ԿՐԿԻՆ ՋԱՐԴԱԾ  ՏԱՇՏԱԿԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՅ  ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ  ՈՒՆԵՑԱԾ  ԱՆՄԵԿՆԵԼԻ «ՍԻՐՈ»  ՄԱՍԻՆ

9

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կրկին  հայտնվել է կոտրած տաշտակի առջև: Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում մեր թիմը 6 խաղից հետո E խմբում զբաղեցնում է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը: Այս փաստը մտորման  տեղիք է տալիս ու հայ ֆուտբոլասերներին ուղղված «հումանիստական» հորդոր պարունակում:  Գուցե ժամանակն է, որ մեր ֆուտբոլասերները յուրաքանչյուր ընտրական փուլից առաջ  երևակայական ամրոցներ  չգրավեն ու «բոլոր նախադրյալներն  ունենք»  տեսլականով խոշոր մրցաշարերի մասնակցելու հույսեր չփայփայեն: Որքան էլ ցավալի է ընդունելը, բայց սա է հայկական ֆուտբոլի մակարդակն այս պահին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2015 թվականի նոյեմբերին հայտարարել է,որ եթե հավաքականն անհաջողության մատնվի ընտրական փուլում, նա հրաժարական կտա: Ժամանակն է, որ մեր երկրում ամենատարածված մարզաձևի «արյունը» թարմացվի: Գրագետ և թարմ մենեջմենթը ուղղակի անհրաժեշտություն է դարձել:

 Դժգույն խաղով Մակեդոնիայի հավաքականին 1:4 հաշվով պարտվելուց հետո, մեր ընտրանու շանսերը կտրուկ նվազեցին: Հեքիաթը, որ սկսել էր  իրականություն դառնալու հույսեր արթնացնել, հօդս ցնդեց: Հենց Մակեդոնիայի ընտրանու հետ տնային խաղում վերջին վայրկյաններին 3:2 հաշվով տարած կամային հաղթանակը,  Ղազախստանի ընտրանու նկատմամբ  2:0 հաշվով  տոնած հաղթանակից հետո մեր հավաքականի ակտիվում գրանցված միավորներն ու «Հանրապետական» ստադիոնում Սենթ Քիթս և Նևիսի ընտրանու հետ խաղում 5:0 խոշոր հաշվով տնային հաղթանակն էին փայփայած «ախորժակի» մեղավորները:

Մինչդեռ Մոնտենեգրոյի հետ խաղում լրիվ այլ պատկեր էր` ստեղծագործությունից զուրկ և անատամ գրոհներ, խայտառակ վիճակ պաշտպանությունում:  Առաջին իսկ րոպեից այն նման էր ձկնորսական պատռված ցանցի: Բոլոր ուղղություններով մերոնք բաց էին մրցակցի առջև: Դարպասապահն էլ չէր փրկում: Ռոման Բերեզովսկու հեռանալուց և Գևորգ Կասպարովին  հավաքականից վտարելուց հետո, հավաքականի դարպասը պաշտպանում է 24-ամյա Արսեն Բեգլարյանը: Նրան ժամանակին հեռանկարային դարպասապահ էին համարում, իսկ այժմ այն տպավորությունն է, որ Բեգլարյանի աճը դադարել է:

Պոդգորիցայում կայացած խաղը մեծարման երեկոյի էր նման: Տասը տարի առաջ պատանի Ստեֆան Յովետիչը համարվում էր աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Մինչ 2013 թվականը նա փայլեց  «Ֆիորենտինայում», հետո տեղափոխվեց  «Մանչեսթեր Սիթի» և ամեն ինչ շուռ եկավ: Միայն «Սևիլիայում» վարձավճարով հանդես գալուց  հետո նա կրկին  հիշեցրեց նախկին Յովետիչին:  Իսկ Հայաստանի հավաքականի հետ խաղում Յովետիչը պարզապես անկասելի էր: «Ինտերի» 27-ամյա հարձակվողը հետ-տրիկ ձևակերպեց` վերջին գոլը խփելով շրջադարձ հարվածով:

Խմբի մյուս խաղերում առաջատար Լեհաստանը 3:1 հաշվով հաղթեց Ռումինիային, իսկ Դանիան նույն հաշվով` Ղազախստանին: Մինչ ընտրական փուլի ավարտը Արթուր Պետրոսյանի թիմը խաղալու է սեպտեմբերի 1-ին` Ռումինիայի(արտագնա) հետ, սեպտեմբերի 4-ին` Դանիայի (տնային), հոկտեմբերի 5-ին` Լեհաստանի(տնային) հետ և հոկտեմբերի 8-ին` Ղազախստնի(արտագնա) հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր են ձեռք բերելու  խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, իսկ երկրորդ տեղերը գրաված հավաքականները անցումային խաղերում մրցելու են միմյանց հետ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register