ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԻ ԴԱՌՆԱԼ ՍՈՑՑԱՆՑԵՐՈւՄ

3

Երբ 2010 թվականին ես բացեցի իմ բլոգն ու հրապարակեցի առաջին պատմվածքս, սոցցանցերում մաքսիմալ հավանումը հասնում էր․․․ տասներկուսի։ Առաջին անգամ պատմվածքներիցս մեկը  մեկնաբանեց անծանոթ մի աղջիկ՝ Լիլիթ անունով՝ 2011 թվականին միայն՝ ուղիղ մեկ տարի անց։ Այո, մի ամբողջ տարի ինձ կարդում էին միայն ընկերներս ու ծնողներս։  Ես հիշում եմ, որ այդ օրը նույնիսկ փոքրիկ տորթ էի գնել ինձ համար ու նշում էի փոքրիկ հաղթանակը։ Սա հաղթանակ էր ոչ թե նոր «լայք կպցնելու», այլ բացարձակ անծանոթ մարդուն հետաքրքրելու հաղթանակ էր, ով խոսք էր տվել, որ ինձ էլի կկարդա։ Հիմա, իհարկե, սոցցանցերի իմ էջերում անծանոթ մարդիկ տասնյակ անգամ ավելի շատ են։ Բայց ես գիտեի՝ որն է նպատակս․ գրելը։ Ուղղակի գրելը։ Ես գրում եմ արդեն մոտ ութ տարի՝ նույն սիրով ու հաճույքով։ Նաև զուգահեռ սիրում եմ համացանցը, հենց դրա համար էլ հաճախ եմ սոցցանցային գրառումներ անում։ Դեռ  այն ժամանակ՝ տասնհինգ տարեկանում, ես չէի տիրապետում ոչ սոցիալ մեդիա մարքեթինգի գործիքների, ոչ էլ, առանձնապես, հետաքրքրված էի «փիարով» ու չգիտեի էլ՝ դա ինչպես են անում։ Բայց ես գիտեի՝ ինչ եմ ուզում անել հիմա, ու որտեղ եմ ինձ պատկերացնում հետո։

Եթե դուք չգիտեք՝ ինչ եք ուզում հիմա, որտեղ եք ձեզ տեսնում հետո, և անգամ կարգին էլ չեք հասկանում՝ ինչներիդ են պետք հարյուրավոր հավանումները, ինչո՞ւ եք ձգտում էջերի ակտիվության։ Ուղղակի ընկերների  մոտ գլուխ գովալու համա՞ր։ Ավելի լավ տարբերակներ կան։ «Մոդայից» հետ չընկնելու համա՞ր։ Հիմա սոցցանցային ակտիվությամբ ոչ մեկին չես զարմացնի,  արժե մի անգամ համոզիչ  ու դեմոնստրատիվ փռշտալ՝ վերջ, «հայտնի ֆեյսբուքհայ» ես։ Հորինած տերմին ու իբր աշխատանք՝ պարապ մարդկանց համար։

Դուք հավանաբար կունենաք սիրելի օգտատերեր։ Եթե փորձեք ավելի մանրամասն ուսումնասիրել նրանց, կտեսնեք, որ բոլորի ակտիվությունը կապված է իրենց բուն աշխատանքի հետ։ Մեկը ռեստորանների ցանց ունի՝ «Ֆեյսբուքում»  ներկայացնում է աշխատակիցներին ու մոտիվացնում։ Մյուսը դպրոցի ուսուցիչ է՝ սիրով կիսվում է  աշակերտների պատմություններով, երրորդը հաղորդավար կամ երգիչ է՝ էլի սոցցանցեր սիրող։ Ասել կուզեմ՝ սոցցանցային ակտիվությունը միշտ ունենում է որոշակի արմատ։ Եվ այդ արմատը  «ֆեյսբուքներում լավ ստատուս գրելը» չէ։ Չի էլ կարող լինել, որովհետև սոցցանցային ակտիվությունը երբեք ու երբեք աշխատանք չի դառնա՝ եթե այն չեք օգտագործում որպես գործիք՝ ինչ-որ այլ գործի համար։

