ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

1

Ամենօրյա  լրահոսում  ամենից շատ դիտվող, քննարկվող ու կարդացվող նյութերն արտակարգ ու դժբախտ պատահարների մասին են. այսպես է ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում: Այս դեպքում պատճառը ոչ միայն մարդկային հետաքրքրասիրությունն  է, այլև կարեկցանքն ու ափսոսանքը:

Հայաստանյան դժբախտ պատահարների քրոնիկոնում  առանձին ու մտահոգող տեղ են զբաղեցնում ինքնասպանությունները: Սուիցիդի դեպքերը տարեցտարի շատանում են: Դիտարկենք պաշտոնական վիճակագրությունը. «2017 թվականի հունվարից առ այսօր՝ գրանցվել է ինքնասպանության  410  ահազանգ, որից 117-ն իրագործվել է, 275-ի դեպքում հաջողվել է կանխել: 18 դեպքում քաղաքացիները պարզապես սպառնացել են ինքնասպան լինել»,- տեղեկացնում են ԱԻՆ-ից:

2016  թվականին Հայաստանում տեղի ունեցած  ինքնասպանությունների թիվը  2015  թվականի համեմատ աճել է 2,  2014-ի  համեմատ՝  42-ով դեպքով: Չնայած ուժեղ սեռի համբավը արական սեռինն է, սակայն ինքնասպանների գերակշիռ մասը հենց տղամարդիկ են, ինչի պատճառով էլ թերևս շատերը կասկածում են՝ ինքնասպանությունն ուժե՞ղ, թե՞ թույլ մարդու արարք է:

Թեև երկու դեպքում էլ արդարացում չկա, քանի որ սեփական կյանքը խլելը նույնպես  մարդասպանություն է: 2016 թ. Հայաստանում գրանցված ինքնասպանության 197 դեպքից 160-ը կատարել են տղամարդիկ: Անցած տարի աճել է նաև ինքնասպանություն գործած կանանց թիվը:

Իսկ ի՞նչ միջոցների են դիմում հայ ինքնասպանները: Հետևենք վիճակագրությանը. դեպքերից 133-ը կատարվել են կախվելու, 40-ը՝ ցած նետվելու միջոցով: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևանում: Հիմք ընդունելով պաշտոնական տվյալները, կարելի է կազմել այս ծայրահեղ քայլին դիմած միջին վիճակագրական անձի կերպարը. 60 տարեկանն անց տղամարդ, ով ինքնասպանություն է գործում Երևանում՝ բնակարանում կամ առանձնատանը կախվելու միջոցով:

Ինքնասպանության հիմնական  պատճառ են դիտարկվում՝ հոգեկան խնդիրները, սոցիալական անելանելի թվացող իրավիճակը, դեռահասների՝ ֆետիշացման մոլուցքը: ԱԻՆ-ում, ի դեպ, հոգեբանական կենտրոն է ստեղծվել, որը կարևոր է հատկապես ինքնասպանությունների կանխարգելման տեսանկյունից: Չնայած երևույթի բացասական  միտումներին, հոգեբանները վստահեցնում են, որ Հայաստանում ինքնասպանությունների  թիվը ամենաքչերից է աշխարհում, ինչը պայմանավորված է ընկերական, բարեկամական ամուր կապերով: Միաժամանակ քաղաքներում ինքնասպանություններն ավելի շատ են, քան գյուղերում, քանի որ մարդիկ քաղաքում ավելի մեկուսացված են, իսկ միջանձնային կապերը՝ ավելի թույլ: Մասնագետները նշում են,որ ինքնասպանությունը մեկ կամ երկու օրում կայացված որոշում չէ. մարդիկ հիմնականում երկար են մտածում ու ծրագրում նման քայլը:

Ինքնասպանությունը հիմնականում կատարվում է էմոցիոնալ ծանր ֆոնի, դեպրեսիայի պատճառով, մարդիկ փորձում են «փախչել» խնդիրներից, ընդ որում, այդ քայլին դիմողը գտնվում է հոգեկան խանգարման վիճակում:  Իսկ ինքնասպանություն գործող կանանց թիվն ավելի փոքր է, քանի որ մայրերը, ըստ հոգեբանների, խնայում են իրենց երեխաներին: Բացի այդ,  կանայք ավելի ճկուն են և ավելի հեշտ են գտնում կյանքի բարդ իրավիճակներից դուրս գալու ուղիները:

Մի՛ սպանիր  աստվածաշնչյան պատվիրանն այսօր մի ուրիշ կողմ էլ ունի՝  մի՛ սպանվիր: Ավելին, ամենաբարդ իրավիճակում անգամ կյանքը չի կորցնում իր հմայքը: Հիշենք, որ այն, միևնույն է, ժամանակավոր է: Ուրեմն եկեք չխառնվենք Աստծո գործերին, լիարժեք ապրենք  մեր բաժին կյանքը և այն ամենն, ինչին ձգտում ենք, նվաճենք ու վայելենք:

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register