ԿԱՊՎԱԾՈւԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆԸ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՎՐԱ

1

Կապվածության տարբեր դրսևորումներն աննկատ ազդում են մեր կյանքի և հարաբերությունների վրա: Երբևէ նկատե՞լ եք, որ չեք հասկանում հարաբերություններում ձեր պահվածքը: Ինչու՞ եք վանում մարդկանց, ում սիրում եք: Ինչու՞ եք կառչում, չնայած գիտեք, որ դա ճիշտ չէ: Ինչու՞ եք կարիք զգում երբեմն մարդկանցից առանձնանալու: Կապվածությունը կարող է բացատրել այդ ամենը: Կապվածության տեսակը ազդում է զուգընկերոջ ընտրության, հարաբերությունների զարգացման և ավարտի վրա: Կարևոր է, որ այն ձևավորվում է դեռևս մանկուց և շարունակում գործել որպես հարաբերությունների մոդել արդեն հասուն տարիքում:

Վստահելի կապվածություն

Սա ամենաարդյունավետ տարբերակն է: Նման մարդիկ և՛ իրենց, և՛ մյուսներին դրական ընկալելու հատկություն ունեն, ընդհանուր առմամբ անհանգստության և ինքնամփոփության հակում չունեն: Նրանք ավտոնոմության և անկախության իրենց բնական ձգտումը կարողանում են հավասարակշռել իրենց զուգընկերոջ հանդեպ էմոցիոնալ կապվածության հետ: Ոչ, դա չի նշանակում անհոգս և անպատասխանատու կյանք: Այս մարդիկ, ուղղակի, կարողանոմ են հարաբերությունների մասին օբյեկտիվորեն դատել: Նրանք, որպես կանոն, բավարարված են նրանով, ինչ ունեն, չնայած երբեմն ցանկանում են ավելին:

Անհանգիստ-մտահոգ կապվածություն

Կապվածության այս տեսակը բնութագրվում է իր հանդեպ բացասական, իսկ զուգընկերոջ նկատմամբ դրական վերբերմունքով: Նման մարդիկ հիմնականում ցուցաբերում են անհանգստության բարձր մակարդակ և գրեթե երբեք չեն լքում իրենց ընտրյալին: Կապվածության չորս դրսևորումներից սա ամենալարվածն է, երբ մարդը վախենում է, որ իրեն կլքեն, ինքը կմնա մենակ: Նման մարդիկ հաճախ հակված են ռոմանտիկ երազանքներին տրվելուն, որը և նվազեցնում է իրականության զգացողությունը: Նրանք հակված են չափազանց շատ ջանք գործադրել հարաբերությունների վրա աշխատելու մեջ, չափից շատ ցույց տալ իրենց զգացողությունները, ինչպես նաև զայրույթը և անհանգստությունը, երբ զգում են, որ իրենց կապը վտանգված է:

Հանդուրժող-անտարբեր կապվածություն

Նման մարդիկ հակված են իրենց զուգընկերոջից էմոցիոնալապես առանձնանալուն: Նրանք հաճախ նախընտրում են մենակ մնալ՝ այդպիսով իրենց զգալով «կեղծ-անկախ» և իրենց ու իրենց կոմֆորտի վրա չափից դուրս կենտրոնանալով: «Կեղծ-անկախությունը» ինքնախաբեություն է, քանի որ ցանկացած մարդ շփվելու կարիք ունի: Բայց այնուամենայինվ նման մարդիկ նախընտրում են «ներքին» կյանքը, ժխտում են զուգընկերոջ հետ շփվելու կարևորությունը և հաճախ նրանից էմոնցիոնալ առումով հեռանում: Նույնիսկ կոմնֆլիկտային իրավիճակներում նրանք կարողանում են անջատել իրենց զգացմունքները և չարձագանքել: Օրինակ, եթե իրենց զուգընկերը բարկացած ասում է, որ կլքի իրենց, նրանք կարող են պատասխանել, որ իրենց համար տարբերություն չկա:

Վախեցած-անտարբեր կապվածություն

Նման կապվածութուն ունեցող մարդը երկակի իրավիճակում է գտնվում: Նա վախենում է շատ մոտենալ զուգընկերոջը և միևնույն ժամանակ շատ հեռանալ: Նրանք իրենց արձագանքի մասին այնքան շատ են մտածում, այդ իսկ պատճառով էմոցիոնալ ճոճանակում են գտնվում և անկանխատեսելի են: Նրանք հասկանում են, որ հարաբերությունների վրա պետք է աշխատել և ընդառաջել զուգընկերոջը, բայց միևնույն ժամանակ վախենում են, որ եթե շատ մոտենան, ապա իրենց կցավացնեն: Այլ կերպ ասած, զուգընկերը, որին նրանք ցանկանում են մոտենալ, այդ նույն մարդն է, որին նրանք վախենում են իրենց մոտ թողել: Արդյունքում ստացվում է կատարյալ ճանաչողական անհամապատասխանություն:

Թարգմանեց Տիգրանուհի Գրիգորյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register