ԻՆՉՊԵՍ ԳՈՎԱԶԴՈՎ ԱՐԺԵԶՐԿԵՑԻՆ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

4

Գովազդի բովանդակությունը այն հղացողների կողմից շատ հաճախ «ապավինում» է հանրային կարծրատիպերին, հարմարեցվում նրա քիմքին ու ճաշակին, նկատի առնում նրա սուր կարիքներն  ու անմար հիշողությունները: Որպես առաջինի վառ օրինակ կարելի է վկայաբերել կնոջ կերպարը գովազդում, ինչպես օրինակ` «Տուն տանելու կաթսա» հայտնի գովազդը (ցանկության դեպքում կարելի է մտաբերել բազմաթիվ այլ օրինակներ ևս): Երկրորդ դեպքում ամեն քայլափոխի «գրկաբաց»  իրենց «օջախ» հրավիրող վարկային «բազմաժանր» գովազդներն են` արագ վարկ, առաջինն առանց տոկոսադրույք, առցանց վարկ, ավտովարկ: Տպավորությունն այնպիսին է, ասես ամեն երկրորդն այս «ճահճում» է. երբ մարդիկ գումարի կարիք ունեն, վարկ տվողները ամեն տեղ սնկի պես աճում են. փող ստանալը  նկատելիորեն հեշտանում է, վերադարձնելը` դժվարանում:

Երրորդ դեպքի համար բերենք շատ կոնկրետ օրինակ, որն էլ այս հոդվածը գրելու շարժառիթ է հանդիսացել: Փետրվարի 20-ին «Ազատության» հրապարակում տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական հավաք: Ցուցադրված էին Ռուբեն Մանգասարյանի, Զավեն Խաչիկյանի և այլ ֆոտոլրագրողների աշխատանքներ՝ 88-ի շարժման հանրահավաքներից: Լուսանկարներում պատկերված էին հարյուր հազարավոր մարդիկ` ձեռքերը բռունցք արած, քաղաքական պաստառներով, աչքերի փայլով և վեհ գաղափարի իրականացման հույսով:

Հայոց պատմության ամենակարևոր շարժումներից, վերջին տասնամյակներում տեղի ունեցած բողոքի ցույցերից, ակցիաներից վերցնելով ատրիբուտներ, հայտնի արտահայտություններ, պաստառների օրինակներ, տարեսզբին նկահարանում են բջջային օպերատորներից մեկի գովազդային հոլովակը: «Հեղափոխական առաջարկ», «Միացում, միացում», «Ազատ, անկախ, միացում» վանկարկումներով և «Ինչ է մեզ հարկավոր… ինտերնետ» «պահանջով» է  հագեցրած հոլովակը: Ազատության, անկախության կամ արդարության համար մղվող հանրահավաքային պայքարին բնորոշ մանրամասները  բերելով սպառողական դաշտ, դարձնում են այն անցած մի էտապ: Հայաստանում առ այսօր չկա 88-ի Շարժմանը նվիրված թանգարան, սակայն կա այսպիսի գովազդ, որն ասես արժեզրկում է Շարժումը` այն դարձնելով գովազդային, սպառողական մի բան, շուկայական ապրանք: Կան արժեքներ, հանրային հիշողություներ, որոնք չի կարելի երբևէ վաճառքի հանել: Սակայն այն տպավորությունն է,ասես այս կերպ արժեզրկվում է հանրային պայքարի գաղափարը և ներարկվում սպառողական միտք` «ի՞նչ ենք ուզում… ինտ-եր-նետ, րո-պե-ներ»:

Ընդհանրապես, գովազդը մարդկանց առաջնային բնազդները բավարարելու անհագ  ցանկությունն է թիրախավորում:Նշածս գովազդում կան բողոքի ցույցի, ակտիվիստական շարժման բազմաթիվ նմանություններ, այսինքն` շուկան յուրացնում է ընդդիմադիր շարժումներին հատուկ դիսկուրսը: Մինչդեռ պաստառների կիրառությունը նույնիսկ աբսուրդի է հասնում. «Սիրում եմ կանաչ, գնում եմ առաջ» գրությամբ պաստառը պատրաստվում և ցուցադրվում է Երևանի ամենաբետոնային վայրերից մեկում` Հյուսիսային պողոտայում: Հանրությունն էլ` «վայելում ենք, ազատ, անկախ շփումը» վանկարկումներով երթով շարժվում է նույն պողոտայով: Վերջին տարիներին քաղաքացիական հասարակությունն իր պայքարի, հետևողականության շնորհիվ տարաբնույթ հաջողությունների, փոփոխությունների է հասել: Առհավատչյան՝ Մաշտոցի պուրակի պահպանման երկարատև ակցիաները(2012 թվական, փետրվար-մայիս), տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները(2013թ. հուլիս 20-25), «Էլեկտրիկ Երևանն»(2015թ. հունիս) են: Անձնական հիշողություններից մեկն էլ ներկայացնեմ. 2013 թվականի հուլիսի 25-ին Մաշտոցի պողոտայում խցանված մեքենաների մեծ շարասյունը՝ համակարգված ազդանշաններով (ինչպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթական խաղերի օրերին է լինում) աներևակայելի մեծ աղմուկ բարձրացրեց՝ ողջունելով մայթով քայլող, պաստառներ պարզած երիտասարդներին: Այն եզակի օրերից էր, երբ զգում էիր` քաղաքն իսկապես ողջ է: Օդում կար նյարդ, էլեկտրական լիցք: Այս և այլ դրական հիշողություներն էլ փորձում  են յուրացնել, օգտագործել շուկան` հիմնականում թիրախավորելով երիտասարդների անգետ հատվածին:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register