ԻՆՉՊԵՍ ՉԴԱՌՆԱԼ ԶԵՅԳԱՐՆԻԿԻ ԷՖԵԿՏԻ ԶՈՀ

3

Պատմությունն այսպես է սկսում․ նախորդ դարի քսանականներին խորհրդային ապագա հոգեբան Բլյումա Զեյգարնիկը մի խումբ ուսանողների ու դասախոսի հետ սրճարանում էր, որտեղ նրանց տպավորեց մատուցողը, որը հիշեց նրանց մեծածավալ պատվերը՝ առանց գրի առնելու։ Մատուցողի հետ զրուցելուց հետո ուսանողները պարզեցին, որ աշխատակիցը հիշում է բոլոր չկատարած պատվերները, բայց վայրկենական մոռանում է բոլոր նրանք, որոնք քիչ առաջ կատարել է։

Զեյգարնիկն այստեղից եզրակացրել է, որ մարդիկ տարբեր են ընկալում ավարտած ու չավարտած  գործողությունները՝ կախված դրանց կարևորությունից։ Հետագայում, իր փորձերի հիման վրա նա հասկացավ, որ ինչ-որ առաջադրանք սկսելը որոշակի լարվածություն է առաջացնում մարդու ուղեղում, և լարվածությունը «լիցքաթափվում է» միայն այն ժամանակ, երբ գործը հասցնում են ավարտին։

Մարդիկ միշտ ձգտում են սկսած գործը հասցնել ավարտին։ Սա վերաբերում է ոչ միայն  հիշողությանը, այլ նաև ընկալմանը։ Եկեք մի փորձով ստուգենք դա։

Նայեք այս նկարին՝

2

Դուք տեսնում եք շրջան, եռանկյուն, ևս մեկ եռանկյուն՝ երեք շրջաններով, ճի՞շտ է։ Բայց եթե փորձենք ավելի կոնկրետացնել, իրականում դուք տեսնում եք երեք կոր կտորներ, երեք անկյուններ, և չորս ֆիգուր, որոնք ունեն սպեցիֆիկ տեսք։

Մեր հոգեկան աշխարհը անընդհատ փնտրում է ավարտուն, ամփոփ, կատարված իրավիճակներ, ու անգամ՝ իրեր, հենց դրա համար էլ դուք միանգամից ամբողջական ֆիգուրներ եք տեսնում նկարում։ Այս նույնը կրկնվում է հարաբերությունների մեջ, ու քանի դեռ վերջի զգացողություն չունեք՝ մտքում անընդհատ իրավիճակներ եք խաղալու, քանի դեռ իրականության մեջ ինչ-որ  ավարտուն վիճակի չեք հասել։

Ամուսնական տարաձայնությունները ուղեղում անընդհատ լուծելը, երբ արդեն ապահարզանի թղթերը պատրաստ են ու հաստատ որոշել եք բաժանվել, մանկական վիրավորանքների վրա կենտրոնացումը, երբ արդեն մեծահասակ ես՝  այս ամենը հենց չավարտված գործողությունների էֆեկտն է, ու հենց դրա համար էլ սրանց նկատմամբ  հատուկ վերաբերմունք կա։

Չասած խոսքերն  ու ցույց չտված զգացմունքները, չարած քայլերը՝ հենց սրանք կարող են մեր մեջ տարիներ շարունակ ապրել ու ներքուստ լարման մեջ պահել։

Զեյգարնիկի էֆեկտը փորձում է մարդկանց մի կարևոր բան բացատրել՝ պետք է հնարավորինս ավարտուն «ապրել» ՝ խոսելով մտածածը, քննարկելով հարաբերություններն ու նոր դրանք ավարտել կամ սկսել, քանի որ ցանկացած կիսատություն հետագայում խնդիր է դառնում մենր ներքին ընկալման համար՝ ստիպելով մեզ լարվել։

Ահա թե ինչպես է կոչվում ձեր ներքին անհաշտությունը, երբ դեռ մտքում սցենարներ եք հորինում կամ տարօրինակաբար  ֆիքսվել եք ինչ-որ չստացված մանրուքի վրա, որն արդեն տարիների  պատմություն ունի։ Զեյգարնիկի էֆեկտն է, որը կարելի է քչացնել կամ վերացնել կյանքում՝ կա՛մ կիսատ թողած գործերն ավարտին հասցնելով, կա՛մ այն գործերը, որոնք հնարավոր չէ արդեն  ավարտին հասցնել ու դրանք դարձել են ներքին դժգոհություններ ու վիրավորանքներ, հոգեբան-հոգեթերապևտի հետ քննարկելով ու վերլուծելով։

Պատրաստեց Սյունե Սևադան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register