ԻՆՉՈՎ  Է ՁԵՌՆՏՈւ  ԱՄԱՆՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

amanor

Ամանորը նշել տա՞նը՝ գերծանրաբեռնված սեղանի շուրջ, մեկնել մերձքաղաքային հանգստյան գոտի՞, թե՞ այլ երկիր՝ խուսափելով ավելորդ ծախսերից… Ընտրության հարց է: Համենայնդեպս, ակնհայտ է, որ վերջին տարիներին հատկապես երիտասարդ հայ ընտանիքները խուսափում են Նոր տարին՝ հայկական ավանդական տարբերակով նշելուց՝ նախընտրելով թեկուզ կարճաժամկետ հանգիստը հարևան Վրաստանում, Ռուսաստանում կամ  էլ մերձարևադարձային այլ երկրներում:

Իսկ ովքե՞ր տոնական օրերին մնում Երևանում: Մայրաքաղաքի փողոցներում այդ օրերին հաճախ կարելի է հանդիպել տուրիստների, ովքեր Հայաստան են այցելում սուրբծննդյան տոները հենց այստեղ անցկացնելու նպատակով: «Visit Armenia» տուրիստական ընկերության հիմնադիր Վլադիմիր Գևորգյանի դիտարկմամբ՝ Ամանորը Հայաստանում անցկացնել  ցանկացողների թվում շատ են ռուսները: Նրանք նախընտրում են  Հայաստան գալ ընտանիքներով կամ զույգերով:

«Այդ օրերին թեպետ քաղաքից դուրս գտնվող հանգստյան տներում գները թանկ են, սակայն մայրաքաղաքի հյուրանոցներում պայմանները բավական մատչելի են»,- նշում է նա: Տուրիստական գործակալություններն առաջարկում են 7 պատճառ, որոնց համար արժե Ամանորը անցկացնել Հայաստանում:

1. Անհրաժեշտ է համտեսել համադամ ուտեստներ, հայկական գինի ու կոնյակ:Հայկական խոհանոցի լավագույն ճաշատեսակները ոչ մի երկրում այնքան համեղ չեն պատրաստվում, որքան Հայաստանում՝ հայ վարպետների կողմից: Դե, իսկ հայկական կոնյակի ու գինու մասին խոսելն ավելորդ է:

2. Ամանորը քրիստոնեությունն ընդունած առաջին երկրում դիմավորելը խիստ խորհրդանշական է: Ամանորյա փաթեթների շրջանակներում տուրօպերատորները մեր երկիր այցելած տուրիստների համար կազմակերպում են այցելություն Մայր Աթոռ Սբ Էջմիածին, նրանց դարձնում Սբ պատարագի արարողության  մասնակիցը:

3. Հարկավոր է դառնալ ամանորյա հետաքրքիր ավանդույթների ակտիվ մասնակիցը: Անհրաժեշտ է ողջ ընտանիքով հավաքվել տոնական սեղանի շուրջ, բաժակ բարձրացնել գալիք տարվա հաջողությունների համար, շրջել մտերիմների ու բարեկամների բնակարաններով… Հայկական շատ ավանդույթներ շարունակում են առ այսօր էլ արդիական մնալ:

4. Քաղաքային պասիվ հանգիստը կարելի է համատեղել լեռնադահուկային ակտիվ հանգստի հետ: Էքստրիմի սիրիահարներին Հայաստանն առաջարկում է տոնական տրամադրությունն ավելի ամբողջացնել լեռնադահուկային մարզաձևերով՝ դահուկներով սահել սարն ի վար, քշել սնոուբորդ… Ինչպես ասում են, ցանկացողները ադրենալինի պակաս  չեն զգա:

5. Հայաստան այցելելու պատճառ կարող են լինել նաև պատմամշակութային հուշարձանները, դարերի պատմություն ունեցող եկեղեցիներն ու վանքերը: Կեչառիս, Սևանավանք, Գառնի, Գեղարդ՝ այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել:

6. Կարելի է վայելել հայկական հյուրասիրությունն ու ջերմ մթնոլորտը, զգալ սպասարկման բարձր մակարդակը:

7. Եվ որ ամենակարևորն է՝ օրվա ցանկացած ժամի քայլել, զբոսնել, զվարճանալ անվտանգ երկրում: Օրեցօր աճող ծայրահեղական գործողությունների ֆոնին այս կետն առավել քան կարևորվում է:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register