ԻՆՉՊԵՍ ՃԱՄՓՈՐԴԵԼ ԱՎՏՈՍՏՈՊՈՎ

Ինչո՞վ է զբաղվում շարքային տուրիստը, երբ մոտենում են արձակուրդները: Սկսում է հետևել դեռ ամիսներ առաջ նախապես կազմած ծրագրին. ինքնաթիռի տոմսերը պատրաստ են, հյուրանոցներում համարներն ամրագրված են, տեսարժան վայրերի ցանկն առկա է, մնում է հասնել մինչև օդանավակայան:
Իհարկե, սա բավական ապահով տարբերակ է, բայց նաև՝ թանկարժեք, որոշ դեպքերում՝ անգամ ձանձրալի: Ազատ ճամփորդել սիրողի համար լանդշաֆտի փոփոխությունը, գյուղական վայրերում ապրող մարդիկ կարող են ավելի հետաքրքիր լինել, քան տեսարժան վայրերը և ամեն քայլափոխին լուսանկարող մարդկանց անվերջ շարանը:
Ավտոստոպի գաղափարը շատերին է ծանոթ, սակայն քչերն են որոշում այդկերպ ճամփորդել: Միջքաղաքային ճանապարհին սպասել համընթաց մեքենայի, հանդիպել տարբեր բնավորության, տարիքի վարորդների և նրանց հետ անցել ճանապարհը, վայելել մարդկային անբռնազբոս շփումը, ձեռք բերել նոր ծանոթություններ, և այս ամենը՝ խնայելով զգալի գումարներ:
Ավտոստոպի մասին պատմում է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» (fpwc.org) հիմնադրամի աշխատակից, «Արևորդի Էկոտուր» (set.am) սոցիալական ձեռնարկության մենեջեր, փորձառու ճանապարհորդ Վահագն Վարդումյանի հետ: Նա 11 տարվա ընթացքում 35 երկիր է այցելել: Հայաստանում փորձում է զարգացնել էկոտուրիզմը:
Ցանկացած մարդ, ով ուզում է ճամփորդել ավտոստոպով, պետք է գիտակցի հնարավոր ռիսկերի, դժվարությունների մասին և պատրաստ լինի դրանց: Օրինակ՝ ավտոմեքենայի սպասել այն ժամանակ, երբ սովորաբար դա քո քնելու ժամն է: Կամ ոտքով երկար տարածություններ կտրել, սպասելով համընթաց մեքենայի: Եղել է, որ օտար երկրում գիշերով համընթաց մեքենայի սպասենք բենզալցակայանում, որտեղ, ամեն դեպքում, վարորդի հետ զրուցելն ավելի հարմար է, քան մայրուղում: Չեմ կարծում, թե գիշերային ավտոստոպը վտանգավոր է կամ անհարմար, պարզապես պետք է հասնել քաղաքի ծայրամաս, արվարձան, որտեղից հնարավոր կլինի մեքենա որսալ»:
Ավտոստոպով ճանապարհորդողը պետք է սովորական կամ հեռախոսային քարտեզ ունենա և հստակ իմանա, թե մինչև իր նպատակակետը ինչ քաղաքներ, գյուղեր կան: Անհրաժեշտ է հենց սկզբից վարորդների հետ պայմանավորվել, որ սա ավտոստոպ է և գումարի հարց լինել չի կարող:
- Բեռլինից ավտոստոպով գնացել ենք Լիխշտեյնշտեյն: Ես և ընկերուհիս կտրել ենք 950 կմ ճանապարհ: Կյանքումս առաջին անգամ Մայբախ ավտոմեքենա տեսել եմ այդ ճանապարհորդության ընթացքում: Վարորդը մեզ օգնել է ճանապարհի եզրափակիչ հատվածում»:
Կարծրատիպ կա, որ ավտոստոպով ճանապարհորդողները աղքատ կամ կացարան չունեցող մարդիկ են: Իրականում շատերը թե՛ գումար ունեն, թե՛ սեփականություն, աշխատանք, սակայն նախընտրում են ավտոստոպը՝ հետաքրքրության, անկախատեսելիության, մարդկային հասարակ շփման, ծանոթությունների համար:
- Վստահ եմ, որ Հայաստանում ավտոստոպով ճամփորդող մարդկանց թիվն աճում է: Երիտասարդներն այժմ ավելի անկաշկանդ են: Հայաստանում սեմինարներ ու հանդիպումներ են տեղի ունենում ավտոստոպի թեմայով:
Լիտվացի ծանոթ աղջկա հետ Երևանից ավտոստոպով գնացել ենք Թբիլիսի և վերադարձել: Գնալու ընթացքում փոխել ենք 4 կամ 5 ավտոմեքենա: Վարորդներից մեկն ինձ հարցնում էր, թե ինչու չեմ գնում հարմարավետ երթուղայինով:
Հայաստանում կարող ես ավտոստոպով ճանապարհորդել թե՛ սահմանամերձ բնակավայրերում, թե՛ գլխավոր, միջքաղաքային ճանապարհներով: Չափազանցված կարծիք կա, որ մեզ մոտ ճոխ մեքենա ունեցողները չեն կանգնի ճանապարհին: Իհարկե չափազանցված է, շատերն են ցանկանում օգնել»:
Հայաստանում մարդկանց մեծ մասը որևէ բան անում է, երբ տեսնում է, որ դա համատարած է: 2013 թվականի ամռանը, երբ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներն էին ընթանում, մեծ թափ առավ «Անվճար մեքենա» շարժումը: Երևանում բազմաթիվ վարորդներ մարդկանց առաջարկում էին անվճար տեղ հասցնել: Ցավոք, շարժումը բողոքի ակցիաների ավարտից հետո երկար կյանք չունեցավ:
Մեր խնդրանքով Վահագն Վարդումյանը նաև համառոտ ցանկ կազմեց, թե ինչ պետք է ունենա ավտոստոպով առաջին անգամ ճամփորդության մեկնողը.
- Գունավոր մարկերներ և փոքր պաստառ (նպատակակետի անունը գրելու համար):
- Ջրաման, որակյալ թերմոս:
- Քնապարկ, վրան:
- Ուսապարկ:
- Ամուր կոշիկներ:
- Անձրևանոց:
- Սնունդ (օրինակ՝ ընկույզ, մեղր, թեյ):
- Ծալովի դանակ և պատառաքաղ:
- Փաստաթղթերի պատճեններ:
- Քարտեզ:
Իսկ դու ի՞նչ ես անելու արձակուրդի ժամանակ:
Հովհաննես Իսրայելյան