Ի՞ՆՉ ԵՆ ՆԱԽԱՆՇՈՒՄ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

tim

Իշխանական և ընդդիմադիր ամբիոններից շատ է խոսվում մեր երկրում ժողովրդավարության հաստատման, այդ ուղղությամբ իրականացվող քայլերի, ձեռքբերումների եւ խոչընդոտների մասին: Հատկապես իշխանական թևի ներկայացուցիչները տեսանելի առաջընթաց են նկատում այդ ճանապարհին: Ժողովրդավարության կարևորագույն չափանիշներից մեկն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններն են: Իսկ որքանո՞վ են դրանք ազատ ու թափանցիկ Հայաստանում, որքանո՞վ է ՀՀ քաղաքացին հավատում իր ձայնի ուժին և կարևորում այն՝ կատարելով ազատ, անկախ ընտրություն:

Սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին Հայաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների մասին ենք զրուցել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտի կայացման համար նախևառաջ անհրաժեշտ է ազատ, թափանցիկ ընտրական գործընթաց:

«Մեր երկրում, ցավոք, անգամ ՏԻՄ մակարդակում ընտրությունները կեղծվում են, որի պատճառով ժողովրդավարության հաստատման գործընթացը կասեցվում կամ հետաձգվում է: Վերջին ՏԻՄ ընտրություններն անցել են բազմաթիվ ընտրախախտումներով՝ կաշառքից սկսած, մինչեւ ուրիշի փոխարեն քվեարկություն, որի հետևանքով ընտրություններն ազատ և անկախ կոչել չի կարելի»,- նկատում է քաղաքագետը: Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ ժողովրդավարության հաստատման համար նախևառաջ քաղաքական նպատակ և կամք է անհրաժեշտ: Այս առումով ամենակարևոր լծակն ու ռեսուրսը իշխանությունների ձեռքին է: Քաղաքագետը մեր իշխանությունների մոտ թեպետ այս կամքը դեռ չի տեսնում, սակայն վստահ է՝ կա խնդրի լուծման երկրորդ տարբերակ ևս:

«Կա նաև երկրորդ տարբերակը, երբ քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմադիր ուժերի միջոցով իշխանությանը հնարավոր է պարտադրել ազատ, արդար ընտրություններ: Այս պահին հնարավոր տարբերակներից մեկը դիտորդական առաքելությունն է: Մեր փորձը ցույց է տալիս, որ ընտրատեղամասում դիտորդի ներկայությունը մեծ ազդեցություն է ունենում ընտրական արդյունքների վրա և ընտրախախտումները նվազագույնի են հասցվում»,- նշում է Արմեն Գրիգորյանը:

Թե Հայաստանում որ տարբերակն է առավել իրատեսական, քաղաքագետը դժվարանում է ասել: Հստակ է մի բան՝ միայն քաղաքացիների ակտիվ մասնակցության, ընտրակաշառքի մերժման և ընտրությունների հանդեպ վստահության բարձրացման միջոցով է հնարավոր հասնել ազատ, արդար ընտրությունների:

Տաթևիկ Սարգսյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register