ԻՌԱՅԻ ՄԱՐԴԸ, ՉԱԼՈՆ Ու ՀՂԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ

cover

Հեղափոխությունները ուշ-ուշ են լինում, բայց ոչ՝ ուշացած: Ամեն հեղափոխություն ունի իր խմորման, հասունացման ու պոռթկման ժամանակը: Այնպես որ ամեն օր չէ, որ նման մասշտաբային փոփոխություն է լինում և ամեն օր չէ, որ հեղաշրջման մասնակից ու ականատես ենք լինում: Մեզ հաջողվեց կամ հնարավորություն ընձեռվեց՝ մեր կյանք թարմություն մտցնելու համար, նոր հնարավորություններ բացահայտելու համար, և վերջապես՝ մեր սերունդը ավելի հիմնավոր ճանաչելու համար: Եվ քանի դեռ հեռատես-հոռետես-իրատեսները մեզ չեն համոզել, որ հեղափոխությունն իր հետ նաև տիղմ է բերում և այն հատկապես դրսևորվում է վերմակի տակ տեղավորվելիս կամ գաթան բաժանելիս, շտապենք  վայելել պահի  գեղեցկությունը:

Հայաստանյան թավշե հեղափոխության անասելի թեժ օրերին ծնվեցին խորհրդանիշեր, երևույթներ,  թևավոր մտքեր ու քայլեր, որոնք միշտ կասոցացվեն 2018-ի ապրիլին:Ես փորձեմ անդրադառնալ դրանց լուսավոր կողմին, որվհետև վստահ եմ, որ տեղ գտած նեգատիվն ու չարը  շատ արագ  կչեզոքանա:

Եվ այսպես՝ Չալո կամ Քայլո շունիկը, որ կաղալով, հարյուրավոր կիլոմետրեր հաղթահարելով Երևան հասավ ու շարունակեց քայլերթը մինչ հաղթանակ: Սև-սպիտակ շունը խորհրդանշական է նաև իր գույներով. Հեղափոխական իրավիճակում թվում է՝ երկրում ամենքն ու ամեն ինչ սև-սպիտակի է բաժանվել: Վստահ եմ` բոլոր գույները շուտով մեր իրականություն կվերադառնան:

chalo1

Հաջորդը հանրահայտ Իռայի պատմությունն է,  նրա սիրառատ ու հեղափոխական ամուսինը մի տեսակ ամուր թիկունքի խորհրդանիշ դարձավ, Իռան էլ օջախի  կրակը տաք պահող կնոջ խորհրդանիշ։ Իռայի ամուսինն ապացուցեց, որ մենք ազգ-ընտանիք ենք, որովհետև ուղիղ եթերով բոլորս իմացանք՝  մեր Իռայի ամուսինը քանիսի կողմերը կգա։

ira

«Խոսքներդ շաքարով կտրեմ». այս արտահայտությանը զուգահեռ թավշե օրերին փողոցները նաև մանղալով  էին կտրում: Հենց այդպես, կարգին  տղերքով մանղալն ուղիղ փողոցի մեջտեղում էին դնում ու կարգին  կրակով կարգին խորոված անում, հյուրասիրոմ անցող-դարձնողներին: Նույնիսկ հումոր ծնվեց․«Ախպեր ջան, խորոված ենք սարքել, կուտե՞ս։ -Չէ, ցավդ տանեմ, շնորհակալ եմ, վերևի խաչմերուկում արդեն հյուրասիրել են»։

Հյուրասիրության մի իսկական աղայություն էր ելակ  մշակող տղան, որ մեքենայի խցիկը բացել ու տասնյակ կգ-եր թանկարժեք հատապտուղները  բաժին էր հանում ցուցարարներին։ Մի Ford ելակ բաժանեց:

elak

Հիշում եք` մի «հին հեղափոխական» կար, որ ասում էր Փարաքարի ճանապարհը փակենք: Նիկոլենք դա էլ փակեցին,  բայց  որպեսզի մարդկանց հոգս չպատճառելով կյանքներն ավելի  չդառնացնեն, մորուքավոր տղերքը գայթակղիչ տորթերը աղուհացի տեղ առած՝ դուրս եկան ոտքով ուղեբեռ քաշող տեղացի ու զբոսաշրջիկ մարդկանց դեմն ու հյուրասիրեցին անխնա:

xorovac

Այս օրերին էլ հայտնի դարձավ Տիգրան Համասյանի լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի նկարած՝ ոտքով դեպի  օդանավակայան գնացող։ Դե, եթե սիրելի երաժիշտն է ոտքով գնում, մենք կքայլենք ու կքայլենք։

hamasyan

Վերջին օրերին հանրությունը նոր սիրելի գտավ՝ Լեյլա տատիկը, իր ջինջ հայացքով, որը ժամեր շարունակ անտրտունջ կանգնում էր ցուցարարների հետ առաջին շարքերում, շատ ակտիվ վանկարկում ու պարում։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեց, համբուրեց ու «սելֆի» արեց։ Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանը օգնեց մեզ նկատել Լեյլա տատիկին ու, իսկապես, շատ սիրել։

tata

Նիկոլն ասել էր՝ ճամփա կտանք միայն շտապօգնությանը, հղիներին: Ու հենց այս օրերին պարզվեց, որ ազգիս կեսը հղի է, տղամարդկանց էլ՝ քվորում ապահովածների մի 30 տոկոսը: Երեկ հերթը ինձ էլ հասավ, չէ, երկունքի ցավերի չէ, հղիների հանդիպելու։ Մեքենայով մոտենում է մի ծիծաղկոտ դեմքով տղամարդ։ Խնդրում է ճանապարհ բացել․
-Երեխեք ջան, ճամփա տվեք, էլի։
-Ձյաձ ջան, ախր փակ ա․․․Ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչ հարց կա։
-Դե ինչ ասեմ, մի քիչ հղի եմ, լա՞վ ա։

shtap

Սյունե Սևադա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register