ԻՆՉՊԻՍԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԿՅԱՆՔԸ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ՝ ԵԴԵՄԻ ՊԱՐՏԵԶՈՒՄ

miting

Խոստումնալից  գարուն է Հայաստանում: Մարտի 5-ից քարոզարշավն սկսած քաղաքական ուժերն առավել քան շռայլաձեռն են: Նրանք աջ ու ահյակ խոստումներ  են  բաժանում:  Փրկարար բալասան  հիշեցնող խոստումներ: Հեռուստացույցով փողկապավոր մարդիկ են ելույթ ունենում, ռադիոյով հնչում են լուրջ տեքստեր,դպրոցական շենքերի պատերին կարմիր, մեծ ժապավեններ են փակցվել՝ նշելով ընտրատեղամասը, երթուղայիններում կողքիդ նստած մարդիկ նախընտրական բուկլետներին են  ծանոթանում: Որքան էլ ուզեք հեռու մնալ քաղաքականությունից, միևնույն է, անհույս է: Օդով, ջրով, ցամաքով, նույնիսկ օպտիկամանրաթելային մալուխներով  այն բոլոր կողմերից «գրոհում» է:

Հենց այսպես էլ, քաղաքական լայնաճակատ «պաշարման» արդյունքում  քաղաքացին սկսում է «կլլել» տեղեկատվական նորանոր հոսքերը՝ փորձելով վերջնական ընտրություն կատարել մինչ ապրիլի 2-ը: Կողմնորոշման հարցում,սակայն, ամեն ինչ բավական բարդ է: Պետք է հաշվի առնել քաղաքական ուժերի անցած ուղին, իրենց արածն ու չարածը:

Ընտրության հարցում ամենևին էլ երկրորդական չէ նախընտրական ծրագրերի դերակատարությունը: Նախընտրական ծրագրերը սովորաբար անդրադառնում են երկրի տնտեսությանը, զինված ուժերին, անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, կրթությանն ու գիտությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, առողջապահությանը, մշակույթին, դատաիրավական բարեփոխումներին առնչվող կարևորագույն հարցերի:

Մինչ Ազգային ժողովի ընտրությունների մեկնարկը «Ճամփորդը» մտադիր է ներկայացնել պայքարի ելած 9 կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերում առկա ուշագրավ կետերը, առանձնացնել քննարկման արժանի լուրջ վերլուծություններն ու, անդրադառնալ անիրատեսական, բաժակաճառեր հիշեցնող, իրականության հետ աղերսներ չունեցող խոստումներին: Այս շաբաթ մեզ հետ միասին ձեզ էլ ենք  առաջարկում ծանոթանալ տնտեսական ծրագրերին, որոնց հիմնական կետերի իրականացման դեպքում՝ Հայաստանը դրախտավայր դառնալուց բացի այլ տարբերակ ուղղակի չունի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերին վիճակահանությամբ հատկացրել է հերթական համարներ: Մենք էլ հետևենք այդ դասակարգմանը:

Համար 1-ին. «Ելք» կուսակցությունների դաշինք

(մանրամասն՝ brightarmenia.am կայքում)

«Ելք» դաշինքը իշխանության ղեկը ստանձնելու դեպքում մտադիր է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական-արդյունաբերական (ռազմարդյունաբերական) երկիր: Նպատակի կյանքի կոչման համար դաշինքը ծրագրում է 150 և ավելի աշխատող ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին ազատել շահութահարկից: Դաշինքը մտադիր է բանակի համար անհրաժեշտ գնումներն իրականացնել ի հաշիվ հայաստանյան արտադրողների և Հայաստանում կազմակերպել զինտեխնիկայում հաճախակի խափանվող դետալների արտադրություն: Դրա համար անհրաժեշտ է արտադրական հոսքագծերի և օժանդակ սարքավորումների ներմուծումը երկու տարի ժամկետով ազատել ԱԱՀ-ից և մաքսատուրքից:
Ծանր արդյունաբերությունը  «Ելք»-ը դիտարկում է իբրև գործազրկության վերացման և բյուջեում ուղղակի հարկերի ավելացման միջոց: Առաջնայնությունը տրվելու է գունավոր մետալուրգիային և քիմիական արդյունաբերությունը, հնարավորինս փակելով արտադրական ցիկլը և հումք արտահանող երկրից վերածվելով վերջնական ու մրցունակ ապրանք արտադրող երկրի: Սյունիքի մարզում մետաղաձուլական գործարան ստեղծելու համար ստեղծվելու են արտոնյալ պայմաններ: Բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ՝ ամենակարճ ժամկետում Կապանի երկաթգծի կայարանը կապվելու է  ԻԻՀ Ջուլֆայի երկաթգծի կայարանին` ապահովելով հանքարդյունահանման և մետաղաձուլման արդյունքում ստացվող ու մատակարարվող նյութերի տեղափոխումը երկաթգծով:

