ԺՊԻՏԱՄԻՑԻՆ ՈՒ  ԾԻԾԱՂԱԼԳԻՆ՝ ԲԺԻՇԿՆԵՐԻՑ

taronphotod

Փոքրերին բժիշկներով են վախեցնում. «Այ, եթե խելոք չմնաս, սպիտակ խալաթով մարդ կգա, քեզ կսրսկի»: Իրականում աշխարհը սարսափելի կլիներ՝ եթե չլինեին բժիշկները. մնալու էինք «Գուգլի» հույսին, նա էլ ամեն փռշտոցի համար երեք օրվա կյանք է գուժում:

Ասում են՝ բժշկությանը սիրահարվում ես մեկ անգամ ու ընդմիշտ: Եվ ինչպես ցանկացած հարաբերություն, բժշկությունն էլ  իր ընտրյալից պահանջում է առավելագույն ուշադրություն, և ամուր կապ ստեղծելու համար անընդհատ պիտի աշխատեք ու աճեք միասին, թե չէ կբաժանվեք: Կիսաբժիշկ լինել հնարավոր չէ, մեկ շաբաթ  աշխատանքի չգնալու դեպքում  «սպիտակ խալաթավորների» մոտ սկսում են մասնագիտական հոգեցնցումներ՝ մտովի վիրահատությունների և տարատեսակ գանգատներն իրար համադրելու ու նշանակումներ անելու տեսքով:

Բացի փայլուն գիտելիքներից, բժիշկները նաև հումորից «Օսկար» ունեն: Վկան իմ բժիշկն էր, որը իմ՝ «ինչո՞ւ են շրթունքներիս անկյուններում  ճաքեր հայտնվում ու ցավում» հարցին շատ լուրջ պատասխանեց. «Շատ ես խոսում, դրանից է»: Հաջորդ անգամ ժեստերի լեզվով վրեժ կլուծեմ, իսկ մինչ այդ տարբեր բժիշկներ կիսվեցին իրենց պատահած զավեշտալի դեպքերով: Շատ են, ներկայացնում ենք մի քանիսը, մնացածը թողնելով հետոյին: Ու, առիթից էլ օգտվելով, խիստ ու հստակություն  սիրող բժիշկներին ուզում ենք ասել՝ սիրում ենք ձեզ, բայց չենք կարողանում դադարեցնել  ինտերնետը քրքրել ու ինքներս մեզ ախտորոշել:Կներեք ու պինդ մնացեք:

Գերասիմ Վարդանյան, հոգեբույժ

Մի հղի այցելու ունեմ, զանգել է ինձ, ասում է.

– Ամուսնուս մոտ սեռական ակտը կարճ է տևում, ի՞նչ խորհուրդ կտաք:

– Եկեք, կուղարկեմ համապատասխան մասնագետի մոտ:

– Չէ, ինքն էստեղ չի, Ռուսաստանում է, հեռախոսով է ասել:

***

Շատ հաճախ է պատահում, ասում եմ՝ անցեք, շիրմայի ետևում մեջքի վրա պառկեք: Գնում-տեսնում եմ, ասենք, հաղթանդամ մի տղամարդ ամբողջովին մերկացել, փորի վրա պառկել է՝ մեջքով դեպի ինձ:

***

Մի օր էլ հիվանդներիցս մեկը որոշել էր երեկոյան զբոսանքի դուրս գալ, հայտնվել էր մեր տանը՝ նախապես աղբարկղից ինձ համար նվեր ընտրելով: Քրքրված կոշիկներ էին, բայց ասեմ՝ շատ ճաշակով: Եկավ, փորձել ստիպեց, թեյեցինք, գնաց:

***

Բժիշկ ընկերներիցս մեկը եկել է մեր տուն: Դե, որ բժիշկ ես տեսնում, պիտի հարցեր տաս, քեզնից անկախ է ստացվում: Անհանգիստ ասում եմ,

– Գիտես, մեր բարեկամներից մեկի տղան շատ է խմում, ի՞նչ անենք, մի ցավի կգա, իրեն է վնասում, այդքան խմելով ո՞նց կլինի:

– Գանգատներ ունի՞:

– Չէ դեռ: Միայն կախվածություն ունենալն է, անընդհատ պահանջ ունի, բայց ֆիզիկական գանգատներ չկան:

– Խմելուց հետո կռիվ անո՞ւմ է:

– Չէ, պառկում-քնում է:

– Կին-երեխաներ ունի՞:

– Չէ, ամուսնացած չի:

– Ծանոթներից խմելու համար պարտք վերցնո՞ւմ է, խանութներին պա՞րտք է:

– Չէ, աշխատանք ունի, ինքն աշխատում է, ինքն էլ խմում:

Անհանգիստ ու լարված հայացք ընդունեց, մտածեց-մտածեց.

– Ո՛չ կին ունի, ո՛չ պարտքեր, ո՛չ էլ ֆիզիկական ցավեր: Բանուգործի անունն ի՞նչ է, թող խմի, էլի:

Շարքը՝ շարունակելի:

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register