7 ՀԱՐՑ. ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

1

Խորագրի հյուրն է սոցիոլոգ, «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպություն (socioscope.am), ԵՊՀ դասախոս Ժաննա Անդրեասյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Սոցիոլոգները ձեզ կպատասխանեն, որ յուրաքանչյուր տարածք կարող է տարբեր կերպ իմաստավորվել տարբեր խմբերի և մարդկանց համար: Այս իմաստով ոմանց համար  օպերայի տարածքը «Թատերական», մյուսների համար՝ «Ազատության հրապարակ» է, իսկ ոմանք էնտեղ ուղղակի թռվռում են բատուտի վրա: Կարծես թե միևնույն ֆիզիկական տարածությունն է, բայց  սոցիալական տեսանկյունից՝ գուցե լիովին հակադիր: Տարածական ընկալման տարբերությունները հնարավոր են դարձնում յուրաքանչյուր անկյուն դարձնել Ձեր  ձևակերպմամբ` շատերին անծանոթ: Օրինակ՝ եթե այսօր մեր քաղաքում հայտնվեն ադրբեջանցիներ, որոնք այստեղ բնակվել են 88-ից առաջ, վստահ եմ՝ մեզ հանրածանոթ վայրերը նրանց մեկնաբանմամբ կդառնան լրիվ ուրիշ:

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի  նյարդայնացնում է  Ձեզ:

– Իրականում այնքան շատ բան կա, որ որևէ մեկն առանձնացնելը խնդիր է թվում: Եթե քաղաքային միջավայրը նկատի ունեք, ապա մեր քաղաքը բոլորովին հարմար չէ ապրելու համար: Հարմար չէ հանրային տարածքների օգտագործման, հանրային տրանսպորտի, ընդհանրապես երթևեկության, քաղաքային տարբեր ծառայությունների կազմակերպման տեսանկյունից: Ընդ որում, եթե որոշ խնդիրներ ռեսուրսատար են, ապա շատերն էլ լուծման համար պահանջում են մինիմալ նյութական ռեսուրսներ, բայց դրանք բոլորը պետք է հիմնված լինեն մեկ պարզ սկզբունքի վրա. կանոնները բոլորիս համար են, ովքեր ապրում են այս տարածքում: Օրինակ, տանս դիմացի խաչմերուկում գրեթե ամեն օր հետիոտնային անցման վրա կայանում են ռուսական և պարսկական պետհամարանիշներով մեքենաներ, այնինչ նույնիսկ դրանից հինգ մետր հեռավորությամբ հանկարծահաս մի քանի րոպե կայանելու դեպքում հայկական համարանիշներով մեքենան տուգանվում է: Ստացվում է՝ կանոնները խախտել չի կարելի միայն կոնկրետ խմբին, իսկ այլ խմբեր կարող են դա անարգել անել:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

 – Վստահ չեմ, որ աշխարհի համար, ասենք խորովածը՝ մեր այցեքարտն է: Ընդհանրապես, որպեսզի հասկանանք աշխարհին ներկայանալու մեր պոտենցիալը, պետք է փորձենք ճանաչել թե՛ այդ աշխարհը, թե՛ նաև ինքներս մեզ: Ասենք, էս վերջերս աղմուկ բարձրացավ ՅՈՒՆՍԵԿՕ-ի կողմից տոլման ադրբեջանական կերակրատեսակ հայտարարելու նախաձեռնության դեմ, սակայն նույն ջերմեռանդությամբ մենք կարող էինք  բողոքել, օրինակ, կիպրացի հույների դեմ, որովհետև եթե դուք Կիպրոսում տեղացիներից մեկից հարցնեք, նրանք զարմանքով ձեզ կհակադարձեն, թե խոսքն իրենց դոլմադասի մասին է, որ չնչին տարբերությամբ դարեր ի վեր պատրաստում են կիպրացի հույները: Միևնույն ժամանակ մենք այնքան փորձառություն ունենք, որ անճանաչ է ինքներս մեզ: Մենք ունենք պատմություն, որը գրեթե կորսված է և վերաբացահայտելու կարիք ունի: Դրա շատ փոքր շերտին՝ հասարակագիտական փորձին, մասնագիտական գործունեությանս շնորհիվ առիթ եմ ունեցել առնչվելու և տեսնելու, թե ինչքան բան չգիտենք մենք մեր մասին:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Գրքերը շատ են ու տարբեր փուլերում՝ տարբեր: Կարևորն այն է, որ դրանք լինեն: Այդուհանդերձ ազդեցության տեսանկյունից առավել վաղ շրջանում դրանք Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի գրքերն էին, այնուհետև հիմնականում քննադատական հասարակագիտության ներկայացուցիչների տարբեր աշխատությունները, որոնք հիմնված են իրականության խորը զգացողության վրա:

– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Այո:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Հնարավորության դեպքում ես էլ ոչինչ չէի կառուցի Երևանում:

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Հարցը խիստ վերացական է, եթե նկատի ունեք Հայաստանի արդի պետությունը, ապա անկախության խորհրդանիշն ինձ համար առաջին հերթին պետության՝ գործորդ լինելու կարողությունն ու պրակտիկան է: Փոքր աղջիկս մի անգամ՝ սեպտեմբերի 21-ի նախօրյակին տան ճանապարհին հարցրեց. մամ, գիտե՞ս ինչու են ամենուր Հայաստանի դրոշները կախել: Իմ հարցին, թե ինչու, ասաց. որ մարդիկ չմոռանան, որ Հայաստանում են: Կարծում եմ՝ խորհրդանիշներն ընդամենը անկախության ծիսականացման գործընթացն են ցույց տալիս: Ծեսերը հասարակական համերաշխության համար խիստ կարևոր են, բայց անկախությունը պետք է լինի մի բան, որ կա նաև ծեսերից զատ:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register