ԻՆՉՊԵՍ ԳՐԵԹԵ ԱՆՎՃԱՐ ՃԱՄՓՈՐԴԵԼ ԻՐԱՆՈւՄ

3

Տուրիստական հանգիստ` ապահով ինքնաթիռ, փափուկ և հարմարավետ տաքսիներ, հյուրանոց, պատրաստի նախաճաշ, ճաշ, ընթրիք, գիդ-էքսկուրսավար, տուրիստներին տեղափոխող ավտոբուս, թանգարաններ և այլն: Հիմա պատկերացրեք այս թանկարժեք հանգստի հակադիր բևեռը՝ ավտոստոպով, ուսապարկում տեղավորված քնապարկով  երկրից երկիր ճանապարհորդությունը: Օտար ափերում հազարավոր կիլոմետրեր կտրել ավտոստոպով և գիշերել անծանոթ մարդկանց տանը, խոստովանենք՝ ամեն մարդու «խելքի» բանը չէ: Վերջերս, սակայն, Վարսենիկ Ավագյանը և Խոսե Կոսո Սամարենյոն անցել են նման փորձությունների միջով: Նրանք մեկնել են Իրան և այնտեղ մնացել գրեթե մեկ ամիս: Վարսենիկը թարգմանիչ է, Խոսեն` լուսանկարիչ:

Iran

«Ճամփորդը» հանդիպել է Վարսենիկի հետ և խնդրել պատմել այս ուշագրավ ճամփորդության մանրամասներից: Երիտասարդները ճամփա են դուրս եկել մայիսի 16-ին: Նախապատրաստական շրջանը մեկ ամիս է տևել: Իսպանացի Խոսեից հենց այդքան է պահանջվել վիզա ստանալու համար, մինչդեռ ՀՀ քաղաքացի Վարսենիկը միայն անձնագրում ելքի արտոնագրով հեշտությամբ հատել է սահմանը:

«Իրանում շատերը չգիտեն ավտոստոպի մասին, ու 1-2 դեպք եղավ, երբ ճանապարհի ավարտին մեզանից գումար պահանջեցին: Հետո, ավելի ուշ մենք սովորեցինք «սալավատի» կախարդական «նշանաբառը» որը պարսկերենում ունի մոտավորապես այս իմաստը` դուք մեզ լավություն արեք, հետո մեկ ուրիշը կամ Աստված լավություն կանի ձեզ: Մեզ այդ գաղտնիքը փոխանցեց ավտոստոպով ճանապարհորդող մի արտերկրացի: Իսկ ընդհանրապես, ավտոստոսպի դեպքում հարկ է հենց սկզբից ճշտել` վարորդը պատրա՞ստ է անվճար տեղափոխել ձեզ, թե՞ տեղափոխման դիմաց գումար է ակնկալում», – պարզաբանում է Վարսենիկը:

Չսիրված Թեհրան և գեղեցկագույն Իսպահան

Վարսենիկը և Խոսեն շոգից փոքր-ինչ տանջվել են: Նրա վստահեցմամբ՝ Իրան գնալու լավագույն ամիսը հոկտեմբերն է, երբ եղանակն արդեն զով է: Մայիսին ահավոր շոգ է եղել, հունիսին` անտանելի: Իրանում նրանք այդպես էլ անձրև չեն տեսել: Ճանապարհորդական հետագիծն ունեցել է այսպիսի տեսք` Երևան – Գորիս – Կապան – Մեղրի – Թավրիզ – Ռեշտ – Կասպից ծովի ափ – Ղազվին – Թեհրան – Ղոմ(Կում) – Քաշան – Իսպահան – Սաֆաշեր – Շիրազ – Պերսեպոլիս – Թեհրան – Հայաստան:

