ԿԱՐԱՆՏԻՆ

zinvor

Չինացի զորավոր Սուն Ցզին Ք.ա. 6-րդ դարում գրում է. «Պատերազմը պետության մեծագույն գործն է, կեցության և մահվան հիմքը, գոյության և խորտակման ճանապարհը: ՍԱ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ»: Իհարկե, պատմական որևէ ժամանակաշրջանում պետությունը կարող է և պատերազմներ չմղել, բայց Սուն Ցզիի ասածը պարտավոր է հասկանալ և գիտակցել ամեն վայրկյան: Իսկ պետությունը տվյալ տարածքի ոչ միայն իշխանությունն է, այլ առաջին հերթին՝ հենց ժողովուրդը:

Հունվարի սկզբից, ինչպես ամեն տարի՝ երկու անգամ, ժողովուրդն իր ջահելներին սկսել է ուղարկել բանակ:

Պարտադիր զինվորական ծառայության անցնելը հեշտ բան չէ.  միջավայրը, առօրյան, ապրելակերպը կտրուկ փոխվում են: 18-ամյա երիտասարդն այլևս զրկված է անձնական տարածքից, իր ժամանակը տնօրինելու թեկուզև հարաբերական ազատությունից, ում հետ շփվելու և ում հետ չշփվելու ընտրության ազատությունից: Օրվա 24 ժամվա անելիքները հստակ սահմանված են, չկան հարազատները, չկան մտերիմները, հաճախ չկան նույնիսկ ծանոթներ:

Նոր տարվա տոների լի սեղաններից, բանակի քեֆի միանման բաժակաճառերից, ծառայած ազգականների ժամկետանց կամ օգտակար խորհուրդներից հետո, որպես անխուսափելի խումհար՝ վրա է գալիս վարսավիրանոցը, հատակին թափվող խուզած գանգուրների հետ կամաց-կամացհեռանում է քաղաքացիական կյանքը: Ճիշտ է, դեռ կողքիդ է, բայց արդեն քոնը չէ: Փոխարենը՝ արդեն քոնն է, դեռևս ամբողջությամբ քո ձեռերում չէ, բայց արդեն քոնն է «պետությանմեծագույն գործը», դրա կեցության և մահվան հիմքը, դրա գոյության և խորտակման պատասխանատվությունը. և սա ԻՍԿԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՍԿԱՆԱԼ:

Ընդամենը 6-7 ամիս անց, այդ ահռելի պատասխանատվությունըիր տասնութամյա սրտի զրահաբաճկոնին ի պահ տված, Հակոբը, Կարենը, Գուգոն, Արտակը կանգնած են լինելու առաջնագծում:

Իսկ առայժմ՝ խուզած գլուխներով, ցրտից ճաքճքող, անսովոր ձեռքերով նորակոչիկները հավաքակայանում, իրենց կյանքում առաջին անգամ, իրենց ձեռքերով քաշում են իրենց ճակատագրի վիճակախաղի առաջին տոմսը: «Արեգս իր ձեռքով քաշեց Վարդենիս…», «Աշոտս Ղարաբաղ է քաշել. Մարտունիում ծանոթ ունե՞ս…», «Մեծ տղես էլ էր Նոյեմբերյան ծառայել, էս փոքրը՝ Ռուբոս էլ նույն տեղը քաշեց. խեր է…»:

Զորամասում առաջին շրջանում «մալադոյներն»ամբողջ ժամանակն անցկացնում են միասին, անցնում են երեքշաբաթյա ուսումնական ծրագիր, մինչև երդման արարողությունն էլ պարտադիր կրակում են 3-6 փամփուշտ, ասել է թե՝վառոդի հոտն են առնում:

Նախկին ծառայածներն ասում են, որ «մալադոյի» համար սկզբից ամեն ինչն էլ դժվար է: Առավոտյան շուտ արթնանալուց սկսած,մինչև սիրած աղջկա հետ օրական մի քանի անգամ զրուցելու անհնարինությունը: Բայց դե ժամանակի ընթացքում մարդը կարողանում է իրավիճակին ընտելանալ: «Դեմբելներից»գյումրեցի Արմենը պատմում է, թե ինչպես է բանակում կամաց-կամացհաղթահարել կարոտը, սեփական բնակավայրի ջուրը, համն ու հոտն ամեն օր առնելու կախվածությանը.

  • Ամեն անգամ, երբ տնեցիք գուկային, ես իրանց մե բանըմ կըսեի՝ հեչ բան էլ կռնաք չբերեք, մենակ մեր մոդի՝ Ղազանչվա ջուրը բերեք: Հեչ չէի կռնա հարմարվի ըստեղի ջրին. անհամ բան էր: Հետո քանիմ ամիս անցավ, մերոնք էկան, խմեցի ջուրը ու ըզգացի օր էն չէ: Հետո հասկցա, օր ջրի հետ ամեն ինչ էլ նորմալ էր, պրոստը արդեն ըստեղի ջուրն էր դարձել ընձի հարազատ»:

Նուբարաշենի զորամասում մի քանի տասնյակ նորակոչիկ արդեն կես ամիս միասին են արթնանում, սովորում, հաց կիսում. նրանք գտնվում են կարանտինում: Հայաստանի տարբեր տեղերից մեկտեղված տղաները ծխարանում իրար պատմում են «գրաժդանսկի» կյանքի առօրեական  կամ աներևակայելի պատմություններ: Եվ չգիտեն էլ, որ առօրեականն ու աներևակայելին հենց իրենք են, հայոց Բանակի երիտասարդ զինվորները, հայոց պետության գոյության պատասխանատվությունը իրենց տասնութամյա սրտերի զրահաբաճկոններին ի պահ տվածները:

 

Հարություն Իսրայելյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register