ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼՈւ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ՝ ՍՅՈւՆԵ ՍԵւԱԴԱՅԻՑ

2

Սովորաբար մարդիկ, որպես գիրք չկարդալու օբյեկտիվ պատճառ նշում են ժամանակ չուենանալը։ «Չեմ հասցնում կարդալ, զբաղված եմ»․ահա և վերջ, սա կարելի է ասել ու մի կողմ քաշվել, տվյալ պատճառաբանությունը սովորաբար շարունակություն չի ունենում։ Բայց այն ունի շարունակություն։ Ստացվում է, որ, լավագույն դեպքում, ընդամենը մեկ ժամ ընկերների հետ՝ տարատեսակ «մեսինջերներում»՝ անկարևոր ու խիստ անարժեք թեմաներ քննարկելու ժամանակ կա, ինստագրամյան՝ հումորային պատումների վրա գոնե կես ժամ ծախսել կարողանում ենք, բայց այ գիրք կարդալ չենք հասցնում։ Եկեք ընդունենք, որ սա ազնիվ մոտեցում չէ, և հետևաբար, մարդկանց պետք է տալ ոչ թե «ինչո՞ւ չես կարդում» հարցը, այլ ուրիշ՝ ավելի ազնիվ հարց․ «Դու ուզո՞ւմ ես կարդալ»։

Եթե մարդը չունի այս հարցի պատասխանը, շատ հավանական է, որ «կարդալու ժամանակ» այդպես էլ չի գտնի, կամ էլ կկարդա  այնպիսի գրականություն, որը իրեն ոչինչ տալ չի կարող, քանի որ ընթերցանությունը կդիտարկի որպես մեխանիկորեն պարտադրված մի բան։ Բայց եթե դուք զգում եք, որ իսկապես ուզում եք կարդալ, մարզել ձեր ուղեղը, երևակայությունը, սովորել կենտրոնանալ տեքստերի վրա ու հաճույք ստանալ դրանից, ապա ստիպված եք փոքր-ինչ հղկել ձեր օրվա գրաֆիկը, և այդ ժամանակ, վստահ եղեք, կարդալու ժամանակ անպայման կգտնեք։ Ահա մի քանի խորհուրդ՝ կարդալն ավելի  էֆեկտիվ դարձնելու, ժամանակ գտնելու և ուղղակի՝ ճիշտ գրականություն ընտրելու համար։

Մեկ էջ կարդալը ևս կարդալ է: Շատերս թյուրիմացաբար կարծում ենք, որ կարդալու հատուկ ժամ կամ գուցե ձև գոյություն ունի։ Եվ որ եթե կարդում ենք, ապա պետք է «ծանր քաշային» տարբերակից սկսենք, ու հաստափոր (կամ հաստազդր) գիրքն ավարտենք, ասենք, երեք ժամում։ Սա ծուղակ է, մի տրվեք սրան։ Կարելի է կարդալ երթուղայինի սպասելիս, տաքսու մեջ, բանկում՝ հերթի կանգնած ժամանակ, թեկուզ՝ զուգարանում։ Միայն թե կարդալ։ Հիշեք, օրական տասը էջ կարդալը շատ ավելի նախընտրելի է առհասարակ չկարդալուց, պետք է ուղղակի սովորություն դարձնել, ու, ասենք, պարապ ժամանակ սմարթֆոնով խաղալու փոխարեն մի քանի էջ կարդալ։ Այսպիսի դանդաղ  տեմպով կարող եք մեկ ամսում մեկ գիրք ավարտել։ Եթե այսպես չկարդաք, մեկ ամսում գուցե այդ մեկ գիրքն էլ չկարդաք, դուք որոշեք։

5

Կարդալը մոդայիկ չէ:Դրա համար իմաստ չունի  կարդալ զուտ նրա համար, որպեսզի ոչ մեկից չտարբերվեք։ Գիրք կարդալը կարող է մոդայիկ լինել միայն մի դեպքում, եթե ամեն անգամ տնից դուրս գալիս, ըստ հագուստի գույների մի գիրք ընտրեք, և պահեք ձեր ձեռքում՝ որպես աքսեսուար, ընդամենը։ Մնացած բոլոր տարբերակներում գիրք կարդալը մոդայիկ չէ։ Պահանջ է, ցանկություն է, հետաքրքրություն է, բարդություն կամ հաճույք է, բայց ոչ՝ մոդա։ Թեկուզ միայն այն պատճառով, որ նորաձևությունը գնում ու գալիս է, գրքերը, հատկապես՝ լավ գրքերը, հավերժ են։ Եվ գրքերի՝ մոդայիկ լինելը կարող է չկարդալու ներքին պատճառ դառնալ, որովհետև ծանոթները այս կամ այն գիրքն են հավանում, այն ձեզ ներքուստ դուր չի գալիս, բայց քանի որ բոլորը այն գովում են, ստիպված եք զոռով կարդալ ու գոնե ձևականորեն դրական արտահայտվել։ Մի ստիպեք հավանել ձեզ այս կամ այն գրողին, ձեր հավանումով գրողը չի դադարում լավ կամ վատ գրել, դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, կարդացեք այն, ինչ իսկապես դուր կգա։