2

«Եղել ենք Իրանի 10 քաղաքում: Ամենաշատը մայրաքաղաքը չհավանեցի: Օդի աղտոտվածությունն ու ճանապարհները սարսափելի էին: Մեզ  ասացին, որ Թեհրանում մշտական 7 միլիոն մարդ է ապրում, իսկ աշխատանքային օրերին բնակչությունը դառնում է 12 միլիոն: Քաղաքներից ամենաշատը հավանել եմ անչափ գեղեցիկ կամուրջներ ունեցող Իսպահանը, հենց որտեղ էլ գտնվում է Նոր Ջուղա հայկական թաղամասը: Իսպահանում 50-ականներին մեծ կանաչապատում է կազմակերպվել, բոլոր փողոցներում տնկել են խոշոր ծառեր: Քաղաքը գետով բաժանված է երկու մասի: Հին մասում է գտնվում Նոր Ջուղա հարուստ և շատ գեղեցիկ թաղամասը: Իրանում Նոր Ջուղայի հետ կապված այլ վարկած էլ լսեցինք: Ըստ այդմ` հայերին տեղահանել են ճանապարհորդական, առևտրական մեծ խաչմերուկում` Իսպահանում գինի վաճառելու և զվարճանք ապահովելու համար, հայերն,ըստ էության, դարձել են ալկոհոլ չօգտագործող մուսուլմանների հակակշիռը»:

Բաց սահմաններ

 «Առաջին անգամ էի Իրանում: Վաղուց էի ձգտում մոտիկից ճանաչել հարևան երկիրը, սակայն միայն վերջերս չեղարկեցին վիզային ռեժիմը Հայաստանի և Իրանի միջև: Վիզա ստանալն ու հատուկ հագուստ կրելու պահանջն ինձ բարդ էին թվում: Իրանում, թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք կարճ շորտեր չեն կարող հագնել: Կանայք պետք է գլխաշորով լինեն, հագուստը պետք է ծածկի թևերը (չնայած վերջին մասով տուրիստներին չէին անհանգստացնում): Թեև դրսում պարտադիր էր գլխաշոր կրելը, սակայն արդեն տներում` դա կիրառվում էր ըստ պայմանավորվածության: Շատ շատերը մուսուլման չէին և տանն ավելի ազատ էին իրենց զգում»:

Տնետուն. «CouchSurfing»

Վարսիկը և Խոսեն իրենց ճամփորդությունը խնայողության տեսանկյունից հրաշալի են կազմակերպել: Ավտոստոպի շնորհիվ ազատվել են ճանապարհածախսից, իսկ հյուրատներից, հոսթելներից ազատվել են «CouchSurfing»-ի շնորհիվ (համաշխարհային կազմակերպություն, որը միավորում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող ավելի քան 7 միլիոն մարդու, որոնք ճանապարհորդությունների ընթացքում անվճար հյուրընկալում են միմյանց): Վարսիկի վստահեցմամբ՝ 3 շաբաթվա ընթացքում ծախսվել է ընդամենը 150 եվրո գումար:

«Ապահովության համար մեզ հետ վրան էինք վերցրել, որն ընդամենը մեկ անգամ օգտագործեցինք` Կասպից ծովի ափին: Այնտեղ նույնպես պետք է մնայինք «CouchSurfing»-ում գրանցվածներից մեկի տանը, սակայն պայմաններն անբավարար էին և մենք որոշեցինք օգտվել վրանից: Սա բացառաություն էր, որովհետև մնացած տներում գրեթե որևէ խնդիր չի եղել:

«CouchSurfing»-ով ճանապարհորդել պատրաստվողներին նաև խորհուրդ կտամ իրենց հետ քնապարկ վերցնել: Շատ հարմար է, երբ քո անձնական «մահճակալը» քեզ հետ է (ժպտում է,-խմբ.): «CouchSurfing»-ի տներից միայն Թավրիզի տան հետ էինք դեռ Հայաստանից պայմանավորվել: Մնացած հյուրընկալողներին Իրանում ենք  գտել: Ի դեպ, Իրանում թե՛ «Ֆեյսբուքը», թե՛ «CouchSurfing»-ի կայքը անհասնելի են, բայց մենք գիտեինք դրա մասին և հեշտությամբ օգտագործեցինք նման դեպքերի համար նախատեսված ծրագրերից մեկը, երբ համակարգին խաբում ես` իբր դու ոչ թե Իրանից, այլ օրինակ` Ֆրանսիայից ես մտել այդ կայք»,- «անտես» հնարքներին է ծանոթացնում Վարսենիկը:

