ՃՈԽ ՍՆՈՒՆԴ՝ ՀՈԳՈՒՆ

zat

Տոն հոգու և հոգևորի համար՝ գեղեցիկ և ուսանելի խորհրդով: Այսպիսին է Զատիկը՝ սիրված բոլոր քրիստոնյաների կողմից: Եվ երբ արդեն հնչել են եկեղեցու զանգերն ու  տոնն ավարտվել է, մեր իրականություն ու գիտակցություն է ներխուժում մի անմեղ հարց՝ իր շուկայական տոհմաբանությամբ. ի՞նչ արժեցավ այս մի Զատիկը մեր սեղանին:

Նորին մեծություն շուկան ներխուժել է հոգևոր դաշտի այս լուսավոր անկյունն իր մեծամեծ առաջարկներով, որն էլ ակամա տարածվել ու աննկատ նյութականացրել է մեր սիրելի տոնը՝ արտաքին փայլ ու շուք, անգամ՝ ճոխություն հաղորդելով: Լավ է, թե վատ, թող դատեն դատողները, իսկ մենք հաշտվենք ու հաշվենք: Կարևորը չմոռանանք, որ Զատկին պետք է նախ հոգևոր սնվենք, աճենք ու ծաղկենք, ու մեր անձը զարդարելուց հետո միայն պիտի անցնենք սեղաններին:

Եվ այսպես, ինչի՞ց է սկսվում Զատկի սեղանը: Դե իհարկե՝ հավկիթից: Ձվերի ճգնաժամն անդառնալիորեն հաղթահարված է, և 60 դրամից սկսվող այս բարիքն ամենքին հասանելի է, նվազագույնը՝ մեկ տասնյակ: Ապա գալիս է կանաչեղենը՝ թարխունի աստեղային ժամով և ձվի ու ձկան ուղեկցությամբ: Առևտրի որոշ կետերում տոնի նախօրյակին  մանդակը դարձել էր մոտ 3000, իսկ սիբեխը՝ 1900 դրամ, ճնճղապաշարի գինն էլ տատանվում էր հինգից յոթ հարյուրի միջակայքում: Շահեցին այն մարդիկ, ովքեր սեղանի «կանաչ ճանապարհի» հումքը շուտ էին գնել:

Հետո ձկան հերթը եկավ. իշխանը մեզ է սպասում, կիլոգրամը հազար յոթ հարյուր դրամով: Դրանից ներքև սառեցված համեստ ձկներն են, կան որոշ տեսակներ միայն «վերևների» համար՝ կարմիր ու սև խավիարներով:

Եվ եթե այս տեսականին ավանդաբար համալրում էր բրնձի փլավը՝ չիր ու չամիչով, ապա այսօր մսեղեն էլ է հայտնվում սեղաններին՝ մեծ բազմազանությամբ:

Այսպիսով, ամենահամեստ հաշվարկով, Զատկի սեղանը սկսվում է տասը հազար դրամից և ավարտվում, ավելի ճիշտ՝ շարունակվում մի քանի հարյուր հազար դրամի ճոխ առևտրով:

Զատկի առանձին թեմա է դարձել տոնական արդուզարդը. իբր տոնի ատրիբուտ խաղալիքների կողքին այս տարի շուկայում կենդանի ճուտիկներ են հայտնվել: Միայն դեղին չէ, նաև անբնական գունեղ, որոնք իրացվեցին հազար հինգից մինչև երկու հազար դրամով: Եվ ցավալին այն էր, որ լավ էին ծախվում ճուտիկները: Ոչ ոք չէր խոստովանում, որ իրականում դրանք անիմաստ մատաղացու էին. կտանեն տուն, կսիրեն, կհիանան ու կգցեն մի կողմ: Իսկ նրանց արհեստական գույն տվողները պիտի հպարտությամբ ասեն, որ իրենց տեխնոլոգիան էնպիսին է, որ ճուտը ձվից է արդեն գունավոր դուրս եկել: Միայն մեզ են խաբում, թե նաև իրենց՝ դժվար է ասել:

Զատկի հարդարանքի մի ուղղություն է սեղանի ձևավորումը. շուկայում հայտնվել են գեղեցիկ ու թեմատիկ սփռոցներ՝ մի քանի տասնյակ հազար արժեցող: Բա Զատկի անձեռոցիկները, բա համեմունքների համար նախատեսված աման-չամանը, ամբողջը՝ թեմայի մեջ: Սիրուն, գունեղ, զատկական ու…թանկ: Ում հասանելի է, կարող է մի քանի տասնյակ հազարի սպասք գնել՝ տարվա մեջ հատուկ այս օրվա համար:

Սեղաններին այդ օրը նաև մոմեր են դրվում՝ մի քանի հարյուր դրամից մինչև հազարներ արժեցող: Արհեստական ճուտիկներ՝ դարձյալ նույն գնային տրամաբանությամբ: Սեղանի խորհրդանիշերից մեկն էլ ցորենն է՝ կանաչ ծիլով: Ոմանք այն  սիրով ու խնամքով աճեցնում են տանը, ոմանք բիզնես դարձնում՝ առնվազն  500 դրամով շուկա հանելու համար:

Ոչինչ չմոռացա՞նք: Իհարկե, մոռացանք ամենակարևորը՝ օրվա խորհուրդը: Զատիկն աշխարհիկ տոն չէ, ու արտաքին փայլով պետք չէ այն պարուրել՝ հոգևորը ետ մղելով: Երբ կա սեր առ Աստված, կարևոր չեն սփռոցի ու աքսեսուարների բազմազանությունն ու ճոխությունը, սեղանի առատությունը:

Սեղանի լավագույն զարդը օրվա բարձր տրամադրությունն է, անկեղծ հավատքն ու սիրելիների ներկայությունը: Մնացածը շուկա է՝ ամենահաս ու ամենակուլ:  Կարծես թե շատ ենք մոտեցել կարմիր գծին:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register