Ինչպե՞ս դառնալ հայտնի․ այս հարցը ինձ ժամանակ առ ժամանակ տալիս են, վերջերս էլի հնչեց։ Իսկ ես միշտ նույնն եմ պատասխանում՝ այդ չակերտավոր հայտնիությունը չի կարող ինքնանպատակ լինել։ Ահա մի քանի դիտարկում․

Սոցցանցային հայտնիությունը հետևանք է, այլ ոչ՝ բուն աշխատանք։ Համենայն դեպս՝ չպիտի լինի։ Որովհետև սոցցանցային հայտնիությունը հավանումներով լիքը փուչիկ է՝ եթե արմատներով չի սնվում այլ ոլորտից։ Եթե այսօր լավ եք սրամտում, ու  սուր մտքի համար հարյուրավոր «լայքեր» եք հավաքում՝ այսպիսով համարում եք, թե դուք  հայտնի «ֆեյսբուքահայ» եք, սա դարձրել եք մասնագիտություն, հայտնվում եք եթերներում ու կարծիքներ արտահայտում տարատեսակ թեմաների շուրջ՝ մի շտապեք շատ ուրախանալ, որովհետև՝ հայտնի գրքի վերնագրի պես՝ սոցցանցային սերն ապրում է երեք տարի։ Որոշ ժամանակ անց կհայտնվի ավելի սրամիտ մեկը ու  արդեն ինքը կաշխատի «հայտնի ֆեյսբուքահայ» ՝ հորինված մասնագիտությամբ։ Եվ եթե գրքի վերջում հեղինակը ապացուցում է վերնագրի հակառակ լինելը, ապա ձեր դեպքում այդպես չի լինելու։  Ձեզ կմոռանան, որովհետև  մարդիկ շատ արագ են փոխարինում մի սիրելի օգտատերին մյուսով, կարող են հեշտ ու հանգիստ խաչ քաշել ձեզ վրա ու հավերժ «բլոքել» ՝ եթե հանկարծ որևէ հարցի շուրջ փոքր-ինչ կտրուկ կամ այլ կարծիք ունենաք։

Սիրված էջ ունենալը վատ չէ, վատ է ամեն գնով հայտնիության ձգտելը։ Ի՞նչ է ձեզ տալու երկու հազար հավանումը։ Որպես երկու հազար և ավել «լայքեր» հավաքող մարդ պատասխանեմ՝ ոչինչ։ Հա, գրեցին՝ «բրա՜վո, հրաշալի էր», «ինչպիսի ճկուն միտք», հա՝ ութ հարյուր հոգի տարածեց ձեր գրառումը․․․Ե՞վ։ Եվ ոչինչ։ Հավատացեք, կյանքում ոչինչ, բացարձակ ոչինչ չի փոխվում։ Մարդկանց մեջ տպավորվում է բուն աշխատանքը։ Էլի իմ օրինակով՝ երբ փողոցում ինձ ճանաչում են, գրկում ու սկսում են զրուցել, ճնշող մեծամասամբ նշում են, որ շատ են հավանում իմ պատմվածքները, հետո՝ հոդվածները։ Եվ երրորդ կետով՝ եթե հիշեն՝ նոր ավելացնում են՝ նաև հետաքրքիր գրառումներ եք  անում։ Որովհետև ցանկացած գիտակից մարդ հասկանում է՝ սոցցանցային գրառումներն ընդամենը սոցցանցային գրառումներ են, որոնք  երեք կամ չորս օրից մոռացվելու են։ Ցանկացած մասնագիտության տեր մարդ իրավունք ունի սոցցանցեր սիրել ու ակտիվ օգտվել դրանցից՝ որքան սիրտը կուզի, նաև՝ ինչպես ուզի։ Բայց եթե դուք ուզում եք ոչ թե  սոցցանցային էջը ծառայեցնել ինչ-որ լավ գործի, այլ ուղղակի՝ օդից «հայտնի դեմք» դառնալ՝ որովհետև սովորական «ստատուսները» հինգ հազար հավանում են հավաքում․․․Դա հայտնիություն չէ, կներեք։ Էժան սկանդալներով, քաղաքական երկակի խաղերով, հայհոյանքաշատ ու ցինիկ գրառումներով որոշ ժամանակ  քննարկվող կլինեք, հետո կխամրեք այնպես, ասես երբեք էլ չեք եղել։ Բայց միևնույն ժամանակ՝