Մարդիկ և տեսարժան վայրեր

Իրանում տները շատ մաքուր էին: Տուն մտնելուց առաջ բոլորը հանում էին կոշիկները: Հաճախ հաց էինք ուտում գետնին նստած` գորգի վրա  ծածկոց փռելով: Մարդիկ ազատված էին սեղաններից և աթոռներից: Ընդունված էր նաև գետնին քնելու տարբերակը:  Իրանում մեզ համար առաջնայինը ոչ թե տեսարժան վայրերով պտտվելը,այլ մարդկանց հետ շփումն էր,: Այդ առումով հրաշալի փորձառություն ունեցանք` փոքրիկ քաղաք Սաֆաշարում: Մեզ հյուրընկալող աղջիկը մեզ ուղեկցեց  սարվորների մոտ: Նրանց յուրդում մեզ անմահական լեռնային թեյեր հյուրասիրեցին: Իրանում բացահայտեցինք նաև «թարով» կոչված տարօրինակ սովորույթը: Ըստ այդ սովորույթի՝  հյուրընկալի սեղանի շուրջ պետք է մի քանի անգամ հրաժարվել առաջարկած ուտեստներից, հետո միայն համաձայնվել: Մի քանի տներում մեզ միանգամից զգուշացնում էին` «no tarov», այսինքն` ձևականությունների հետևից չենք ընկնում (ժպտում է, –խմբ.):

Ռամադան և փոխադարձ վերաբերմունք

Իրանում մեր գտնվելու առաջին օրերին սկսվեց Ռամադանը: Մուսուլմաններն այդ ընթացքում լուսաբացից մինչև մայրամուտ հաց չէին ուտում: Բազմաթիվ սրճարաններ, արագ սննդի կետեր փակվեցին: Սուպերմարկետներն ու մրգի կետերն այդ ընթացքում բնականաբար բաց էին: Այստեղ մի նրբություն կար: Դրսում հաց ուտելիս ընտրում էինք ոչ  մարդաշատ տեղեր: Ընդունված չէ Ռամադանի ժամանակ մուսուլմանի դիմաց հաց ուտել: Ընդհանրապես տուրիստներին Իրանում շատ լավ են վերաբերվում: Մարդիկ շատ հյուրընկալ են: Օրինակ` Ղոմ քաղաքում, որն Իրանի հոգևոր մայրաքաղաքն է, մեզ որպես արտերկրացիներ առաջարկեցին անվճար օգտվել «VIP» ծառայությունից`ուղեկցելով իմամներից մեկի քրոջ` սուրբ Ֆաթիմայի շիրիմին, որը մզկիթներից մեկի բակում էր: Նշեցին, որ շատ են ցանկանում լավ տպավորություն գործել դրսեկ մարդկանց վրա:

Սալամ, սալավատի

Իրանում մեզ հանդիպած ամենամեծ խնդիրն օտար լեզուն էր և տեղացիների հետ խոսակցական շփման դժվարությունները: 30 և բարձր տարիք ունեցողների գերակշիռ մասն անգլերեն չգիտեր, իսկ ավելի երիտասարդների համար անգլերենն արդեն որպես երկրորդ լեզու էր: Չէի ասի դժվարություն, բայց չխաբվելու հմտություններ էին պետք Իրանում, չնայած ամեն տեղ էլ պետք են(ժպտում է,-խմբ): Օրինակ` մի անգամ Ռաշտ գնալուց որոշեցինք ավտոբուսով մեկնել: Ավտոկայանում փորձում էինք տոմս առնել, որևէ վահանակ չկար: Դիմեցինք այնտեղ կանգնած տղամարդկանցից մեկին, որը թղթի վրա մի խոշոր թիվ գրեց: Մենք միանգամից հրաժարվեցինք, որին հետևեցին էական էժանացումները: Ընդհանրապես ինչպես բոլոր արևելյան երկիրներում, Իրանում նույնպես շատ ընդունված էր գին գցելու քաղաքականությունը»:

Գրի առավ՝  Գարեգին  Ալեքսանյանը

Լուսանկարները՝ Վարսենիկ Ավագյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register