Էկրանի մյուս կողմում իրական մարդիկ են

38531416_213466059325792_5453845653958426624_n

․․․Հիմա կասեք՝ ա՜յ քեզ հիմար վերնագիր, իբր չգիտեինք, բացահայտում արեցիք, է՜լի, է՞լ ինչ «նորություն» կհայտնեք։ Բարի, այս մասին, իհարկե, գիտեք, բայց եկեք ստուգենք՝ որքանով եք, ըստ անհրաժեշտության, հիշում դրա մասին։

Դե, սոցցանցերում «քարվան կտրելը» նորություն չէ։ Բայց երբևէ մտածե՞լ եք, շատ պատկերավոր զգացե՞լ եք, որ ձեր բառերից, հումորի տակ հրամցրած վիրավորանքներից կարող եք մարդկանց իրական վնաս հասցնել, որը չի անցնում «վայֆայի» լարը կտրելով կամ համակարգիչն անջատելով։
Այ, փակել եք ձեր աչքերն ու որոշել եք երևակայել, թե աշխարհի տերն եք։ Հարմար տեղավորվում եք աթոռին, շրթունքները լպստելով ընտրում եք, թե սրան ու նրան ինչ  պատիժ է հասնում։ Իսկ պատժել որոշել եք, քանի որ ինչ-որ հարցում հետը համակարծիք չեք, ասենք՝ դուր չի գալիս տվյալ մարդու ապրելաոճը, հասակը, մազերի գույնը, կամ գրել եք իրեն՝ չի պատասխանել․․․Ինչևէ, չշեղվենք, վերադառնանք հետ։ Ուրեմն, սուբյեկտիվ մի պատճառ գտած ձեզ, իհարկե՝ սխալմամբ, աշխարհի տեր ու որոշող մեկն եք կարծում, և ուզում եք ձեր փայլուն դաստիարակությունն ու շքեղ բառապաշարը ցողել համացանցով մեկ՝ ցույց տալով եռահարկ հայհոյանքների իմացությունը, կամ էլ, լավագույն դեպքում, ուղղակի դիմացինին անվանել հիմար, անգրագետ, տխմար․․․Չնայած ինչո՞ւ ենք մանրանում, նման դեպքերում կարճ գրում են․ «Սրան վառել է պետք»։ Վերջ, խնդիրները լուծված են։

Իսկ դուք մտածե՞լ եք երբևէ, որ այդ մեկնաբանությունները կարող են կարդալ հենց հասցեատերերը։ Կասեք՝ ավելի լավ, թող կարդան։ Բայց մի պահ պատկերացրեք, թե սխալմամբ եք վիրավորել, ինչը մեր սոցցանցային տիրույթում հաճախ է լինում, ասենք՝ բուն ասելիքը չեն հասկանում ու սկսում են մարդուն նախշել, ու բառի ուղիղ իմաստով՝ հարամ են անում ուրիշի կյանքը։ Հարամ եք անում,  գցում եք տրամադրությունը, դասականի ասած՝ տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք։  Դուք ո՞վ եք, որ որոշեք որևէ մեկին վառել-վտարել-պատժել։ Պատասխանեմ՝ ոչ մեկն եք։ Եվ մեզնից և ոչ մեկը չունի նման իրավունք։