Կորուստների նվազեցման, վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգակիրների ներկրման այլընտրանքային աղբյուրներից օգտվելու միջոցով էլեկտրաէներգիայի և գազի սակագները 10-15 տոկոսով նվազեցվելու են:

Համար 2. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն 

(մանրամասն՝ fdp.am կայքում)

«Ազատ դեմոկրատների» տնտեսական ծրագիրը, որը հեղինակել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած տնտեսական լաբորատորիան, կոչվում է «Մրցունակ Հայաստան»: Ծրագրի հիմնական նպատակն է տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովել՝ ՀՆԱ-ում կուտակման ու ներդրումների, ՓՄՁ տեսակարար կշռի, պետական պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժնի, համայնքների տնտեսական իրավունքների ու ռեսուրսների շեշտակի ավելացման, արտագաղթի կասեցման, կառավարման ազատականացման և կոռուպցիայի անկման հաշվին։
Ուշագրավ կետերից է 5 տարում նվազագույն աշխատավարձի աճի ծավալը: «Ազատ Դեմոկրատները» պլանավորում են մինչ 2021 թվականը ներկայիս  55 հազար դրամ նվազագույն աշխատավարձը կրկնապատկել՝ հասցնելով 111 հազար դրամի, միջին աշխատավարձն էլ՝ 382 դոլարից մինչև 462 դոլարի:

Համար 3. «Հայկական վերածնունդ» կուսակցություն

(մանրամասն՝ hvk.am կայքում)

«Օրինաց Երկիրը» 2015 թվականի ամռանը այլ կուսակցությունների և հասարակական կազամակերպությունների հետ համատեղ ստեղծեց «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը: ՕԵԿ-ը 2012-ին ԱԺ ընտրություններից առաջ բազմաթիվ խոստումներ էր տվել: Չնայած իշխանության մաս կազմելուն, նախարարական պորտֆելներ ունենալուն, Արթուր Բաղդասարյանի  գլխավորած կուսակցությանը  այդպես էլ չհաջողվեց դրանք կյանքի կոչել: Օրինակ՝ 5 տարի առաջ ՕԵԿ-ն առաջարկում էր առաջին երեխայի դեպքում միանվագ նպաստի չափը դարձնել 100.000, երկրորդ երեխայի դեպքում՝ 200.000, երրորդ երեխայի դեպքում՝ 500.000 դրամ: Մինչդեռ մինչ այժմ առաջին և երկրորդ երեախաների ծննդյան միանվագ նպաստը կազմում է  ընդամենը 50.000 դրամ:
Հայկական վերածնունդ»-ը այս ընտրություններից առաջ ներկայացրել է ծրագրային 30 դրույթ: Այս անգամ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի վերաբերյալ կուսակցությունը կոնկրետ թվեր չի նշել, ուղղակի սահմանափակվել է գումարների մեծացման մասին հիշատակումով: Ուշագրավ է 20-րդ կետը, ըստ որի՝ յուրաքանչյուր ամուսնացող զույգին պետական բյուջեից պետք է միանվագ տրամադրել 500.000 դրամ աջակցություն` նախապատվությունը տալով սոցիալապես անապահովներին:
Մասնակցություն տարածաշրջանային խոշոր ծրագրերին: Պետության կողմից գործուն քայլերի ձեռնարկում՝ միջազգային ֆինանսական կառույցներից և շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցների ներգրավում` Իրան-Հայաստան-Վրաստան՝ նավթամուղի, Իրան-Հայաստան-Վրաստան՝ գազամուղի, Հայաստան-Իրան՝ ջրատարի, Իրան-Հայաստան՝ երկաթգծի, Հայաստանում ժամանակակից նավթագործարանի կառուցման նպատակով»:

Համար 4. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք

Այս դաշինքն առաջարկում է 15 հիմնական քայլ: Ահա դաշինքի մշակած ծրագրի տնտեսական մասը.

Միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին։ Այն բարձրացնել 25 հազար դրամով և պարբերաբար ինդեքսավորել: 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ: Առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից: Առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից: Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում»:
Համար 5. Կոնգրես -ՀԺԿ կուսակցությունների դաշինք

(մանրամասն՝ anc.am կայքում)

Այս դաշինքն առաջարկում է պայքարել մենաշնորհների դեմ: Լիովին պարզեցնել հարկային և մաքսային համակարգը: Գրավիչ դարձնել Հայաստանը ներդրողների համար:

Ազատ և հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով՝ ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33 տոկոսի շեմ։ Սահամանափակումը պարտադիր կգործի լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա կտարածվի օրենքով:

Հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6 (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաև մաքսատուրք): Շրջանառության հարկը կարող է կիրառվել միայն որպես փոխարինող հարկ: Շահութահարկի, եկամտահարկի և ավելացված արժեքի հարկերի  դրույքաչափերը սահմանել 15 տոկոս: Վերացնել ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանում:

Ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող գումարի չափով ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսն ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։

Գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 25 տոկոսով՝ սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության և կորուստների ու անարդյունավետ ծախսերի կրճատման միջոցով:

Ծանր վիճակում հայտնված գյուղացիական տնտեսությունների համար կիրառել վարկային համաներում, զրոյացնել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքները, իրականացնել գյուղացիական տնտեսությունների վարկային պարտքերի դուրս գրում կամ մասնակի մարում:

Համար 6. Հայաստանի Հանրապետական կուսակցություն

(մանրամասն՝ lovearmenia.am կայքում)

ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը մյուսներից տարբերվում է նրանով, որ չկան թվային՝ չափելի տվյալներ.

Տնտեսական քաղաքականության օրակարգի առաջին հորիզոնականում են լինելու մակրոտնտեսական կայունության հետագա ապահովումն ու ամրապնդումը, ներդրումային միջավայրի հետագա բարելավումն ու նոր ներդրումների ներգրավումը, տնտեսավարող սուբյեկտներին, այդ թվում՝ ՓՄՁ-ներին, անհրաժեշտ օժանդակության և տնտեսական խթանների տրամադրումը, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովումն ու հովանավորչության վերացումը»:

Համար 7. Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագիրը դեռ պատրաստ և հասանելի չէ:

Համար 8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) կուսակցությունների դաշինք

(մանրամասն՝ hamakhmbum.am)

«365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց» նախընտրական ծրագրի տնտեսական մասը վերնագրված է՝ «Հզոր տնտեսություն՝ հզոր Հայաստան»: Ահա այդ ծրագրի ուշագրավ կետերը.
Փոքր՝ մինչև 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով: Ավելացված արժեքի հարկը սահմանել 18 տոկոս: Արմատապես բարելավել մաքսակետերի աշխատանքը, որը պետք է դարձնել տնտեսության զարգացման, առողջացման հենասյուներից մեկը: Բիզնես հիմնելը և բիզնեսով զբաղվելը պետք է դիտվեն որպես հայրենասիրության դրսևորման ձև, իսկ պետծառայողների և այլոց կողմից բիզնեսին խոչընդոտելը՝ պետական ծանր հանցագործություն: Բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհների ասֆալտե ծածկույթի հանդեպ ներկայացվող պահանջները, ավելացնելով դրա գինը ընդամենը 3 տոկոսով՝ գործողության ժամկետը հնարավոր է կրկնապատկել: ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում Հայաստանը կրկին ընդգրկել «Հազարամյակների մարտահրավեր» տնտեսական ծրագրում»:
Համար 9. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

(մանրամասն՝ votearf2017.am)

ՀՅԴ նախընտրական ծրագրում նույնպես չկան թվային և ժամանակային տվյալներ: Կուսակցությունն առաջարկում է.

Ապահովել տնտեսական աճի և ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխում՝ հասարակության բոլոր անդամների միջև: Ստեղծել հնարավորություն, որպեսզի մարդիկ կարողանան իրացնել աշխատանք ունենալու իրենց իրավունքը: Երաշխավորել տարեցների բարեկեցիկ ծերությունը: Անթույլատրելի է, որ ողջ կյանքն արդար քրտինքով իր հացը վաստակած տարեց քաղաքացին հայտնվի աղքատության մեջ: Ստեղծել արդար պայմաններ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Ուժեղացնել մենաշնորհների և անբարեխիղճ մրցակության դեմ պայքարը՝ խստացնելով մրցակցության համար սահմանվելիք պատիժների համակարգը և երաշխավորելով ազատ մուտքը շուկա: Թեթևացնել տեսչական բեռը, գիտակցել, որ տեսչական ստուգումները պետք է ուղղված լինեն միայն անբարեխիղճ տնտեսվարողների դեմ և չպետք է մահակ դառնան բարեխիղճ ձեռնարկությունների գլխին»:
Ծաղկաքաղը՝ Գարեգին Ալեքսանյանի

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register