ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ

555

– Բարև, բալիկ ջան:

– Բարև Ձեզ:

– Ինչպե՞ս ես, գործերդ լա՞վ են:

Քաղաքավարի երկխոսության այս դրվագը կարող էր դասագրքային նմուշ լինել, եթե շարունակությունը խիստ մտահոգիչ չլիներ: Իսկ մտահոգողն  այն է, որ օրը ցերեկով «Եհովայի վկաները» հոգեորսությամբ են զբաղվում երեխաների շրջանում: Քաղաքի տարբեր կետերից այդ  մասին արդեն ահազանգել են: Եվ ոչ միայն ահազանգել, սեփական աչքերից ավելի լավ փաստեր չկան. արդեն որերորդ անգամ Թումոյի այգում, երեեխաների պարապմունքից դուրս գալու ժամերին հատկապես,  հանդիպում եմ օսլայած, կինոյի ժպիտով երիտասարդ տատիկների, որոնք իրենց ժպիտների պես ձևավոր բուկլետներով շրջում են ու սկզբի համար իրենց հանդիպող երեխաների որպիսությունը հարցնում: Եվ եթե երեխաները մարդամոտ են, հարցից հարց է բացվում, զրույց  ծավալվում, այնքան, մինչև որ նրանք կարողանում են երեխաներին փոխանցել  իրենց մոտ առկա նկարազարդ բուկլետներն ու գրքույկները: Ընդ որում, փորձում են նույն երեխային պարբերաբար մոտենալով նրա վստահությունը նվաճել:

Մի կողմ թողնենք այն, թե ինչպես և ինչու են Եհովայի վկաները հայտնվել մեր իրականությունում, փորձենք հասկանալ՝ ինչու են նրանք անարգել թիրախավորում երեխաներին և ինչպես կարող ենք կանխել այս երևույթը: Չէ՞ որ քարոզչության դաշտում, առավել ևս աղանդների, երեխաներին ներգրավելն ընդհանրապես օրինական չէ:

Ըստ իս, քանի դեռ և ցավոք, աղանդները դեռևս օրենքի բացերի հետևանքով կարող են մեր երկրում ազատ գոյատևել, մենք գոնե պիտի կարողանանք երեխաներին պաշտպանել նրանց ազդեցությունից: Ինչպե՞ս, առաջին հերթին որպես նախապայման, երեխաների և ծնողների միջև սերտ կապն ապահովելով, ապա և  բացատրելով, որ պետք չէ անծանոթ մարդկանց հետ շփվել, առավել ևս գրքույկներ վերցնել նրանցից:  Երեխաներին կարելի է ամփոփ բացատրել նաև, թե ինչու են նման խորհուրդներ տալիս իրենց և ինչ վտանգ կարող են ներկայացնել նման շփումները:

Երեխաներին հեշտ է շփոթության մեջ գցել՝ հիշատակելով Աստծո անունը: Այնինչ, երեխան, ծնողների, հարազատների հետ եկեղեցի այցելելով, կհասկանա, թե ում կարող է վստահել իրականում: Մանկական գունազարդ Աստվածաշունչն այս դեպքում միասին թերթելը հրաշալի միջոց կլինի թացը չորից զատելու համար՝ եթե ընտանիքը մոտ է եկեղեցուն:

Եվ, ի վերջո, ուշադիր ծնողը շատ արագ երեխայի մոտ կնկատի քարոզչական նյութերը, կամ ընդհանրապես՝ նոր շփումների ազդեցությունը և քայլեր կձեռնարկի:

Բացի այդ, տվյալ պահին այգում,  հասարակական մյուս վայրերում զբոսնող, քայլող մարդիկ, որոնք ակնհայտ առաջին իսկ հայացքից տարբերակում են եհովականներին կամ մյուս աղանդավորներին, նկատելով, որ նրանք երեխաներին են մոտենում,  պետք է իրենք իրենց իրավունք վերապահեն ու միջամտեն, պաշտպանեն երեխաներին:  Աղանդների քարոզիչները միշտ պիտի վախ ունենան հասարակությունից և ոչ թե օգտվեն մեր անտարբերությունից ու անտեղյակությունից:

Այս հոդվածն ավելի շատ զգուշացում է, խնդրում ենք ծնողներին ու երեխաների կրթությամբ զբաղվող կենտրոններին ուշադիր լինել, խոսել երեխաների հետ ու բացատրել իրավիճակը:

Ի վերջո, բոլորս ունենք խղճի ու կրոնի ազատություն, բայց չի կարելի կորցնել նույն այդ խիղճը ու քարոզել մարդկանց, որոնք դեռևս ինչ-ինչ հարցերում կողմնորոշված չեն: Թույլ մի տվեք որոշել ու հավատալ ձեր փոխարեն:

 

Սյունե Սևադա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register