անձանց օգնելու նպատակով յուրաքանչյուր տարի նա միլիոնավոր դոլարներ  է հատկացնում բարեգործությանը: Որպես կարճ ժամանակահատվածում բացառիկ հաջողությունների հասած կին գործարար, Կարոլինա Ռաֆայելյանը սկսնակ բոլոր գործարարներին մեկ խորհուրդ է տալիս. «Լսեք ձեր ներքին ձայնին  և համոզվեք, որ դա ձեր էգոն չէ,որ խոսում է: Հաշվի առեք, որ ձեր ճանապարհին միակ խոչընդոտը կարող է միայն  ձեր ներքին ձայնը լինել  և ուրիշ ոչինչ»:

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register