ԻՆՉՈՎ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հեռուստացույցը կարող է վտանգ ներկայացնել տարեցների առողջության համար: Բրիտանացի գիտնականների հետազոտության համաձայն՝ օրական 3 ժամից ավելի հեռուստահաղորդումների դիտումը բացասաբար է անդրադառնում նրանց հիշողության եւ կոգնիտիվ ընդունակությունների վրա: Ընդ որում՝ մասնագետներն ուշադրություն են դարձնում այն փաստին, որ բացասական էֆեկտն առավել արտահայտված է ինտելեկտի բավականին բարձր մակարդակով անձանց դեպքում:
Վեցամյա հետազոտության շրջանակում կատարվել են մոտ 3,6 հազար տարեց բրիտանացիների առողջական վիճակի դիտարկումներ: Կամավորները բաժանվել են 4 խմբի՝ կախված այն բանից, թե օրական քանի ժամ են հեռուստացույց դիտում (2,5 ժամից պակաս, 2,5-3,5 ժամ, 4,5-7 ժամ, 7 ժամից ավելի): Բոլոր փորձարկվողները փորձի սկզբում սթափ դատողություն են ունեցել եւ քրոնիկական հիվանդություններով չեն տառապել:
Պարզվել է, որ օրական 3,5 ժամ հեռուստահաղորդումների դիտումը նկատելիորեն վատթարացրել է տարեցների հիշողությունը եւ ըմբռնողությունը: Նրանց կոգնիտիվ ընդունակությունը վատթարացել են միջինը 32 տոկոսով՝ նրանց համեմատությամբ, ովքեր հեռուստացույց են դիտել օրական 2,5 ժամից պակաս: Առավել վատթար ցուցանիշներ են գրանցվել նրանց մոտ, ովքեր «երկնագույն էկրանի» առջեւ ավելի շատ են ժամանակ անցկացրել:
Այս երեւույթը բացատրություն չունի, սակայն գիտնականներն առաջ են քաշել 2 վարկած՝ հեռուստահաղորդումներ դիտելիս սթրես եւ դիտողի պասիվ դեր, որից չի պահանջվում մտքեր արտահայտել եւ հիշողությունը լարել: