ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ՝ ԻԲՐԵՎ ՆՐԲԱՐՎԵՍՏ

IMG_4631

Հոգեբանական ի՞նչ որակներով պետք է օժտված լինի կառավարիչը: Ո՞ր օղակի կառավարիչների աշխատանքն է ամենասթրեսոգենը, ո՞րն է կառավարիչներին բնորոշ հոգեբանական բնութագիրը: Այս և այլ հարցերի շուրջ է «Ճամփորդի» զրույցը ՀՀ կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի հետ:

 

 «Կառավարման հոգեբանությունը ծագել և զարգացել է մարդ-մեքենա համակարգերով զբաղվող ինժեներական հոգեբանությունից: Տեխնիկական համակարգերի բարդացանը զուգահեռ՝ բարդացան նաև կառավարման խնդիրները: Մարդկանց կողմից ստեղծված կառավարման բազմաստիճան համակարգը կառավարելու համար անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրել այդ մարդկանց (կառավարիչների) հոգեբանությունը:

Կառավարման հոգեբանությունն ավելի է լայնացել ու խորացել, նրանում ներառվել է նաև սոցիալական, անձի, հաղորդակցման հոգեբանությունը: Կառավարման հոգեբանությունը հիմնականում զբաղվում է մարդ-մարդ փոխհարաբերություններով:

Այստեղից էլ բխում է պատասխանը, թե ինչպիսին պետք է լինի կառավարիչը: Առաջին հերթին նա պետք է տիրապետի որոշակի հոգեբանական գիտելիքների: Խնդիրը լուծելու դեպքում էլ,ըստ անհրաժեշտության, դիմի մասնագետների: Կառավարման հոգեբանության ներառումն ու զարգացումն ունեն շատ մեծ նշանակություն: Յուրաքանչյուր հասարակարգի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է կառավարման որակից: Այդ առումով կառավարման հոգեբանությունն առաջնային տեղ ու դեր ունի:

 

Կառավարիչների տարբեր  օղակները

 

Կառավարիչները լինում են տարբեր աստիճանի, օժտված տարբեր ֆունկցիաներով: Ստորին մակարդակի կառավարիչներն առավելապես կատարողներ են, վերին մակարդակի կառավարիչները` բարդ որոշումներ ընդունողներ: Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե կառավարման այս կամ այն աստիճանն ի՞նչ պահանջներ է ներկայացնում մարդու հոգեկանին: Ուսումնասիրելով գործունեության էությունը, հնարավոր է տալ մարդու հոգեբանական բնութագիրը, որը կոչվում է պրոֆեսիոգրամա: Այն ճշգրտելուց հետո է կազմվում փսիխոգրաման (ճշտվում են, թե ինչ հոգեկան հատկություններ են անհրաժեշտ՝ այդ գործունեությունն արդյունավետ իրացնելու համար) : Օրինակ` յուրաքանչյուր կառավարչի դեպքում շատ կարևոր է հաղորդակցումը: Բոլորը պետք է օժտված լինեն հաղորդակցման համապատասխան հմտություններով, ունենան որոշակի ունակություններ ու կարողություններ: Շատ կարևոր է իմացությունը, որովհետև եթե գիտելիքդ բավարար չէ, ապա չես կարող ճիշտ որոշում կայացնել: Գոյություն ունեն կառվարման տարբեր աստիճաններին ներկայացվող պահանջներ: Կա կառավարման ստորին մակարդակ, որում ընդգրկված մարդիկ հիմնականում կատարողներ են: Կան միջին մակարդակի կառավարիչներ, որոնք, ըստ վերջին հետազոտությունների, ամենալարված մթնոլորտում են աշխատում, քանի որ գտնվում են թե՛ վերևի, թե՛ ներքևի ազդեցության տակ: Բացի այդ, հենց միջին օղակն է պատրաստում վերին օղակի կողմից ընդունվող որոշումները:

 

Հումորը`  որպես հոգեբանական  կարևոր հնարք

 

Հետաքրքրական է, որ բոլոր մակարդակի կառավարիչների համար էլ գոյություն ունեն ընդհանուր բնութագրեր: Օրինակ` հաղորդակցում, մարդուն ճանաչել, համբերատարություն, սթրեսակայունություն և այլն: Կառավարման բոլոր մակարդակներում էլ մեծ է հումորի նշանակությունը: Պարզվում է, որ լարված աշխատանքում համապատասխան մոտեցում ցուցաբերելու  հարցում հումորը շատ լավ օգնական է: Իհարկե, կյանքում էլ է այդպես: Մարդիկ, որոնք հումորով են կարողանում մոտենալ հարցերին, անհամեմատ ավելի հեշտությամբ են տանում բարդություններն ու դժվարությունները: Կարողանում են կատակի վերածել բարդ իրադրությունը: Դրանք հոգեբանական հնարքներ են, որոնք կառավարչի մասնագիտական կարողության անբաժանելի մասն են:

 

-Հայաստանում կա՞ն պրոֆեսիոնալ հոգեբանների հետ համագործակցող, իրենց աշխատակիցների պրոֆեսիոգրամաներն ու փսիխոգրամաները կազմող ընկերություններ: Նրանց ուսումնասիրությունն  օգնո՞ւմ է թեկնածուներից որևէ մեկին համապատասխան պաշտոնում ընտրելու հարցում:

– Կան այդպիսի հիմնարկ ձեռնարկություններ: Դրանք հիմնականում միջազգային մակարդակում աշխատող կազմակերպություններ են: Հայաստանում գործող «ՍՈՍ – մանկական գյուղ» բարեգործական հիմնադրամն, օրինակ, զբաղվում է ծնողազուրկ երեխաներով կամ այն երեխաներով, որոնցից հրաժարվել են ծնողները: «ՍՈՍ – մանկական գյուղի» տարբեր աստիճանի աշխատողների ընտրության ժամանակ մասնակցում են հոգեբաններ: Այնտեղ կազմված են աշխատողների հոգեբանական բնութագրերը, ըստ որի տեղի է ունենում թեստավորում: Այդ առումով շատ յուրահատուկ է մեր կառավարման պետական ակադեմիան: Ուսուցման ամենասկզբում ընդունվածներն անցնում են հոգեբանական 25 պարամետրից կազմված թեստ, յուրաքանչյուրն իմանում է իր թեստի արդյունքները: Առաջին կուրսի երկրորդ մասում արդեն՝  37 պարամետրերով գնահատում ենք կառավարչական հմտությունները: Նույնն անում ենք երկրորդ կուրսի վերջնամասում(այսինքն՝ ուսուցման սկզբում և վերջում): Համեմատելով տեսնում ենք՝ կառավարչական հմտությունները զարգացել են, թե՝ ոչ: Կառավարման ակադեմիայում բոլոր մասնագիտության տեր անձինք՝ թե՛ իրավաբանները, թե՛ քաղաքագետները, թե՛ ֆինանսների կառավարիչներն անցնում են հոգեբանություն: Այս տարվանից սկսած նաև բոլոր շրջանավարտներին մենք տալիս ենք հոգեբանական բնութագիր, որով կարելի է պատկերացում կազմել, թե կոնկրետ մարդու մոտ ինչ վիճակում են անձնային և կառավարչական հմտությունները, այսինքն՝ տալիս ենք հոգեբանական «անձնագիր», որը նա կարող է ներկայացնել գործատուին, կամ էլ կիրառել ինքնազարգացման նպատակով»:

 

Զրույցը գրի առավ՝

Գարեգին Ալեքսանյանը

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register