Սոցցանցային ակտիվությունը իրոք կարող է օգնել։ Շատերը ակտիվ զբաղվում են սոցցանցերով՝ հատուկ գովազդի համար։  Սա սոցցանցային՝ բացարձակ այլ ակտիվություն է, այն մեծամասամբ կիրառում են «Ինստագրամում», որտեղ հավաքում են շատ «ֆոլոուերներ», հետո սկսում համագործակցել կազմակերպությունների հետ ու գովազդ ներկայացնել իրենց հետևորդներին։ Սոցցանցային ակտիվությունը կարող է օգնել էլի՝ կրկնածս բուն աշխատանքը «քարոզելու» ու տարածելու համար։ Օրինակ, շատ կանայք զբաղվում են խմորեղեններ պատրաստելով, կոսմետիկա վաճառելով, տղամարդիկ՝ ոսկերչությամբ, այլ արհեստներով։ Սեփական էջերում տեղադրում են իրենց աշխատանքները, մարդիկ էլ կապվում են, պատվիրում։ Սա հրաշալի է, հնարավորություն է տալիս վաճառող-գնորդ կապ ստեղծել։ Նաև կարելի է տարատեսակ հարցերի հանրային հնչողություն տալ, գտնել կորցրած իրը, և անգամ՝ հեղափոխություն անել։ Կատակը՝ կատակ, բայց իրոք, «Թավշյա հեղափոխության» ժամանակ ֆեյսբուքը հրաշալի կատարեց իր գործառույթը։

 Չի կարելի կուրորեն հավատալ սոցցանցային սիրուն։ Այն խաբուսիկ է, փոփոխական։ Իհարկե, հաճելի է ջերմ կարծիքներ ու սիրո խոստավանություններ լսել, բայց դրանց պետք է հնարավորինս  հանգիստ, հարգալից անտարբերությամբ վերաբերվել, սա նշանակում է՝ չտրվել «սադրանքներին» ու չնույնականանալ լավ խոսքերի հետ։ Կարճ ասած՝ երբ ձեզ ասում են, որ դուք հրաշք եք ու հանճար՝ շնորհակալություն հայտնեք ջերմ խոսքերի համար, և արագ ու անվերադարձ մոռացեք դրանք, այլապես կգա մի օր, երբ կսկսեք հավատալ սեփական պսևդոհանճարեղությանն ու կքանդեք ոչ միայն ձեր սոցցանցային, այլև՝ իրական կյանքը։

Սոցցանցը գործիք է։  Հիշեք սա ամեն անգամ՝ այն օգտագործելիս։ Ուղղակի, ընդամենը գործիք՝ հանրային աշխատանքը ավելի հանրայնացնելու, կամ ուղղակի՝ ժամանակ անցկացնելու, ընկերների հետ շփման համար։ Փորձեք այն օգտագործել բարեխղճորեն ու թիրախավորված։ Ու մի մտածեք՝ հատուկ հայտնի դառնալու մասին, արեք ձեր գործը, ու արեք այն լավ, անհոգ եղեք, մարդիկ հաստատ կնկատեն ձեր աշխատանքն ու կգնահատեն։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register