ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔԸ

  • ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔԸ
  • ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔԸ
  • ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔԸ

Մեծ եղբայրս ՝ Հովհաննեսը, 1981 թվականին երկու տարեկան էր: Ծանր հիվանդությունից հետո նա երկարատև բուժում էր ստանում: Տեսնելով որ հիվանդության ընթացքը երկարում է, մորս հայրը՝ Մկրտիչը, որոշում է երեխային տանել Շիրակի մարզի սրբավայրերից մեկը ՝ Վահրամաբերդի վանքը: Հաստատ մտադրությամբ էլ գլխավոր ճանապարհից  ոտքով վանք են ուղևորվում պապս՝ եղբորս գրկին և մայրս: Վանք այցելությունից երկու շաբաթ անց եղբայրս կազդուրվում է: Այս դեպքից հետո մեր ընտանիքը յուրաքանչուր տարի 1-2 անգամ անպայման այցելում էր հազարամյա հնության վանք: Նույն երթուղով՝ մինչև մայրուղու համապատասխան հատվածը ավտոբուսով կամ մեքենայով, իսկ այնտեղից ոտքով:

Մայրս սիրում էր կրկնել, որ ուխտի ճամփան հեշտ չպետք է լինի: Այդպես՝ իրերով և զրույցով բռնված շարժվում էինք վանք տանող ոլորաններով: 1996 թվականից սկսած մեծ եղբայրս, ես և քույրերս  Գյումրիից մեկնեցինք Երևան՝ բարձրագույն կրթություն ստանալու: Ընդունված կարգի համաձայն այդ տարիներին վանք էինք գնում արձակուրդային վերջին ազատ շաբաթվա կիրակի օրը: Վանք հասնելուն պես հանգստություն էինք  զգում: Պարուրաձև, քարքարոտ ճանապարհից հետո մեզ դիմավորում էին խնձորենիները, համեղ ջուր ունեցող  աղբյուրն ու գերբնական հատկություններով օժտված,  խիստ հյուրընկալ Կարմիր վանքը:

Գրեթե միշտ ճանապարհի վերջին հատվածում հանդիպում էինք քեֆ անող, ուրախացող մարդկանց խմբերի: Մենք էլ մեր սիրած հավաքատեղին ունեինք՝ «չռիկի» գլխին, բարի ուռենու տակ, մեծ քարերի մոտ: Այդտեղ մեզ ընկերակցում էր փոքրիկ, կչկչան առվակը: Ամեն տարի Վահրամաբերդի վանքի պահապանին՝ Սերյոժա Մաթոսյանին էինք հանդիպում: Պատկառելի տարիքի այս մարդը տարին 8-9 ամիս յուրաքանչյուր առավոտ Վահրամաբերդ գյուղից գալիս էր վանք, բացում էր վանքի դուռն ու դիմավորում մարդկանց: 2000-ականների սկզբին ցավով իմացանք, որ 40 տարի վանքի պահպանությունը ստանձնած Սերյոժա հայրիկը մահացել է: Նրա գործը մինչ այժմ շարունակում է որդին՝ Սամվելը:

Մայիսի նախավերջին կիրակի օրը «Ճամփորդը» ճամփա բռնեց դեպի Գյումրի: Հանրապետության երկրորդ քաղաքում, սակայն, որոշեցինք կանգ չառնել, Մարմաշենն էր ձգում  բոլորիս:  Վահրամաբերդը շատերի սիրելի վայրերից է: Տարածքի բարերար ներգործությունն ու մեզ փոխանցված ջերմ տրամադրությունն անուրանալի էր: Չնայած սահմանափակ ժամանակին,  զրույցի բռնվեցի Սամվել Մաթոսյանի հետ: Տարածքի փոփոխություններից էր պատմում: Պարզվեց,որ ամբարտակի կառուցման պատճառով Ախուրյան գետն այս հատվածում բարձրացել է: «Չռիկը» դարձել է գրեթե աննշան: Սամվելը ցավով նշում է, որ ամեն տարի մարդ է խեղդվում այս կողմերում: Նրանից  խնդրեցի պատմել հոր մասին: Սկզբունքային  այդ մարդը ամենայն բծախնդրությամբ է զբաղվել վանքի պահպանությամբ:

Որդին պատմում է, որ վանք հասնելու համար ամեն օր առավոտյան ժամը 6-ին տանից դուրս էր գալիս , իսկ ձմռան ամիսները նրա համար դժվարությամբ էին անցնում, քանի որ վանքը փակ էր: Վահրամաբերդի տարածքում վերստին համոզվում ենք, թե որքան փոքր է այս «աշխարհը»: Հանդիպում ենք շախմատիստների ու մարզիչների: Արիանան զարմանում և ուրախանում է: Լևոն Արոնյանի մոտ ընկերներից մեկն է՝ գյումրեցի գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Մարզիչներ Վահագն Խաչատրյանը, Տիգրան Պետրոսյանը: Զրուցում ենք, լուսանկարվում: Սակայն շտապելու պատճառով չենք հասցնում ոչ միայն նրանց, այլև տարածքի հետ կարգին շփվել: Չենք հասցնում պառկել հողին, էներգիա կլանել ու «շատախոս» առվակի հետ զրուցել: Խոստանում ենք՝ նրա հետ «զրույցը» շարունակել հաջորդ անգամ՝ ավելի հանգիստ պայմաններում:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register