Ինչո՞ւ կին կամ տղամարդ գերելու թոփ տասնյակները չեն աշխատում

1

 Համացանցն արդեն երկար տարիներ է, ինչ հեռու բարեկամներից ավելի հարազատ է դարձել։ Եվ  սոցցանցերի բաղկացուցիչ մասը, ինչպես և կյանքում, կազմում է հարաբերությունների  քննարկումը, պարզաբանումը, ցուցադրումը ՝ լինի սիրային, ընկերական, բարեկամական, թե այլ տարբերակով։ Թերթելով սոցցանցերը ու օնլայն պարբերականները՝ շատ հաճախ ենք բախվում մի շարք «թոփերի»․ «Թոփ 10 մեթոդ՝ տղամարդուն գերելու համար», «5 կետ՝ հասկանալու համար՝ արդյոք նա սիրում է քեզ», «Կնոջ երազանքների տղամարդու 10  հատկանիշները»․․․Անվերջ ցուցակը կարող եք շարունակել ինքներդ:

Բայց արի ու տես, որ իրական կյանքում նման տասնյակները չեն աշխատում։ Եվ չէին էլ աշխատի, անգամ եթե հարյուրյակներ լինեին։ Մի պարզ պատճառով. իրար շատ նման լինելով հանդերձ՝ մարդիկ շատ տարբեր են։

Ի՞նչ են առաջարկում  այս «թոփերը», ասենք, այն պարագայում, երբ ցանկանում եք  հասկանալ, արդյոք ձեր հավանած տղային կամ աղջկան դուր եք գալիս, թե՝ ոչ։ Դասական փաթեթ է․ հաճախ է ուղղում մազերը, գտնում է ձեզ համար ժամանակ,  կաշկանդվում է, հաճախ է կարոտում և այլն։ Ինչ խոսք, սրանք կարևոր դետալներ են, բայց դրանք խոսում են մարդու՝ ձեզնով հետաքրքրված լինելու մասին միայն և ոչ թե փաստում են աշխարհի ամենաամուր սիրո մասին։

Որովհետև, օրինակ, նույն կերպ կարելի է կարոտել շատ մտերիմ ընկերոջը, հորաքրոջ տղայի հետ խոսելիս կարելի է կաշկանդվել, եթե ավելի խելացի է ու զգում եք, որ զրույցում փոքր-ինչ զիջում եք գիտելիքներով։ Իսկ մազերի հետ խաղալը կարող է ուղղակի սովորություն լինել՝ հատկապես աղջիկների մոտ։ Չի կարելի ամեն՝ մատներով մազերն ուղղող աղջկա մասին ասել, թե նա խենթանում է ձեզ համար։

Բայց արի ու տես, որ նմանօրինակ հոդվածները պնդում են այս տեսակետը։ Եվ ստացվում է, որ սիրահարվելն աշխարհի ամենադյուրին գործընթացն է․ եթե տղայի մոտ աղջիկը ուղղեց մազերը, կամ եթե աղջկա մոտ տղան փոքր-ինչ  երկար մտածելով խոսեց, վերջ, նրանք ստեղծված են իրար համար։ Ու ոչինչ, որ այս պարամետրերով այս երկուսը ևս հարյուր հոգու համար էլ են ստեղծված։

Մենք վստահում ենք տարրական  ժեստերն ու քայլերը դեպի անձնական հարաբերություն ուղղորդող հոդվածներին, բայց չենք վստահում ինքներս մեզ, մեր տեսածին, ներքին ձայնին ու զգացողություններին։ Սիրելը հեշտ է՝ ընդհանրական առումով, ամեն առողջ գիտակցություն ունեցող մարդու մեջ կա  սիրելն ու հոգատար լինելը՝ բնազդային մակարդակով։ Բայց երբ վերացական-ընդհանրական սերը փոխակերպվում է հարաբերությունների՝ անձնականից մինչև ընկերական, բարեկամական և այլն, խնդիրն ավելի բարդանում է, որովհետև զգացմունքներից զատ պետք են կոնկրետ քայլեր ու շատ կոնկրետ աշխատանք՝  կողակցին հասկանալու, ըմբռնելու, ներելու ու զիջելու սահմաններ գծելու, միասին աճելու, ստեղծելու և այլն։

Եվ եթե նմանատիպ պարզունակ հոդվածներ կարդալու տեղակ փորձենք նայել մեր ներսը, կհասկանանք, որ մեր և դիմացինի արած քայլերը շատ ավելի խոսուն են։ Ձեր ապագա ամուսնու կամ կնոջ հետ տարիներ անց հոդվածներով չէ, որ շփվելու եք, այլ՝ կոնկրետ քայլերով։ Եվ մազերն ուղղելու ու հաճախ ծիծաղելու միջակայքում հայտնվելու է ամենազոր կենցաղը՝ գազի ու ջրի լույսը մուծելուց սկսած մինչև փչացած տեխնիկա և այն հեռու բարեկամների ծննդյան տոներին ստիպողաբար հաճախելը, դե նրանց, որոնց ֆոնին սոցցանցերը ավելի հարազատ էին դարձել։

Այդ ժամանակ գուցե հասկանալի լինի, որ չէ,  տարատեսակ «թոփերը» խոսում են այն ամենի մասին, ինչը կա ցանկացած, էլի եմ կրկնում, ցանկացած մարդու մեջ, և դրսևորվում է այս կամ այն իրավիճակում։ Դրանք երբեք չեն աշխատի, քանի որ․․․ արդեն իսկ աշխատում են։ Պահվածքի, ժեստերի հասարակ համատեղում են, փռշտալու պես սովորական մի բան։ Բայց ցավոք, հարաբերությունները չեն կարող այդքան հեշտ կառուցվել՝ տարրական օրինակների վրա հենվելով։ Պետք է նայել ավելի հեռու ու բարձր։

Մեզ պետք չեն թեստեր, որոնք կհստակեցնեն՝ որքանով ենք սազում մեր սիրելի կնոջը կամ տղամարդուն։ Պետք չեն «սուպեր-պուպեր» գաղտնիքներ՝ նրան սիրահարեցնելու համար։ Պետք է վստահություն ինքներս մեր նկատմամբ, որ հասկանանք՝ սխալվելու հավանականությունը փոքր է ու կարող ենք սթափ դատել ու, ի վերջո, սիրված լինել։ Եվ պետք է ցանկություն՝ աշխատելու այն հարաբերությունների վրա, որոնք մենք ուզում ենք ունենալ։ Իսկ թեստերն ու «թոփերը» միայն մի պարագայում կլինեին իսկապես ճիշտ․ եթե ձեր՝ «արդյո՞ք ինձ սիրում է» հարցադրմանը պատասխանեին․ «Իրենից հարցրու, մենք ընդամենը արագ հավաքած տեքստ ենք, որի գործառույթը կայքին դիտում բերելն է»։

Թոփ տասնյակները չեն աշխատելու՝ քանի դեռ ինքներդ չեք աշխատում ձեր հարաբերության համար ու վրա։ Մտածեք այս մասին՝ հերթական տասնյակով տարվելուց առաջ։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register