Սոցցանցերում վիրավորանքներ շաղ տվող մարդիկ այլ միջավայրում սովորաբար հրաշալի ամուսիններ են, հոգատար ու սիրող կանայք,  զարմիկների ու զարմուհիների նկարներով կիսվող հորաքույրեր ու մորաքույրեր։ Պատկերացնո՞ւմ եք որևէ մեկը սկսի ձեր գրած աղբը ուղարկել ձեր ամենամոտ բարեկամներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպիսին եք դուք իրականում։ Իհարկե, ձեր որոշ մասը կհպարտանա եռահարկ հայհոյանքների իմացությամբ, մյուս մասն էլ կճղճղա՝ լավ եմ արել, ճիշտ եմ արել, դեռ մի բան էլ՝ քիչ եմ արել։
Բայց լավ ու քիչ անելուց առաջ երբևէ մտածե՞լ եք, որ մեզնից և ոչ մեկը, ընդհանուր առմամբ, իրենից  մի մեծ բան չի ներկայացնում, որպեսզի իրեն թույլ տա վիրավորել դիմացինին, հասցնի նրան ընկճված տրամադրության, դառնա լացի պատճառ, կոտրի, ստիպի դեմ գնալ ցանկություններին։ Կասեք՝ է թող չկոտրվի։ Էլի որ՝ չի կոտրվի։ Նմանօրինակ էժան վիրավորանքները կամ ցինիկ դրսևորումները սկզբում գուցե ազդեն մեկ-երկու օրով, հետո՝ մի քանի ժամ, իսկ եթե  հանրային գործ ծավալող մարդ ես, որոշ ժամանակ հետո իմունիտետ ես ձեռք բերում ու բացարձակ  չի ազդում։ Այսինքն, գործնականորեն, որոշ ժամանակ անց մարդկանց վրա չի ազդելու ձեր արտամղած աղբը։ Իր վրա չի ազդի, բայց կթունավորի ձեր կյանքը։ Որովհետև դուք ապրում եք տվյալ աղբը հետներդ քարշ տալով, դուք հատուկ նստում եք համակարգչի առաջ, լպստոտում շուրթերը, որպեսզի սրան ասեք անբարոյական, նրան՝ անգրագետ, երրորդին էլ հաճույքով վառեք։
Աղբը ձերն է՝ որքան էլ նետեք ուրիշի վրա։ Դուք ձեր եռահարկ հայհոյանքներն եք՝ որքան էլ կեղծ բարեսրտության քողի տակ թաքնվեք՝ մի մոռացեք սրա մասին։ Եվ ամեն անգամ, երբ փորձում եք մարդկանց վիրավորել, հիշեք, որ իրական մարդու հետ գործ ունեք։ Չեք հավանում ինչ-որ բան՝ գրեք ընկերական տոնով, առաջարկեք մի քանի տարբերակ, թե ինչպես կարող է ավելի լավը դառնալ ըստ ձեզ։ Արժեզրկելով, ծաղրելով մարդուն չեք փոխելու, գուցե ցավեցնեք փոքր-ինչ, բայց միայն այդքանը։  Իսկ վնասատու լինելը հեշտ է, ուրիշ հարց է՝ ուզո՞ւմ եք արդյոք մոլախոտի հոգեբանությամբ ապրել, դուք եք ընտրողը։

Իրական մարդկանց մասին եք խոսում, որքան էլ ձեր բացասական խոսքերն ի վերջո ձեզ են  հենց թունավորում՝ մեկ է, եթե կարելի է մարդկանց չվնասել, ինչո՞ւ վնասել։ Հիշեք այս հոդվածի վերնագիրն ամեն անգամ, երբ փորձում եք մեկին թաղել ձեր անեծքների մեջ, գուցե փոշմանեք ու  ավելի ճիշտ ու դրական փոփոխության տանող բառեր ընտրեք։

Ու փոքրիկ հետգրություն․ ընկերներիցս մեկն ասում է՝ մարդկանց վրա քար շպրտողներն ի վերջո  գլորվում են անդունդը, որովհետև այդ քարերը վերցնում են իրենց ոտքերի տակից։
Մի գլորեք ձեզ անդունդը, քարերը ոչ միշտ են հասնում իրենց նպատակին, անգամ եթե հասնում են՝ խփածի վերքը հնարավոր է բուժել, բայց այ ձեր ներսի թույնը ձեզ շարունակ խեղդելու է, կյանքն ավելի օգտակար ու գեղեցիկ զբաղմունքների մասին է։

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register