ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄ

ariana

Ապրիլի 2-ից բոլորիս ուշադրությունը սևեռված է Արցախից եկող լրատվությանը: Ամեն վայրկյան Ֆեյսբուքում, էլեկտրոնային ԶՏՄ-ներում, հեռուստատեսությամբ հետևում ենք իրադարձություններին, վրդովվում ենք, զայրանում ենք, նաև ապրում ենք աներևակայելի հպարտության պահեր, երբ նորից ու նորից համոզվում ենք մեր տղաների ամրության, պատվախնդրության, հերոսականության մեջ: Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջան է ու ոչ ոք չի զարմանում, որ ինֆորմացիան բոլորին է հասանելի: Եվ հենց այդ հասանելիության մեջ էլ թաքնված է գլխավոր ծուղակը, քանի որ լրատվության այս հորձանուտում չգիտես էլ որն է ավելի շատ՝ տեղեկատվությունը թե ապատեղեկատվությունը:

Ժամանակակից հասարակությունը ցանկացած հարցի պատասխան փորձում է գտնել ինտերնետի միջոցով: Արդեն մի փոքր դժվար է հիշել և պատկերացնել, թե ինչպես էինք մանկության տարիներին մեզ հանձնարարվող թեմաների մասին հավելյալ ինֆորմացիա փնտրում հանրագիտարաններում, թերթելով հարյուրավոր էջեր, որպեսզի գտնենք, օրինակ՝ «Ձնծաղիկ» բաժինը: Եթե հիմա փորձեմ գտնել տեղեկություն ձնծաղիկի մասին, ապա կհայտնաբերեմ հազարավոր հղումներ հարյուրավոր լեզուներով, իսկ ինֆորմացիան կունենա նվազագույնը երկու իրար հակասող բովանդակություն: Եվ սա ընդամենը՝ այդ տեղեկատվությունը ինտերնետում տեղադրողների ոչ պրոֆեսիոնալության, անպատասխանատվության կամ փնթիության պատճառով:

Իսկ պատկերացնու՞մ եք, որքան հակասական և տարբեր է տեղեկատվությունը, երբ այն խեղաթյուրում են մտածված, այն էլ՝ հատուկ ծառայությունների մակարդակով: Հետևեք ցանկացած միջազգային կոնֆլիկտի, ահաբեկչության, օրինակ՝ սիրիական պատերզամին,  իսրայելյան հակամարտությանը, վերջիվերջո՝ մեր հարազատ Ղարաբաղին:

Ինֆորմացիայի կանխամտածված խեղաթյուրումը, դեռ կես դժբախտությունն է. դրա տարածումը հասարակության շրջանում իրականացվում է հենց ընթերցողների ձեռքերով, ովքեր դյուրահավատորեն, կամ վատ լրագրողի պես՝ սենսացիայի հետևից ընկած, առաջինը լինելու մոլուցքին գերի, տարածում ու բազմացնում են ցանկացած անհեթեթություն:

Որպեսզի զերծ մնանք հավելյալ սթրեսներից, ապատեղեկատվության բացասական հետևանքներից, կամ ակամայից՝ զեղծարարների ջրաղացին ջուր լցնելուց՝ պիտի հետևենք մի քանի կանոնների.

Ստուգենք նյութի աղբյուրը: Արդյո՞ք դրան կարելի է վստահել:

Փորձենք վերլուծել նյութը հեղինակի անկողմնակալության տեսանկյունից:

Ստուգենք նկարների, վիդեոների ամսաթվերը: Ժամանակակից տեխնոլոգիաները ընձեռնում են նման հնարավորություն:

Մեկ այլ կարևոր հանգամանք. պետք է ուշադրություն դարձնել նյութի «որակին»՝ ուղղագրությանը, շարադասությանը: Եթե ինֆորմացիան ուղղված է շտապ խառնաշփոթ ստեղծելուն, ապա այն, ամենայն հավանականությամբ, գրված է անփույթ, առանց նյութի կառուցվածքային զարգացման:

Ինտերնետային կյաքերից, թերթերից, հեռուստատեսությունից կամ ցանկացած այլ ինֆորմացիոն աղբյուրներից նորությունը լսելուց հետո անմիջապես պետք չէ տրվենք զգացմունքներին և քայլեր ձեռնարկեք, այլ ստուգեք ինֆորմացիայի հավաստիությունը: Իսկ հայկական բանակը, վստահ եղեք, իր գործը կանի:

 

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register