Մի վախեցեք բարդ կամ անսովոր գրականությունից։ Գիտե՞ք ՝ որն է, օրինակ Պաուլու Կոելյուի ֆենոմենը։ Գրում է պարզ ճշմարտություններ, այն ամենը, ինչ գիտենք բոլորս, կամ էլ կյանքի ընթացքում վստահաբար սովորելու ենք, քանի որ  կյանքի այդ դասերը պատահում են բացառապես բոլորի հետ։ Իսկ Կոելյուն ուղղակի շոյում է մեր էգոն՝ ոչ ավելին։ Մենք հաճույք ենք ստանում, երբ տեսնում ենք, որ անվանի մեկը մեզ նման է մտածում, և մեզ իհարկե կոմֆորտ է կարդալ նման մարդու տեքստերը։ Հենց դրա համար էլ մենք հաճախ ձգվում ենք դեպի նմանօրինակ գրականությունը, այլ ոչ դեպի ավելի բարդը։ Բայց նմանօրինակ գրքերով մենք, իրականում, չենք աճում։ Եթե կարդանք դեռահասության տարիքում՝ գուցե երկու-երեք տարով առաջ ընկնենք կյանքի դասերից, բայց ոչ ավելին։ Կան գրողներ, որոնք  իսկապես բարդ տեքստեր են գրում, շատ են ծանոթագրությունները, կամ տեքստերը վիճարկելի են, օրինակ՝ պարունակում են գռեհկաբանություն, պատմական հորինվածք և այլն։ Մի վախեցեք դրանք ուսումնասիրելուց, քննարկելուց, միայն այդպես է հնարավոր աճել։ Գուցե չհավանեք գրողին ու իր գրականությունը, բայց աճելու եք հենց  քննարկման ընթացքում։

3

Գրքով կարդալը հեռախոսից կարդալուց ավելի լավ չէ: Ծիծաղելի է, որ մենք քննարկում ենք սա, բայց իրոք, երբեմն տպավորություն է, թե տպագիր գրքով կարդացողները «ցածր են դասում» էլեկտրոնային գրքերով կամ հեռախոսով կարդացողներին։ Թե ինչու՝ գաղափար չունեմ։ Բայց ներքուստ մի բան հուշում է, որ այդպես մտածողները սովորաբար այն մարդիկ են, որոնք սիրում են միայն նոր տպագիր գրքեր, քանի որ դրանք ավելի լավ են նայվում գրադարակներում, քան թե «հները»։ Տվյալ միտքն ու դիրքորոշումը բացարձակ կապ չունի ընթերցանության հետ,  այնպես որ խեղդեք ձեր մեջ ձևականությունը՝ ընթերցանության հետ կապված։

4

Անկեղծ եղեք։ Իրոք, ուղղակի անկեղծ եղեք։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պետք է գերինտելեկտուալ լինեն։ Սա կապ չունի ո՛չ մարդկային հատկանիշների, ո՛չ երջանկության հետ, ընդամենը փոքրիկ բոնուսային  բալ է՝ մեր կարմային, որը, վստահ եմ, կարող եք այլ տարբերակով վաստակել։ Եթե չեք ուզում կարդալ՝ մի կարդացեք, մի ձևացրեք, թե սիրում եք գրքերը, դրա անհրաժեշտությունը բացարձակ չկա։ Իսկ եթե, այնուամենայնիվ, իսկապես սիրում եք ու ուզում կարդալ, ապա մի հորինեք արդարացումներ։

Գրքեր կարդալու լավագույն խորհուրդը մեկն է՝ ուղղակի վերցնում եք գիրքը ու սկսում կարդալ այն՝ ամեն հնարավոր ազատ պահի։ Ընդամենը այսքանը, ոչ մի գաղտնիք չկա։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register