ԻՆՔՆԱՍՊԱՆՈւԹՅՈւՆ. ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ. ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

1

Ինքնասպանության թեման Ալբեր Քամյուն համարում էր փիլիսոփայության միակ լուրջ խնդիրը՝ որոշել` կյանքն արժե՞ ,  որ այն ապրես, թե՞ ոչ: Ըստ Քամյուի՝ տալ այս հարցի պատասխանը, նշանակում է պատասխանել փիլիսոփայության ֆունդամենտալ հարցին:

Կյանքը մանրամասն եւ երկար ապրելու համար մեզնից յուրաքանչյուրը դիմում է հնարավոր բոլոր միջոցներին: Կյանքն ապրելու համար պատրաստ է հրաժարվել կարեւոր բաներից: Ահա, Գալիլեո Գալիլեյն իր ողջ կյանքը նվիրեց գիտությանը, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ այդ նվիրումը չէր սպառնում իր կյանքին: Այսինքն` իր առջեւ դրված չէր գիտությամբ զբաղվելու կամ խարույկի վրա այրվելու ընտրությունը: Գալիլեյն ընտրեց կյանքը: Ի տարբերություն Ջորդանո Բրունոյի, որը չհրաժարվեց իր գաղափարներից եւ խարույկ բարձրացավ: Ըստ ավանդության` Սոկրատեսը եւս այդպես վարվեց. հրաժարվեց ապրելու` ի վերուստ իրեն ընձեռված իրավունքից ու նախընտրեց ինքնասպան լինելու ազատությունը: Սակայն պատմական իրադարձությունների, համաշխարհային մասշտաբի դեմքերի կենսագրությունները մեջբերելն այս դեպքում տեղին չէ:

Ոստիկանական ամփոփագրերում հաճախակիացել են ինքնասպանության դեպքերը: Օրերս կյանքից կամավոր հրաժարվեց երկու մանկահասակ երեխաների երիտասարդ ու գեղեցիկ մայրը: Պատճառն, ըստ ընկերների, դեպրեսիան էր: Կյանքին հրաժեշտ տալու Ջորդանո Բրունոյի մոտիվացիան մեզնից ոչ մեկին չի սպառնում: Սակայն մեր երկրում, ինչպես հայտնի է, կան կյանքին առանց խոր ափսոսանքի հրաժեշտ տալու բոլոր նախադրյալները: Եվ որ, ի տարբերություն իրենց կյանքին վերջ տված հանճարեղ մարդկանց, ինքնասպանությամբ կյանքին վերջ տալն ազատ ընտրություն կամ ազատության ցուցադրություն չէ, այլ կյանքից րոպե առաջ փախչելու հնարավորություն:

Վերջ տալ կյանքին, նշանակում է՝ խոստովանել ինքդ քեզ, որ կյանքը վերջացած է, անիմաստ է, անհասկանալի: Որ դու այլեւս անզոր ես ինչ-որ ձեւով ազդել սեփական կյանքի` այդքան անուրախ ընթացքի վրա:

Երկա՞ր են մտածում մարդիկ ինքնասպանությունից առաջ, թե՞ դա վայրկյանական որոշում է: Դժվար է ասել:

Վիճակագրությունը պնդում է, որ Հայաստանում ինքնասպան են լինում հիմնականում 35-65 տարիքի տղամարդիկ: Նետվում են կամրջից կամ ընտրում պարանը: Հասուն տարիքում կանայք հազվադեպ են ինքնասպան լինում: Իսկ եթե կյանքից կամավոր զրկվում են, ապա՝ 70-ից հետո:  Տղամարդիկ` ըստ էության, անզորությունից, ընտանիքը պահելու ձախողված փորձերից հետո են վերջ տալիս կյանքին: Առաջացած տարիքի կանայք` հարազատներին բեռ չդառնալու մտավախությունից: Վերջերս հեռուստատեսությամբ ռեպորտաժ էր թշվառության մեջ ապրող հերթական ընտանիքի մասին. տարեց մայրը, աղջիկն ու հարսը` իրենց բազում երեխաներով, ամուսիններով, բնակվում էին մի փոքրիկ սենյակում:  Ընդ որում, նախանձելի համառությամբ հաջողացնում էին երեխաներ ունենալ: Ընտանիքի մայրը` տարեց մի կին, խոստովանեց, որ ինքն ամեն օր մտածում է ինքնասպանության մասին: Բայց ոչ թե կյանքին վերջ տալու համար, այլ՝ որ իրենից հետո յուրաքանչյուրին բաժին ընկնող քառակուսի սանտիմետրը ավելանա, և  որ աթոռների վրա քնող թոռնիկները կզբաղեցնեն իր անկողինը:

Պակասել են երիտասարդ Վերթերի սինդրոմով կյանքին վերջ տվող պատանիները. անպատասխան սեր, սեփական անձի վրա ուշադրություն բեւեռելու` կյանքի գնով ձեռք բերված հնարավորություն: Հոգեբան Խաչատուր Գասպարյանի կարծիքով՝ Հայաստանում վերջին տարիներին ինքնասպանությունների թիվը չի ավելացել, որ եվրոպական զարգացած երկրներում մարդիկ ավելի հաճախ են վերջ տալիս կյանքին: Սակայն մոտիվացիան է տարբեր:

Հայաստանում քո խնդրի հետ մեն-մենակ մնալու վախը ապատիա են առաջացնում: Ցածր ինքնագնահատականը, որն առաջանում է կիսաքաղց երեխաների աչքերին նայելիս, բերում է գիտակցության` դու անպետք ես: Բեռ ես ինքդ քո եւ հարազատներիդ ուսերին: Իսկ այս գիտակցությամբ երկար չես գնա: Մինչեւ առաջին պատահած կամուրջ: Կամրջից նետվելուց հետո, թող ներեն ինքնասպանություն գործած մարդիկ, արդեն ակնկալիքներ կան. ճիշտ է, հետմահու, սակայն քո անձը հասարակության ուշադրությունը կբևեռի վրադ: Թող որ՝ շատ կարճ ժամանակով: Քո մասին կխոսեն, գուցե խղճի խայթ զգան նրանք, ում պատճառով ընտրությունդ եղել է ոչ թե հօգուտ կյանքի, այլ հակառակը: Սակայն սրանք սենտիմենտալ դատողություններ են: Հասարակությունն առանձնապես էներգիա եւ տրամադրություն չունի ուրիշ մեկով հետաքրքրվելու, հատկապես, եթե այդ մեկը ողջ չէ:

Իսկ մահվան մասին ամեն ինչ, կարծես, ասված է: Եվ քաղաքավարությունը պահանջում է այս թեմայով խոսելիս` պահել պաթետիկ տոնը: Սակայն մեզ ավելի հեշտ է ապրել այնպես, կարծես մահվան մասին ոչինչ չգիտենք կամ չենք ցանկանում իմանալ:
Ինքնասպանների ակնկալիքները ողջերից չափազանցված են:

Մի մարդ` կամրջից այսկողմ, մի մարդ` այնկողմ. մեկ տող` ոստիկանական ամփոփագրում:

Լիլիթ Ավագյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register